Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասել նորից, թե իշխանությունն ինչ է անելու ու ոչինչ չանել, ավելի վատ կլինի»․ զրույց Գյումրում՝ հայրենիքը փրկելու ծրագրի մասին

Հունիս 04,2023 23:12

Տեղեկացրել ենք, որ այսօր Գյումրիում էին «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակները։ Նրանք  հանդիպեցին գյումրեցի մտավորականներին ու ներկայացրեցին իրավական այն քայլերը, որոնցով հնարավոր է բռնել երկիրը թշնամուն հանձնողի ձեռքը։

Նրանք ներկայացրեցին հանրաքվեի հասնելու ճանապարհը, որով հնարավոր կլինի ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել․ ծանր քրեական պատիժ նախատեսել  Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ  պետության կազմում ճանաչողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողներին։

Ներկաներին ամենաշատ հուզող հարցը վերաբերում էր այս նախաձեռնության ժամանակատար լինելուն։ Հարց տվողներին հուզում էր՝ ինչպես հասցնեն կանխելու երկիրը փուլ-փուլ հանձնող իշխանության  գործողությունները, երբ իրավական ճանապարհը երկարատև է։

«Այս հանրաքվեն կարող է լինել մյուս տարի, իսկ  մինչ հանրաքվեին հասնենք, ղեկավարությունը կարող է հողերը հանձնի, վերջացնի»-հարցրեց մասնակիցներից մեկը։

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ասաց՝ ճիշտ հարց եք տալիս։

«Լավ կլիներ գործող իշխանությունը ինքը նախաձեռներ հանրաքվեն, ոչ թե մենք, ինքը շատ ավելի արագ կարող էր նախաձեռներ, կարող էր երկու ամիս հետո հանրաքվե  նախաձեռներ։ Ցավն այն է, որ ինքը չի անում, մեզ կանգնեցնում է  երկընտրանքի առաջ՝  կամ օրենսդրական ճանապարհով կամ  փողոց դուրս գալով՝ իրենց քշել, որովհետև այլ տարբերակ գոյություն չունի։

Մենք նայում ենք իրավական կարգավորումների  դաշտում, ցավոք, չկա  ուրիշ ոչ մի կարգավորում ։ Այսօրվա գործող  ընդդիմությունն Ազգային ժողովում անզոր է, ոչ մի բան չի կարող փոխել, ոչ թե նրա համար, որ մարդիկ են այդպես, այլ որովհետև օրենսդրությունն է այդպես, ընդդիմությանը ոչ մի իրավունք  չի տվել։

Այս պայմաններում հարցի պատասխանը հետևյալն է՝ բա որ էս չանենք, ի՞նչ կլինի, թե սա չանենք այդ դեպքում էս մի տարին էլ կկորցնենք։

Դրա համար  ասում ենք հետևյալը՝ հիմա պետք է սկսել, զուգահեռ իշխանության վրա ճնշումն ավելացնել, որպեսզի իրենք չհասցնեն այդ ընթացքում թուղթ ստորագրեն։ Ի դեպ, ասեմ ստորագրելու դեպքում  դեռ պետք է մտցնեն Սահմանադրական դատարան, տանեն վավերացման, որոնք ևս ժամանակ են տևում։

Եթե մենք հասցնում ենք սա անել, այդ դեպքում շատ լավ է, պատվարը դնում ենք, եթե չենք հասցնում, բոլոր այն մարդիկ, որոնք ստորագրություն դրել են, կոչ կանենք դուրս գալ փողոց, բայց սպասել նորից, ոչ մի բան չանել․․․ Եկեք սպասենք, տեսենք, թե էս իշխանությունը ինչ է անում, բա որ արեց, այդ դեպքում շատ ավելի վատ է»։

Քաղաքացիներից մեկն էլ մի դիտարկում արեց ու դուրս եկավ։ Նա նախազգուշացրեց, որ շատ կոշտ է խոսելու, որովհետև այլ հնար չկա։  Ըստ նրա, 2020 թվականից հետո ո՛չ իշխանություն կա, ո՛չ ընդդիմություն կա, ո՛չ էլ դատարան ու Սահմանադրական դատարան կա։

