Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը Արցախի ՄԻՊ աշխատակազմ բողոք է ներկայացրել, որ խոչընդոտվում է իր տեսակցությունը ԱԱԾ համակարգում գործող ՁՊՎ-ում պահվող պաշտպանյալի հետ

Հուլիս 10,2023 18:10

2023 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 18:42-ին, փաստաբանի կողմից Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ բողոք է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:30-ից սկսած Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից խոչընդոտվում է պաշտպանի տեսակցությունը ԱԱԾ համակարգում գործող ՁՊՎ-ում պահվող պաշտպանյալի հետ։ Փաստաբանը նշել է, որ կասկածներ ունեն, որ իրենց պաշտպանյալը ենթարկվել է բռնության։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչը անմիջապես ժամանել է Ազգային անվտանգության ծառայության շենք և կատարվածի վերաբերյալ փորձել է պարզաբանումներ ստանալ համապատասխան պաշտոնատար անձանցից, սակայն իրավասու պաշտոնյայի տեղում գտնել հնարավոր չի եղել, զանգերին չեն պատասխանել, իսկ ծառայության հերթապահ մասում տեղեկացրել են, որ առանց իրավասու պաշտոնյաների թույլտվության չեն կարող կազմակերպել տեսակցությունը։ Կատարվածի մասին մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմի ներկայացուցիչը տեղեկացրել է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նույն օրը վերոնշյալի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է համապատասխան պաշտոնատար անձանց՝ պահանջելով վերացնել պաշտպանյալի՝ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման խոչընդոտները: Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ազգային անվտանգության ծառայությունում հանդիպել է կալանավոր Ա.Ի-ի հետ, զննության ենթարկել վերջինիս մարմինը, որի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ զրույցի ընթացքում Ա.Ի-ն իր նկատմամբ որևէ վատ վերաբերմունքի մասին չի հայտնել: ԱԱԾ պաշտոնատար անձինք առաջարկել են փաստաբանի և նրա պաշտպանյալի տեսակցությունը կազմակերպել հաջորդ օրը՝ հունիսի 9֊ին՝ առավոտյան 10:00-ին։

2023 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 16:58-ին, փաստաբանը կրկին դիմել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և տեղեկացրել, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, նորից այցելել է ազգային անվտանգության ծառայություն իր պաշտպանյալին տեսակցելու համար, սակայն ծառայության աշխատակիցները կրկին նրան չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալի հետ:

Փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ հնարավոր է եղել կազմակերպել միայն հաջորդ օրը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում։

Մարդու իրավունքների պաշտպանը անընդունելի է համարում ՔԴՕ 60-րդ հոդվածով, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ԱՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված փաստաբանի և պաշտպանյալի խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման անարգել տեսակցություն ունենալու իրավունքի նկատմամբ ազգային անվտանգության ծառայության կողմից ոչ իրավաչափ ներգործությունը և խոչընդոտներ հարուցելը։

Հատկանշական է, որ իրավիճակում որևէ փոփոխություն չէր մտցվել այն բանից հետո, երբ կալանավորի իրավունքների խախտման մասին հաղորդվել էր նաև դատախազության ներկայացուցչին:

Պաշտպանը Գլխավոր դատախազության ուշադրությունն է հրավիրում հարցին՝ կատարվածին իրավական գնահատական տալու նպատակով։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31