Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանա լճից հավելյալ ջուր են բացթողնում ոռոգման նպատակով, բայց գյուղեր կան, որ ջուր չի հասնում»․ Վիկտորյա Բուռնազյան

Հուլիս 11,2023 17:53
Sevan

Սեւանա լճից հավելյալ 70 մլն խմ ջուր բացթողնելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց։ Օրենսդրությամբ լճից ջրառի չափաքանակը 170 մլն խմ է, կառավարությունն առաջարկում է 240 մլն խմ։ Հավելյալ ջրառը, ինչպես նախկինում, այնպես էլ այս կառավարությունը հիմնավորում է, թե ոռոգման նպատակով է, ջրամբարները սակավաջուր են։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն Aravot.am-ի հետ զրույցում կառավարության դիրքորոշման մասին ասում է՝ Արարատյան դաշտում ջրերի գերշահագործում կա, այդ ջրերը չեն ուղղվում հիմնականում հողերի մշակմանը, ոռոգմանը, այլ մեծամասամբ օգտագործում են ձկնաբուծարանները։

Փորձագետի խոսքով՝ Սեւանա լճի մասին օրենքի պահանջն է, որ ամեն տարի ունենանք լճի դրական հաշվեկշիռ․ «Արդեն երեք տարի շարունակ լճում ունենում ենք բացասական հաշվեկշիռ, ինչը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ լճի համար։ Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամներն օրերս կայացած նիստում նշել են, որ լիճը սկսել է կանաչել։ Մասնագետներն ասում են, որ նման մոտեցումը կարող է կործանարար լինել լճի համար, բացասական եզրակացություն են տվել հավելյալ ջրառի վերաբերյալ։ Ջրային կոմիտեի ներկայացրած հաշվարկները վերանայման կարիք ունեն, պետք է ավելի ճշգրտվեն տվյալները»։

Բուռնազյանը նշում է՝ այո, ջրամբարներում սակավաջրություն կա, բայց նաեւ վերջին ամիսները տեղումնառատ էին։

«Մեր կազմակերպությունը կտրականապես դեմ է Սեւանից հավելյալ ջրառ իրականացնելուն, ոռոգմանն ուղղվող այդ ջրերը մեծամասամբ օգտագործում են ձկնաբուծարանները։ Ինչ-որ ծրագրեր են մշակում հետադարձ ջրերի օգտագործման համար եւ այլն, բայց մինչեւ դրանք հասնեն ոռոգման համար օգտագործելուն, մենք Սեւանը կկորցնենք»։

Սեւանա լճի դրական հաշվեկշռին հասնելու եւ հավելյալ ջրառից խուսափելու համար անհրաժեշտ են հրատապ միջոցառումներ, բայց ինչպես փորձագետն է ասում, դա ավելի վաղ պիտի անեին, որպեսզի Սեւանի բեռը թեթեւանար ու հույսները չդնեին հավելյալ 70 մլն քմ ջրառի վրա․ «Երբ Արարատյան դաշտում մոտ 1,6 մլն խմ ջուր է գնում -գալիս, մենք այդ ամբողջ տարածաշրջանում աղետ ենք ստեղծում, կիսաանապատային գոտում ձկնաբուծություն զարգացնելով՝ վտանգի տակ ենք դնում ռազմավարական այլ օբյեկտները»։

Մեր երկրում ջրային ռեսուրսներն անարդյունավետ են կառավարվում, կորուստները շատ են, եւ ինչպես Բուռնազյանն է նշում՝ կառավարությունը նախ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեր ջրային կորուստները նվազեցնելու ուղղությամբ, եւ աներ ամեն ինչ, որպեսզի Սեւանից հնարավորինս քիչ ջուր վերցնեինք․ «Հիմա արդեն դառնում է սովորական մի բան՝ հա, ի՞նչ անենք, լավ, այս տարի էլ Սեւանը կանաչեց։ Ռազմավարական նշանակության լիճը ճահճանում է, Սեւանա լճից խմելու ջրի աղբյուրներն են սնվում, եթե այսպես անփույթ վարվենք, մենք կորցնելու ենք էկոհամակարգի, մարդկանց համար կարեւոր բան, վտանգի տակ ենք դնում քաղցրահամ ջրի աղբյուրը։ Մենք հարցում էինք արել, թե որքան գումար է ծախսվել ջրակորուստները նվազեցնելու համար։ Պատասխանեցին, թե ջրաչափման «Սկադա» համակարգ պիտի դնեն։ Այո, լավ է, որ ջրաչափով հետեւեն, բայց եթե ջրակորուստները չես վերացնում, ինչին ուզում ես հետեւի, խնդիրը հետեւելով չես լուծի»։

Ջրի կորուստներին անդրադառնալով, Բուռնազյանը հիշեցրեց՝ Սեւանա լիճ է թափվում 28 գետ, Արփա-Որոտան հիդրոհանգույցն է ժամանակին կառուցվել, որով պետք է ջուր տեղափոխվի Սեւան, բայց այն չի շահագործվել։

Բացի այս, Սեւանա լճի մասին օրենքով լճի մակարդակը պետք է մինչեւ 2030 թվականը բարձրացվի մինչեւ 1903.5 մետր նիշի․ «Բայց մենք նույնիսկ մեկ մետրի չենք հասցրել բարձրացնել, որովհետեւ ջրբացթողումներն իրենց սեւ գործն անում են։ Իհարկե, կա նաեւ գլոբալ տաքացում, ջրի գոլորշիացում, բայց սրանց զուգահեռ է՝լ լճից ջրբացթողումներ են անում, որը մեծ վնաս է հասցնում, լիճը դարձել է արհեստական ջրամբար։ Սեւանա լիճը բարդ էկոհամակարգ է, եւ լճի հետ նման խաղերը վտանգավոր են։ Ի վերջո, լճի մասին օրենսդրությամբ պարտավորություն կա ջրամբարներ կառուցելու։ Ո՞ւր են այդ ջրամբարները»։

Փորձագետը հիշեցնում է՝ նախկինում երբ լճի մակարդակը մեծ տեմպերով բարձրանում էր, ու ջրբացթողումներ էին նախատեսում, այն ժամանակ ասում էին՝ ափամերձ հատվածներում գտնվող օլիգարխների տներն են ուզում փրկել, հիմա լճի մակարդակն այնքան է իջել, որ այդ խնդիրը դրված էլ չէ։

«Լճից բացթողնվող ջուրը, որ պիտի հասնի համայնքներին՝ ոռոգման համար, ոչ բոլորին է հասնում, գյուղեր կան, որ ջուրը չի մտնում։ Ջրառ են անում՝ Սեւանի «հիվանդ» վիճակը հաշվի չառնելով, որպեսզի գյուղացուն հասնի ջուրը, ու չի հասնում, ուրեմն կառավարիչները սխալ են աշխատում»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31