«Թղթե շերեփի քաղաքականություն ենք վարում, մենք ներում ենք մարդասպանին, դառնում ենք ոչխար ու փողոցներում արածում ենք ընդամենը, վերջ»,-ասաց քաղաքացին։

Մինչ Ավետիք Չալաբյանը կպատասխաներ, հարց տվողը դուրս եկավ։

«Շատերն են հարցնում՝  եթե թշնամու կողմից բիրտ ուժ է կիրառվում,դու ո՞նց կարող ես օրենքի դաշտում իրեն հակազդել։ Պատասխանը ևս երկու մասից է․ նախ ոչ մեկը չի ասում՝ միայն սա պետք է անես, ուրիշ ոչ մի բան չանես, իհարկե, թշնամուն պետք է զենքը ձեռքին մարտի դաշտում հակազդել, մեկը մյուսին չի  խանգարում։

Ավելին ձեզ ասեմ, զինվորը, որն այսօր խրամատում կանգնած է, նա պետք է իմանա, որ իր թիկունքում քաղաքական ղեկավարություն է, որը երկիրը հանձնելով չի զբաղվում։  Մեր զինվորների բազկի ուժը 10 անգամ նվազել է այն պատճառով, որ իրենց հետևը հանձնող ղեկավարություն է կանգնած։ Իրենք հասկանում են՝ կռվես-չկռվես արդյունքը մեկն է։ Եթե արդյունքը մեկն է, ավելի լավ է չկռվես, նահանջես, կյանքդ խնայես, պիտի իմանա հակառակը, որ իր հետևը չզիջող, կռվող ղեկավարություն է կանգնած, որը իրենց տերն է։

Իսկ եթե ուզում ես դա անես, այսպիսի գործողություններով պիտի անես, այդ ամենն իրար փոխկապակցված են։ Պիտի սահման էլ  պահես, երկիրդ ներսից էլ պահես»։

Մասնակից կանանցից մեկն էլ ասաց, որ թեև հույսը չի կտրել, բայց հույս էլ չունի, որ առաջարկված նախագիծը կմտնի Ազգային ժողով։ Նա նաև հայտարարեց, որ իր ամենամեծ թշնամին Նիկոլ Փաշինյանն է։

Տիկինն ասաց․ «Կուզենայի ստեղծվեր ժողովրդական մի շարժում, որին կմասնակցեր միայն ժողովուրդը, ոչ  թե պաշտոնի ձգտողները։ «Ես կուզենամ  իմ հայրենիքը մնա էլի, թեկուզ փոքր, մնա, պահենք»։ Նա այս բառերը արտաբերելիս՝ հուզվեց, ձայնը դողաց։

Այնուհետ դառնալով դեպի ժողովրդական  երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն՝ ասաց․ «Ես պատերազմից հետո երաժշտությունը չեմ լսում, ձեր երաժշտությունը չեմ զգում հավատո՞ւմ եք։ Ո՞նց կարող են պարել մարդիկ, ինչքան կարող ենք էսպես ապրել։  Ես հայտարարել եմ՝ եթե մեռնելու եմ, սիրտս չդիմանա,ասել եմ ՝ թող  Ազատության հրապարակում մեռնեմ»։

Դահլիճը բուռն ծափահարեց։

Ավետիք Չալաբյանն էլ հավելեց, թե  վիկինգների մոտ ամենամեծ պատիվը մարտ դաշտում՝ սուր ձեռքին, մեռնելն էր, եթե այսպես էր մեռնում, ուրեմն գնում էր դրախտ։

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը կվերադառնա յուրաքանչյուր քաղաքացու և իր օրինակը բերեց, թե ինչպես թողեց պաշտոնը,  դարձավ շարքային քաղաքացի, որպեսզի պայքարի։

«Սա կռիվ է մեր երկրի համար, մենք չպիտի մտածենք, որ այս կռիվը լինելու է տիկնիկային թատրոնի պես մի բան, չէ՛, էս կռվում  շատերս ենք զոհվելու իրականում, բայց եթե զոհվենք սուրը ձեռքը՝ մարտի դաշտում, գալու ես դրան, մեր սերունդներն էլ  հպարտանալու են մեզանով, մեր թողած հայրենիքով,  ոչ թե հակառակը՝ սուրը գցես, թողնես, գնաս»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930