Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոն Պիպո» մականվամբ հայտնի անձի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործով մասնակիցներից մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

Օգոստոս 18,2023 19:01

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն, նույն քաղաքում, անօրինական ազդեցության ոլորտը կարգավորելու հարցերը պարզաբանելու, իրենց հակառակորդ համարվող տարբեր անձանց, նրանց համախոհների ու մտերմների կողմից ցուցաբերած հանցավոր ակտիվությունը չեզոքացնելու նպատակով, ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են իրենց բազմաթիվ մտերիմների, այդ թվում «Գոջու տղա Գուգո» մականվամբ հայտնի Գ.Ա.-ին և այլ անձանց: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով Ա.Ա.-ն և Կ.Ղ.-ն վերջինիս անվամբ հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող «Իմպերիա սեքյուրիթի» ՍՊ ընկերությունը և  տարբեր անձանց՝ հատկապես մարզիկների, առաջարկել աշխատանքի անցնել այնտեղ՝ իբրև որպես պահնորդներ:

Հանցավոր կազմակերպության նպատակներին տարբեր եղանակներով հասնելու համար, դրանում ընդգրկված մի շարք անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, դրանց կրակելու համար նախատեսված տարբեր տեսակի փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում՝ դժվարացնելով դրանց հայտնաբերման հնարավորությունը:

2021թ. մարտ ամսին Ա.Ա.-ի և վերջինիս հակառակորդ համարվող անձանց հարաբերությունները սրվել են, որից հետո վերջիններիս հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին Ա.Ա.-ն հանցավոր կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում:

Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հիշյալ համալիր են ժամանել նաև հակառակորդ խմբավորման անդամներն ու կողմնակիցները՝ 4 տասնյակից ավելի անձինք, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի և խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տևողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթևեկությունը, աղմկել են, հայհոյել և փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ,որի ընթացքում առնվազն երեք՝ 9մմ /9×19/, 9մմ /9×18/ և 5,6×15մմ տրամաչափի ակոսափող հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Արդյունքում, Ա.Ա.-ի կողմնակիցներից մեկը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այդ ընթացքում հակառակորդ խմբավորման անդամները ծեծի են ենթարկել Կ.Ղ.-ին՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Հանցավոր կազմակերպության անդամ Գ.Ա.-ն, նախապես վերցրած  և իր մոտ գտնվող «Վինչեստր» տեսակի զենքով, կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով տագնապային իրավիճակում են հայտնվել դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող հասարակական օբյեկտների աշխատակիցները, բնակելի տների և բազմաբնակարան շենքերի բնակիչները, փողոցով պատահական անցնող անձինք: Նշված գործողություններից հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներից մեկին՝ Գ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031