Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե ասում ենք՝ ամենաբարձր սարը Արարատն է, ոչ թե Արագածը, սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ»․ Փաշինյան

Մայիս 22,2023 15:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է շրջանառության մեջ դրել Արարատ-Արագած խոսույթը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայից որոշակի ուղերձներ է ստանում՝ Արարատի հետ կապված, հաշվի առնելով Արարատի նկատմամբ Թուրքիայի հիվանդագին վերաբերմունքը, Փաշինյանը պատասխանեց․ «Այն ուղերձները, որոնք ստանում ենք Թուրքիայից, դրանք հրապարակային են։ Բայց եկեք Թուրքիայից ստացվող ուղերձները դնենք մի կողմ, մենք պետք է խոսենք նախ եւ առաջ մեր մասին։ Խոսելով Արարատի եւ Արագածի մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող տարածքի եւ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ, եթե խոսքը լեռան մասին է, որովհետեւ քաղաքը Հայաստանի Հանրապետությունում է։

Թուրքիայի պարագայում մենք ունենք հստակ գծագրված սահման, վատ է դա, թե՞ լավ։ Իհարկե, լավ է։ Երբ ես աշակերտների հետ հանդիպում եմ, ասում եմ՝ երեխեք, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը որն է։ Երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատն ասում է՝ Արարատը։

Եկեք սրան նայենք հակառակ կողմից, Թուրքիայում նայում են, ասում են՝ Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է։ Հայաստանում երեխեքը որտեղից են իմանում այդ ինֆորմացիան, իմանում են դպրոցներում դասի գնալուց։ Այսինքն՝ կառավարության կողմից իրականացված կրթական քաղաքականության արդյունքում։ Ասում են՝ լավ, եթե էս երեխեքը հիմա ասում են, որ Հայաստանի ամենաբարձր սարը Արարատն է, ոչ թե Արագածը, սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ։ Եթե ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ինչո՞ւ մենք որեւէ ձեւով նպաստենք, նպաստենք, որ ՀՀ-ն զարգանա։ Ընդհակառակը, եթե իրենք մեզնից տարածքային պահանջներ ունեն, ամեն ինչ պետք է անենք, որ իրենց ոչնչացնենք։ Եվ հիմա հարց՝ Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է, Արագածը»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա է այն քաղաքականությունը, որը Հայաստանի Հանրապետությանը զարգանալու հնարավորություն կտա։ Մյուս քաղաքականությունները Հայաստանին իր պատմական՝ բոլորիս հայտնի ցիկլի մեջ են դնում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031