Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչու են Վլադիմիր Գասպարյանի աղջկան գործի չգալու համար կոչում տվել. Վկան դատարանում ցուցմունք տվեց, թե՝ «չէի կարող հարցեր տալ»

Հունիս 19,2023 22:11

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստին ցուցմունք տվեց վկա Արման Ավետիսյանը, որը 2013-ից մինչեւ 2020-ը եղել է ոստիկանության զորքերի կադրերի բաժնի պետը: Հիմնական հարցերը վերաբերում էին Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի՝ ոստիկանությունում գործի տեղավորելուն, պաշտոնում առաջխաղացում ունենալուն եւ աշխատանքի չգնալուն: Ավետիսյանն ասաց, որ նախկինում Յուլյա Գասպարյանին չի ճանաչել, իսկ աշխատանքի ընդունվելուց հետո նրան չի չի հանդիպել, դատավորը ճշտեց ու եզրակացրեց՝ այսինքն, չէր ներկայանում:

Դատավորը հարցրեց՝ աշխատանքի չներկայանալու համար չպե՞տք  միջոցներ ձեռնարկվեին, ոչ թե կոչումներ տային՝ Ավետիսյանը պատասխանեց, որ հանձնարարական է եղել այդ գործընթացն իրականացնելու. «Չէի կարող հարցեր տալ»: Դատավորի հարցին՝ այդ «չէի կարող հարցեր տալը» գալիս էր հանձնարարականի՞ց, թե՞ Յուլյա Գասպարյանի ով լինելուց՝ նա պատասխանեց. «Ով լինելուց»: Հարցին՝ Յուլյա Գասպարյանին կոչումներ տալիս նա ի՞նչ ընթացակարգ է անցել, կադրերի բաժին, որակավորման հանձնաժողով ներկայացե՞լ է՝ նա պատասխանեց, որ չի ներկայացել, ընդհանրապես նման դեպքերում կադրերի բաժին ներկայանալը պարտադիր չի: Ավետիսյանը հարցերի մեծ մասին պատասխանում էր որ, չի հիշում: Նա չէր հիշում, թե ինչու են Յուլյա Գասպարյանին նշանակել բարձր պաշտոնի, ասաց, որ չի հիշում՝ ինքը փաստաթղթերը ստորագրե՞լ է, թե՞ ոչ, չէր հիշում նաեւ, թե Յուլյա Գասպարյանը առողջական խնդիրներ ունե՞ր: Միայն ասաց, որ բանավոր ցուցում է ստացել զորքերի հրամանատար Երանոսյանից եւ ամեն ինչ արել են, որ օրենքի սահմանների մեջ տեղավորեն: Հարցին՝ որ զինծառայողներից ոմանք չեն ներկայանում, ո՞վ էր պարտական զեկուցելու ու ո՞ւմ էին զեկուցում՝ Երանոսյանի՞ն՝ նա պատասխանեց, որ չի կարող ասել, թե մինչեւ որ օղակ է հասնում՝ հրամանատարակա՞ն, թե՞ այլ: Ըստ նրա, անմիջական պատասխանատուն է պարտավոր զեկուցել:

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը եւ եւս երկու նախկին պաշտոնյաներ՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։

Գասպարյանը 2015-ին դստերը, Յուլյա Գասպարյանին նշանակել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն վերջինս առհասարակ ծառայության չի ներկայացել։ Ավելին, առանց զեկուցագրերի եւ հրամանների բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Նշված 3 տարիների ընթացքում Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ ոստիկանության զորքերի ֆինանսական բաժնի պետ Գեղամ Հովհաննիսյանի օժանդակությամբ, յուրաքանչյուր ամիս աշխատավարձ է վճարվել Յուլյա Գասպարյանին։ Արձակուրդայինների, պարգեւատրումների եւ աշխատավարձի ընդհանուր հաշվարկով՝ ոստիկանապետի դստերն է վճարվել շուրջ 8 միլիոն 838 հազար դրամ։

Բացի այդ, Երանոսյանը լավատեղյակ է եղել, որ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին մնալու դեպքում Յուլյա Գասպարյանին չի կարող շնորհել փոխգնդապետի զինվորական կոչումը եւ 2018-ին հանձնարարել է կազմակերպել Յուլյա Գասպարյանին բարձր պաշտոնի նշանակելու գործընթացը։ Մեղադրողի պնդմամբ՝ կազմվել են կեղծ փաստաթղթեր:
Ավետիսյանի՝ դատարանում եւ քննիչին տված ցուցմունքների մեջ կային էական տարբերություններ, ուստի որոշվեց հրապարակել երկու ցուցմունքներն էլ: Քննիչին տված ցուցմունքում ասել էր,որ Յուլյա Գասպարյանին տեսել է միայն լուսանկարով՝ նրա անձնական գործում,աշխատանքի չի ներկայացել ու իմացել է, որ նա ոստիկանապետի դուստրն է: Հարցին, թե ինչու նա չի ներկայացել գործի՝ պատասխանել էր,որ այդ մասին ինքը զեկուցել է Լեւոն Երանոսյանին, վերջինս էլ ասել էր, որ Յուլյա Գասպարյանի անձնական գործի հաշվառումները կանի եւ այլեւս չհետաքրքրվի դրանով,քանի որ նա ծառայության չի գտնվում ու քանի որ գիտեր ով է Յուլյան, այլեւս հարցեր չի տվել:

Հաջորդ վկան, որ հարցաքննվեց, Ռաֆայել Զաքարյանն էր, որը ոստիկանության աշխատակից էր եղել 1983թ-ից, նա պատմեց, որ 2017-ին իր հետ ոստիկանությունից կապվել են ու տեղեկացրել, որ ինքը ոստիկանապետի կողմից խրախուսման կարգով ստացել է 1 սենյականոց բնակարան. «Մինչեւ այդ ես որեւէ խնդրով չեմ դիմել, տեղյակ չեմ եղել դրա մասին, կարդացել եմ ոստիկանապետի որոշումը, որ 1 սենյականոցը հատկացվել է ինձ»: Ըստ մեղադրանքի, Վլադիմիր Գասպարյանը անձնական շահագրգռվածություն է ունեցել ու նրան լավություն անելու համար է բնակարան տվել: Դատարանում վկան պնդեց, որ Վլադիմիր Գասպարյանը լավություն անելու համար որեւէ շահագրգռություն չուներ ու դա լավություն չէր, իր համար դա անակնկալ է եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930