Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բռնել երկիրը հանձնողի ձեռքը․ Գյումրիում ներկայացրեցին դիմադրելու իրավական ճանապարհը

Հունիս 04,2023 21:24

Այսօր Գյումրիում էին «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակները։ Նրանք գյումրեցի մտավորականներին մանրամասն ներկայացրեցին իրավական այն քայլերը,  որոնք կատարելու դեպքում  կհասնեն  ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունների․ ծանր քրեական պատիժ կնախատեսվի  Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ  պետության կազմում ճանաչողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողներին։

Հանդիպմանը մասնակցում էին տարբեր քաղաքական ուժեր ներկայացուցիչներ,  ակտիվ քաղաքացիներ։ Ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանով։

Հուշագիր ստորագրվեց «Համախմբում» շարժման նախաձեռնող խմբի և Գյումրու «Ազգային արժեք» ակումբի միջև։

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը Գյումրիում  անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելուն, ասելով․ «Տեսել եք Փաշինյանի վերջին նկարներն Անկարայում՝ շողոքորթ դեմքով, փորձելով ժպտալ, անեկդոտ պատմել Ալիևին և այլն, և այլն, որը խայտառակություն է։ Մենք երբևիցե չէինք կարող պատկերացնել։

Չնայած մեկ անգամ հիշում եմ, թե Սերժ Սարգսյանի Աբդուլահ Գյուլի հետ ֆուտբոլ  էր նայում և թուրքական հավաքականի ամեն խփած գնդակին ելնում, շնորհավորում էր։ Ցավալի պատկեր է, ես չեմ ասում մենք թուրքի հետ  միշտ թշնամի պետք է լինենք, բայց եթե մենք թուրքի հետ հաշտվում ենք, փորձում ենք որպես հարևան ապրել, դա չպիտի լինի մեր ստորացման հաշվին։

Ուրեմն իրենք մեր իրավունքի,  մեր շահի հետ պետք է հաշվի նստեն, մենք՝ իրենց իրավունքի, իրենց շահի հետ։ Չի կարող լինել միակողմանի։

Իսկ հիմա մեզ միակողմանի զիջումներ են պարտադրում ու ցավն այն է՝  քանի զիջումի համաձայնվում ու համակերպվում ես, դրանով էլ ավելի ես քեզ թուլացնում ու դրանով նոր ճանապարհ ես բացում նոր զիջումների համար։ Ամենապարզ  օրինակն այն է, որ մենք ժամանակին համակերպվեցինք նրա հետ, որ Քարվաճառը, Քաշաթաղն առանց կռվի հանձնենք, մեր բանակի զենքով, արյունով պաշտպանած անառիկ ամրոցը հանձնեցինք, և դա իրենց համար ճանապարհ բացեց դեպի Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, այդ բոլոր ուղղություններով իրենք արդեն ներթափանցել են մեր տարածք»։

Բանախոսը նշեց՝ եկել է այն պահը, երբ ինքներս մեզ հաշիվ պիտի տանք՝ համակերպվո՞ւմ ենք երկրի փուլային հանձման ու  նրա հետ, որ մեր երկիրը մեր ձեռքից տանում են, թե՞ պետք է փորձենք կռիվ տալ, դիմադրել։

Նա ներկայացրեց, թե ինչպես են դիմադրելու։

«Մեր երկրի ներսում գործում է հանձնված իշխանություն, թե ինչ պատճառով է ինքը հանձնված, գլխանց գործակալ  է եղել, թե պատերազմից այսպես ասած՝ դուխաթափ է եղել, թե որովհետև իրենց ինչ-որ բան են խոստացել արևմտյան իրենց գործընկերները, ես  այդ հարցի պատասխանն այս պահին լիարժեք չեմ կարող տալ։ Ես կարծում եմ՝ ժամանակը կտա, թե որն է իրականությունը։ Իրականությունն այն է, որ իրենք հանձնված են,  փորձում եմ մեզ բոլորիս հրամցնել, թե հանձնվելը ճիշտ է, այլապես շատ ավելի վատ կլինի»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա  նշեց, որ ժողովրդի մեջքը կոտրված չէ, իրենք մարդկանց հետ շփվում են, հանրային տրամադրությունները փորձում են շոշափել, ժողովրդի մեծամասնությունն ասում է՝  ինչքան  կարելի է հանձնել։

Ըստ Ավետիք Չալաբյանի, ներկա իշխանությունները որոշել են հանձնումն ամեն գնով ավարտին հասցնել, իրենք էլ մտածում են՝ ինչպես խանգարել։

