Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների ուշագրավ նամակը՝ ԱՀԿ նախագահին՝ Արցախի հարցով. «Մենք չենք ընդունում որեւէ իրավիճակ, որը խախտում է մարդու բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը»

Հուլիս 08,2023 16:34

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին, որը կրում է «Սփյուռք-Արցախ-Հայաստան» խորագիրը, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Մենք ունենք Արցախի ԱԳ նախարար, ունենք Արցախի ներկայացուցիչներ այստեղ, մենք բոլորս Արցախի ներկայացուցիչներն ենք՝ որպես առողջապահության պատասխանատուներ: Մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել եւ շատ կարեւոր է, երբ քաղաքական գործիչները կամ դիվանագետները, արտգործնախարարները ինչ-որ բաներ են խոսում, դա ընդունվում է, թե՝ իրենց աշխատանքն է, իրենց գործն է: Մեր խոսքը պետք է լինի բժշկական, գրագետ, որ ամեն մարդու ամեն ուղիղի բջջին հասնի, որ նրանք, ովքեր կլսեն մեր խոսքը ներքին պատասխանատվություն զգան այն երեխաների ու այն մարդկանց համար, ովքեր այսօր Արցախում են»:

Համագումարի անունից բժիշկները որոշել են գրավոր տեքստով դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին՝ ասելով. «Մենք՝ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցող բժիշկների միջազգային խումբը գրում է՝ ձեր ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում շարունակվող ծանր հումանիտար իրավիճակում: Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղը դեկտեմբերի 12-ից գտնվում է Ադրբեջանի կողմից ծանր շրջափակման պայմաններում: 120 հազար մարդու կյանքը, այդ թվում՝ 30 հազար երեխաների ու հաշմանդամների կյանքը կտրուկ վատացել է: Մեր հայրենակիցները պայքարում են օրվա հացի համար եւ չունեն տարրական բժշկական ծառայություններին հասանելիություն: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել շրջափակումը վերացնելու միջազգային հանրության կոչերը եւ արհամարհում են միջազգային դատարանի համապատասխան որոշումը: Ադրբեջանի գործողությունները տեղի են ունենում միջազգային իրավունքի խախտմամբ: Այդ գործողությունները հակասում են նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից ստորագրված 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Վերոնշյալ հայտարարությամբ ամրագրված է անարգել երթեւեկությունը Լաչինի միջանցքով, որը կապում է ԼՂ-ն Հայաստանի եւ մնացված աշխարհի հետ, սակայն Ադրբեջանը ապօրինի եւ դաժան շրջափակում է իրականացնում՝ թույլատրելով միայն դեղամիջոցների մուտքը Արցախ եւ միայն ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումը ԼՂ-ից Հայաստան՝ Կարմիր խաչի օգնությամբ: Ադրբեջանը մշտապես թիրախավորում է ԼՂ-ի խաղաղ բնակիչներին: Ալիեւի ռեժիմը դադարեցրել է բնական գազի մատակարարումը, սաբոտաժ է արել ու արգելափակել Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, որն ապահովում էր ԼՂ էլեկտրաէներգիայի հիմնական մասը: Մինչ հումանիտար աղետը խորանում է, Ադրբեջանի ավտոկրատ խումբը չի թույլատրում մարդասիրական եւ փաստահավաք առաքելությունների մուտքը ԼՂ: Որպես հիպոկրատի երդման հետեւորդներ՝ մենք չենք ընդունում որեւէ իրավիճակ, որը խախտում է մարդու բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը: Սույն նամակով մենք խնդրում ենք ձեզ անել ձեր լիազորությունների շրջանում ամեն բան, օգտագործել կազմակերպության բոլոր լծակները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը: Մենք ակնկալում ենք ԱՀԿ-ի հռչակած արժեքներին համապատասխան արդյունավետ գործնական միջոցների ձեռնարկում՝ ուղղված ԼՂ մարդկանց տառապանքների թեթեւացմանը եւ ռեպրեսիվ Ադրբեջանի շարունակական ագրեսիայից ԼՂ քաղաքացիների պաշտպանությանը»:

Համագումարի մասնակիցներն այս տեքստը դրեցին քվեարկության եւ միաձայն ընդունվեց: Այսպիսով, համագումարին մասնակցող բժիշկների անունից այս դիմումը կուղարկվի ԱՀԿ նախագահ Թեոդոր Գեբրեյեսուսին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31