Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Անդրեա Վիկտորինը սիրում Սյունիքը (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 21,2023 13:14

«Վերջին երկու տարում չնայած Սյունիքի համար դժվար ժամանակաշրջան է, բայց ինձ հաջողվեց համաձայնության գալ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, ու արդեն երկրորդ անգամ է, ինչ Եվրոպայի օրը նշում ենք Սյունիքում»,-ասաց  Եվրոպայի օրվա տոնակատարության առիթով օրերս Կապանում գտնվող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Վերջինիս հետ Սյունիքում էին նաեւ Հայաստանում հավատարմագրված շուրջ 14 պետությունների դեսպանների, դիվանագիտական այլ ներկայացուցիչների, միջազգային կառույցների ու ծրագրային թիմերի աշխատակիցներ։

Սյունիքի մարզպետի հետ բազմաթիվ քննարկումներ են ունեցել ու հիմա Անդրեա Վիկտորինը շնորհակալ է Ռոբերտ Ղուկասյանին, որը պրակտիկ լուծումներ գտավ՝ դոնոր կազմակերպություններին եւ Եվրոպական միության պետություններին համատեղելու մարզի կարիքների շուրջ։ «Ես սիրում եմ Սյունիքը եւ այսօր այստեղ եմ բազմաթիվ երկրների դեսպանների հետ, ու սա լավ հնարավորություն է ցույց տալու, որ բոլորս միասին ենք Սյունիքին աջակցելու հարցում, պատրաստ՝ դրա համար համատեղելու մեր ջանքերը։ Իհարկե, տեղյակ ենք, որ անվտանգային բազում հարցեր կան, ու մեր ծրագրի մասնակիցների քանակն ավելացրել ենք ցույց տալու, որ իրապես ուզում ենք օգնել այս տարածաշրջանին։ Սա լավ հնարավորություն է առաջիկա տարիներին զարգացնելու մարզը ու նրա բնակիչներին տալու վստահություն եւ հույս, որ կարող են ապրել Սյունիքում, որ այստեղ կա տնտեսական, կրթական առողջապահական ու այլ բնագավառների առաջընթաց։ Այս գաղափարներն ու արժեքներն են միավորում բոլորիս»,-ասաց տիկին Վիկտորինը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին մեկնարկած   «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» նպատակն է Սյունիքի զարգացման համար տրամադրել  51 մլն եվրո, իսկ արդեն Կապանում հայտարարվեց, որ 5 տարվա ընթացքում Սյունիքին կտրամադրվի 116 մլն եվրո։

Անդրեա Վիկտորինն անդրադարձավ նաեւ Եվրոպական միության կողմից Սյունիքում դիտորդական առաքելություն իրականացնող խմբերին՝ նշելով, որ իրենք արագ արձագանքեցին Հայաստանի կառավարության դիմումին։ «Մենք կարողացանք արագ ձեւաչափով արձագանքել  ու նախ՝ կարճաժամկետ առաքելությամբ դիտորդներ ուղարկել, իսկ այս տարվա փետրվարից արդեն երկարաժամկետ գործունեությամբ դիտորդական խումբ է աշխատում Սյունիքում։ Նրանք ամենօրյա պարեկություն են իրականացնում՝  օգնելով Հայաստանի կառավարությանը»,-ասաց նա։

Ի դեպ, Եվրոպայի օրվա միջոցառումներին հրավիրվել էին նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող պարեկները։

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակից դուրս չնայած լրագրողներին չթույլատրվեց այլ հարցեր ուղղել բարձրաստիճան հյուրերին, այնուամենայնիվ  լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ էին հրավիրվել տոնական ընդունելությանը։

Իսկ վերջում՝ իհարկե, մի-մի գավաթ գինի՝ կրկին հանուն Սյունիքի խաղաղության ու առաջընթացի։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031