«Ոնց թույլ  չտանք, ոնց բռնենք ձեռքերից, որ ամեն մեկիս սեփականությունը չհանձնեն»,-հարցրեց նա ու ցույց տվեց իրավական ուղին։

Ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանը պիտի գա, բոլորի կարծիքը հարցնի՝ բոլո՞րն են պատրաստ են  իրենց սեփականությունը հանձնելու, ու քանի որ ժողովրդի կարծիքը հարցնող չկա՝ իրենք սկսել են նախաձեռնություն։

«Քաղաքացիական դիմադրություն պիտի լինի, վերցրել, օրենքները կարդացել ենք, պարզվում է  օրենքը մի հատ հնարավորություն  է տալիս, մի բարակ, մեղմ հնարավորություն է , բայց որից պիտի կարողանանք օգտվել։

Մեր Սահմանադրության 106 հոդվածը և «Հանրաքվեի մասին» Սահմանդրական օրենքի 13 հոդվածը հնարավորություն են տալիս քաղաքացիներին հանրաքվե նախաձեռնել, բայց քանի որ դա գրված է նախորդ իշխանության օրոք, մեխանիզմը շատ բարդ է։

Առաջին փուլում պետք է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ստանալ թույլտվություն համապատասխան, սկսել ստորագրահավաք։ 60 օրվա մեջ պետք է հավաքել 50 հազար ստորագրություն, որը բավական մեծ թիվ է, բայց խնդիրը ոչ այնքան թվի մեջ է, սահմանափակում է դրված, որ այդ ստորագրությունները պետք է հավաքվեն պետական օրգանների տարածքում՝ մարզպետարանների, թաղապետարաների, համայնքապետարանների։

Հատուկ այնպես են արել, որ մարդը չուզի գնալ, երևալ, անձնագիր ցույց տալ  և այլն։ Բայց եթե դու կարողանում ես այդ 50 հազար ստորագրությունը հավաքես, ապա դու հնարավորություն ունես օրենքի ուժով օրենքի նախագիծ մտցնես Ազգային ժողով։

Եվ եթե Ազգային ժողովն օրենքի նախագիծը չի ընդունում, այդ դեպքում հնարավորություն ունես նորից դուրս գաս, ժողովրդից նորից խնդրես իր աջակցությունը, ստանաս ևս 300 հազար ստորագրություն, որը իսկապես շատ բարդ խնդիր է, և հարցը օրենքի ուժով տանես հանրաքվեի։ Այդ դեպքում դու շրջանցում ես նաև Ազգային ժողովը, դու գնում ես հանրաքվեի։ Մենք ենք հանրաքվե նախաձեռնում, մենք ասում ենք՝ մենք քաղաքացիներս պատրաստ չենք երկիրը հանձնել, ինքներս ենք հարցը դնում հանրաքվեի»։

Նա ներկայացրեց այն օրենքի նախագիծը, որը փուլային ճանապարհով դնելու են հանրաքվեի՝ քրեական պատիժ են նախատեսում այն անձանց համար, որոնք ՀՀ անունից Արցախը կճանաչեն այլ պետության կազմում։

Երկրորդ՝  նույն խստությամբ քրեական պատիժ է նախատեսում այն անձանց համար, որոնք Հայաստանի Հանրապետության անունից կհրաժարվեն Հայեց Ցեղասպանության միջազգային ճանաչումից։  Փոփոխություններ պետք  է  լինեն ՀՀ Քրեական օրենսգրքում, սրանք Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։

«Ցանկացած իշխանություն, որն այս կետերից հրաժարվում է, նա հանցագործություն է գործում երկրի Սահմանադրական կարգի դեմ» ։ Նա մանրամասնեց, որ որպես  հիմք  ընդունում  են ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։

«Նույնիսկ գործող իշխանության կողմնակիցները դեմ են, որ հանձնի Արցախը կամ  հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչումից, մենք ուզում ենք քրեական ճանապարհով սահմանափակել», -ասաց Ավետիք Չալաբյանը։

Հարցուպատասխանի ժամանակ նա նշեց՝ եթե նույնիսկ չհաջողվի հասնել  նրան, որ  այս օրենքը ընդունվի Ազգային ժողովի կողմից, հաջորդ փուլում գործը կտանեն հանրային ճնշման միջոցով։ Ըստ նրա, ով իրեն կհամարի ազգի մասնիկ,ելք է որոնում այս վիճակից, կհամախմբվի այս նախաձեռնության շուտ՝ ստեղծելով նոր իրականություն։

Ավետիք Չալաբյանը նաև ասաց, որ  նախաձեռնությունը ստեղծելուց երեք օր անց լսել են ադրբեջանցիների լարված արձագանքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930