Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտենք՝ ում բերած ոսկեղենը ում կնգա վիզն է գցած»․ Թեժ կրքեր՝ Ախուրյանում

Հուլիս 04,2023 19:33

Ախուրյան խոշորացված համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն կերպ փորձում է իշխանափոխության հասնել, ղեկը վերցնել դաշնակցականներից, այսօր խիստ լարված մթնոլորտում տեղ է ունեցել ավագանու արտահերթ նիստ։

Նիստի օրակարգի թեման, սակայն, համայնքապետին անվստահություն հայտնելն ու թեկնածու առաջադրելը չէր, այլ վերաբերել է համայնքային բյուջեից «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 պետական աջակցության» ծրագրի շրջանակներում շահառուներին փոխհատուցվող գումար հատկացնելուն, Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռավան բնակավայրեր տանող ճանապարհներն ասֆալտապատելուն, բուլդոզերային թրթուրավոր տրակտոր ձեռք բերելուն և այլն։

Այս թեմաները չեն խանգարել ավագանու անդամներին որոշակի հայտարարություններ անելու, միմյանց մեղադրելու։ Հիշեցնենք, որ Ախուրյանում իշխանությունը ձևավորվել է «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքներին միավորմամբ, այս դաշինքների ղեկավարները դաշնակցականներ են, մեկ ձայնի տարբերությամբ համայնքապետ էր դարձել դաշնակցական Արծրուն Իգիթյանը, որը մոտ 30 տարի ղեկավարում է Ախուրյանը։

Ախուրյանի ՔՊ խմբակցության ղեկավար Ալբերտ Այվազյանը՝ Շիրակի փոխմարզպետը, մեկ ձայնի տարբերությամբ չդարձավ համայնքապետ․ նա ստացավ 13 ձայն, Արծրուն Իգիթյանը՝ 14։ Այժմ ՔՊ-ն փորձում է Ախուրյանում համայնքապետ դարձնել Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ՔՊ խմբակցության անդամ Զավեն Մանուկյանին։

Նիստը դեռ չսկսված՝ իշխանական «Ախուրյան» դաշինքից դուրս եկած ու ավագան անկախ անդամ դարձած Սամսոն Հովհաննիսյանը, ձայն խնդրելով, հայտարարել է, թե իր անունից ավել-պակաս բաներ են խոսել, տարբեր լուրեր են տարածել և հիմա հարկ է համարում պարզաբանել, որ ինքը ընտրվել է «Ախուրյան» դաշինքով և իր թիմից չի հեռացել։

Նա Արծրուն Իգիթյանին հարցրել է՝ իրավունք ունի՞ կրկին միանալ «Ախուրյան» դաշինքին։ Ի պատասխան՝ Արծրուն Իգիթյանն ասել է․ «Խնդիր չեմ տեսնում»։

Այս կարճ ելույթից հետո ՔՊ-ական անդամներից մեկը՝ Կարեն Ներսիսյանն, ասել է, որ ինքը նիստի է ներկայացել ցորենի ծրագրի համար։

«Դրա համար եմ եկել, էդպես տղա չկա, որ հանկարծ նիստ դնի, մեզ էլ զոռով բերի, անձամբ ինձ ու իրեն էլ թույլ տա ասելու՝ եթե չգան, դանակը կմտցնեմ համապատասխան տեղերդ։ Այդ ասողին ես կասեմ՝ մենք կարող ենք այնպես մտցնել դանակը համապատասխան տեղերը, որ սաղ կյանքը չմոռանա»։

Ախուրյանի համայնքապետը խնդրել է չափավորել բառապաշարը, ավագանու անդամը, սակայն, շարունակել է․ «Նորից եմ կրկնում՝ ժողովրդի համար ենք եկել, որ իր ցորենի փողը ստանա։

Երկրորդը՝ եթե էստեղ հասել է այն բանին, որ մարդկանց կանչում եք, դիմում գրել տալիս՝ դուրս եկեք, չգիտեմ ինչ արեք, կասեմ՝ էստեղ չկա էնպիսի մարդ, որը դիմում գրել տա, դուրս հանե։

Եթե չգիտեք՝ էդ մարդկանց սաղին ընդունել եք փողով, երբ որ փողերը հետ տվեցիք, նոր կարող եք ասել՝ դուրս ելեք գործից։ Կարող է պարոն Իգիթյանը չիմանա (ի նկատի ունի Ախուրյանի համայնքապետին, հեղ․), բայց մարդիկ կան, որոնք գիտեն ինչի դիմաց են գործի ընդունել, ում բերած ոսկեղենը ում կնգա վիզն է գցած։ Բերանս բացել մի տվեք, հանգիստ նստեք տեղերդ էս քանի օրը»։
Ըստ համայնքապետ Արծրուն Իգիթյանի, սա հայտարարություն է հանցագործության մասին, հատկապես որ ավագանու նիստը ուղիղ եթեր է հեռարձակվում։ Նա հույս է հայտնել, որ իրավապահները կանդրադառնան հայտարարությանը։

«Աշխատանքի ես եմ ընդունել, և միանշանակ հայտարարում եմ, որ որևիցե մեկը չի կարող իմ հասցեին նման հայտարարություն անել»,-ասել է Արծրուն Իգիթյանը։

Ավագանու ՔՊ-ական անդամն, արձագանքելով է․ «Ես ասի, որ ձեր հասցեին չէ այդ արտահայտությունը»։
Ավագանու անդամներից մեկը ՔՊ-ականին հորդորել է անվական խոսել, սակայն նա հակադարձել է․ « Թույլ տուր ես իմանամ ինչ ձևի կասեմ, ախպերս»։

Համայնքապետը իր հերթին հորդորել է բանավեճի չվերածել նիստը։

Արծրուն Իգիթյանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցելու իրավապահ մարմիններին՝ եթե նման երևույթ եղել է, եթե որևէ մեկը փորձել է իր անունից նման բան անել։ Վերջինս մեկ անգամ ևս հայտարարել է, որ իր գործունեության 25-26 տարվա ընթացքում փողով, նվերով որևիցե մեկին աշխատանքի չի ընդունել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31