Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի համայնքապետ․ որակ չեն ապահովում, դրա համար քանդել եմ տալիս․ «Հրապարակ»

Հուլիս 19,2023 11:05

Ծաղկաձորի համայնքապետարանը գրեթե ոչ մի շինարարական ընկերության հետ չի կարողանում աշխատել: Քաղաքապետ Նարեկ Հարությունյանը փորձում է մեզ համոզել, որ մեղավոր են շինարարական ընկերությունները, քանի որ աշխատանքները վատ են կատարում: Բանն այն է, որ քաղաքապետը ոչ միայն ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության հետ է պայմանագրեր լուծարել, այլ նաեւ քաղաքում իրականացվող մի քանի աշխատանքներ եւս կանգ են առել:

«Գիշերն էլ են աշխատում տեխնիկաները, ճանապարհահատվածների քանդման աշխատանքները կատարվում են գիշերը: Արդեն իսկ Օրբելու, Չարենցի եւ Օլիմպիական փողոցների եզրաքարերն ամբողջությամբ շարված-ավարտված են: Մնացել են միայն հողային աշխատանքները, որը գիշերով ենք անում, որ երթեւեկությանը չխանգարի: Հողային շերտը հանում ենք, ըստ շինարարի՝ 10 օրվա ընթացքում, որտեղ որ հիմա քանդված է, առաջին շերտի ասֆալտն արդեն փռվելու է»,- ասում է Հարությունյանը:

 – Պարոն Հարությունյան, կա՞ գոնե 1 փողոց, որտեղ ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:

– Ամբողջը քանդում են՝ վերեւից սկսել են, որ վերջացնեն: Ընթացքում խնդիրներ են առաջանում, միայն քաղաքապետարանի փողոցում 4 վթար տեղի ունեցավ` ջրի գլխավոր մագիստրալի հետ կապված, ինչ-ինչ պատճառներով մակերեւույթից ցածր է գտնվում, ու ցուրտ քաղաքում անընդհատ վթարներ են տեղի ունենում, որը զադերժկա է անում:

– Տեղյա՞կ եք, թե այս օրերին քանի ավտոմեքենա է ընկել ճանապարհի երկայնքով փորված հսկայական փոսերի մեջ:

– Չէ, տեղյակ չեմ, վիճակագրություն չունեմ, բայց ժամանակավոր է, ոչինչ: Քաղաքի կոմունիկացիաները փոխվեցին, ունենք նոր կոյուղագիծ, որը միանում է Հրազդան գնացող գլխավոր դիտահորին: Այդ մասով նախագծային արժեքը կազմել է 700 մլն դրամ: 1-ին եւ 4-րդ լոտերի մասով ավարտին ենք հասցրել, մյուս 2 լոտերի հետ կապված խնդիրներ կան, աշխատանքները նորմալ չեն իրականացվել, պայմանագիրը լուծարել ենք, դա չի խանգարում ներկայիս ասֆալտապատման աշխատանքներին:

– Պարբերաբար Ձեր խոսքում նշում եք, որ շինարարի հետ խնդիր եղավ, պայմանագիրը լուծարեցիք․ միայն Ձեր համայնքում են նման խնդիրներ ծագում, ինչո՞ւ:

– Ես ընդհանրապես գնումներով չեմ զբաղվում, մենակ հանձնարարական եմ տալիս, տեղադրվում է, շինարարական կազմակերպությունների հետ կապ չունեմ: Սուրբ Հարություն եկեղեցու մոտ շատ գեղեցիկ պատ պետք է կառուցվի, քաղաքի համար շատ գրավիչ վայրերից մեկն է: Վերջերս շինարարն աշխատանքներ սկսելուց պատը նորմալ վիճակով չէր արել, քանդել տվեցինք: Կամ՝ քաղաքի հրապարակը, Օրբելու թանգարանին հարող հատվածը․ նախագծով տրված է, որ 5 սմ պետք է սալիկ շարեն, 3,5 սմ-անոց են արել: Հիմա բա քանդել չտա՞մ: Համայնքային միջոցները հո չե՞նք վատնելու: Էսօր երկրորդ պայմանագիրն եմ լուծարելու՝ հրապարակի շինարարի հետ, նորից աշխատանքները լավ չի արել, 2022 թվականի դեկտեմբերին պետք է ավարտած լիներ, բայց մինչեւ հիմա չի արել:

– Փաստորեն, հաճախ եք շինարարական ընկերությունների հետ խնդիրներ ունենում:

– Որովհետեւ որակ չեն ապահովում, դրա համար քանդել եմ տալիս, պայմանագիր եմ լուծարում, նորմալ չեն անում, դրա համար էլ այս վիճակն է: Մենք որակ ենք պահանջում, հետեւողական ենք 24 ժամ, որ աշխատանքները նորմալ կատարեն:

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31