Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին երջանկացնում են տպավորությունները, այլ ոչ թե իրերը

Հուլիս 31,2023 09:40

Կյանքը հետաքրքիր են դարձնում ոչ միայն իրերը, այլ  փորձն ու տպավորությունները, և այս պարզ ճշմարտությունը առավել քան գործուն է երեխաների դեպքում։

Մեծահասակներից շատերը համոզված են, որ եթե երեխան երազում է ինչ-որ խաղալիքի կամ գադջեթի մասին, ապա գնելով այն՝ իրենց զավակին միանգամից կերջանկացնեն։ Որոշ ժամանակ երեխան իսկապես ոգևորված և ուրախ կլինի, սակայն ընդամենը որոշ ժամանակ․ ուրախության այդ զգացումը չի կարող համեմատվել այն աննկարագրելի զգացողության հետ, որն ապրում է երեխան՝ վայելելով կենսական վառ տպավորությունները։ Եվ այս տեսակետը հաստատվել է հետազոտությամբ, որի համաձայն, տարատեսակ իրերը, խաղալիքներն ու գադջեթները չեն կարող իրական ուրախություն պարգևել երեխային․ շատ ավելի կարևոր են ստացված փորձն ու տպավորությունները, որոնք անջնջելիորեն տպվում են նրա հիշողության մեջ։

Հետազոտության ղեկավարը՝ Տորոնտոյի համալսարանի դոցենտ Սինդի Չանը նշել է, որ տպավորություններն այնքան բուռն զգացմունքային ազդակներ են փոխանցում, որ դրանց հետ ոչ մի նորաոճ գադջեթ չի էլ կարող համեմատվել։

«Երբ դուք երեխաներին տպավորություններ եք նվիրում, նրանց մոտ այնպիսի զգացողություններ են առաջանում, որոնք կարելի է համեմատել ռոք համերգում ստացած լիցքերի հետ, կամ ընդհակառակը՝ նրանց վրա հանգստություն է իջնում, ինչպես սպա կենտրոնում։ Ոչ մի իր չի կարող նման զգացողություններ պարգևել»,-պատմել է Չանը։

Մանկական հոգեթերապեւտ, բժիշկ Մարգո Սանդերլենդը դա մեկնաբանել է այսպես․ ստացված փորձը երջանիկ հիշողությունների կայուն բազա է ստեղծում, ինչպես նաև նպաստում է գլխուղեղի զարգացմանը. «Նոր տպավորություններն արժեքավոր են սոցիալական, ֆիզիկական, զգայական ու ճանաչողական փոխազդեցությամբ»,-ասել է նա։

Այլ կերպ ասած՝ մանկության երջանիկ հիշողությունները, որոնք հիմնված են փորձի վրա, երկարաժամկետ  ազդեցություն են գործում երեխաների տրամադրության վրա՝ միաժամանակ խթանելով գլխուղեղն ու նոր տեղեկություններ ձեռք բերելով։

Թերևս շատերը կմտածեն՝ նոր տպավորությունների համար շատ գումար է հարկավոր։ Ամենևին։ Դուք կարող եք այցելել մոտակա սրճարան ու պաղպաղակ վայելել՝ խոսելով ամենատարբեր բաների մասին, կատակելով ու ծիծաղելով։

Կարող եք երեխաներին ֆուտբոլ խաղալ սովորեցնել կամ հենց այնպես օճառի պղպջակներ բաց թողնել, երեկոյան զբոսնել քաղաքի փողոցներով, բարձրանալ և իջնել Կասկադի աստիճաններով՝ փորձելով հաշվել դրանք, կամ պարզապես օգնել ճանապարհն անցնող տարեց կնոջը։ Շատ կարևոր է, որ երեխան իր փորձի ընթացքում զգա նաև ծնողի ոգևորությունն ու դրական տրամադրությունը, քանի որ հենց այդպես են ձևավորվում այն հիշողությունները, որոնք մարդու սրտում ջերմություն են ստեղծում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31