Արցախցիների բռնի տեղահանումից անցել է երեք տարի, սակայն այսօր էլ նրանցից շատերը կանգնած են սոցիալական բարդագույն խնդիրների առջև։
ԱՀ ԱԺ «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը նշում է, որ բնակարանային ծրագրում, որը տրամաբանորեն մշակվել է արցախցիների համար, հաշվի չի առնվել, թե շահառուն, ում համար կազմում են այդ ծրագիրը, ինչպիսի՞ խնդիրներ ունի և կարո՞ղ է բավարարել այն պայմաններին, որոնք նշված են կառավարության որոշման կարգի մեջ՝ սկսած վարկունակությունից և վերջացրած գրավի ապահովումից և այլն։ «Օրինակ՝ կառուցապատման ժամանակ, երբ քաղաքացին դիմում է, որպեսզի այդ ծրագրով անհատական բնակարանի կառուցապատում կատարի, բանկերը նրանից պահանջում են, որ տրված գումարը ապահովվի գրավով։ Դա Կենտրոնական բանկի պահանջն է, և բանկերը չեն կարող դրանից շեղվել, իսկ բռնի տեղահանված անձը դիմել է այդ ծրագրին, որովհետև չունի իր անունով գրանցված անշարժ գույք։ Ստացվում է՝ կարգը պահանջում է, որպեսզի չունենաս քո անունով գրանցված անշարժ գույք, իսկ փաստացի ծրագիրը իրականացնելու համար գործընկեր բանկը պահանջում է, որ դու լրացուցիչ գրավ դնես։ Էլ չեմ խոսում վարկունակության մասին։ Բնակարանային խնդրից ավելի սուր դրված են բռնի տեղահանված անձանց աշխատանքային խնդիրները, մարդիկ չունեն աշխատանք, եթե նույնիսկ ունեն էլ, արդյո՞ք աշխատավարձն այնպիսին է, որ թույլ կտա շահառուին իր վարկունակությունը ներկայացնել և դրանով լրացուցիչ գումար ստանալ տուն գնելու համար։ Քաղաքացիության հետ կապված խնդիրների մասին ևս բազմիցս խոսվել է։ Շահառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դրանից հետո կարողանա դիմել այդ ծրագրից օգտվելու համար։ Էլ չեմ ասում՝ երկրորդային և առաջնային շուկաներում բնակարանների գների անհամապատասխանությունն աջակցության որոշված չափին։ Կառավարության որոշումը, որով սահմանվում է բնակարանային ծրագրից օգտվելու կարգը, դրա յուրաքանչյուր կետը խոչընդոտ է Արցախից բռնի տեղահանված շահառուի համար։ Եթե այս ծրագիրը գործեր ուղղակի բնակարան չունեցող անձանց համար, որոնք իրենց ամբողջ կյանքը անցկացրել են Հայաստանի Հանրապետությունում, միգուցե դա շատ գրավիչ կարգ, ծրագիր լիներ։
Ցավն այն է, որ երբ Արցախի տարբեր ներկայացուցիչներ հանդիպում են պատկան մարմինների, այս իշխանությունների ներկայացուցիչների հետ, նրանք ներկայացնում են այս իդեալական ծրագիրը։ Այս ծրագիրն իդեալական կարող էր լինել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների, նոր ընտանիք կազմող անձանց, շրջաններից Երևան կամ մեկ շրջանից մեկ այլ շրջան տեղափոխված անձանց համար, բայց սա չի կարող լինել դրական և լավ ծրագիր բռնի տեղահանված անձի համար, որն ամեն ինչ կորցնելով՝ հայտնվել է այս իրավիճակում։ Սա է պատճառը, որ մեր և՛ հանրային խոսքում, և՛, եթե հնարավոր է, հանդիպումներում (ցավոք, այս իշխանություններն Արցախից բռնի տեղահանված ամեն անձի չեն լսում, նրանք ընտրում են, թե որ խմբի հետ հանդիպեն, որի հետ՝ ոչ) հայտարարում ենք՝ անհրաժեշտ է, որ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվի սոցիալական ուրույն կարգավիճակ, որտեղ պետք է հաշվի առնեն այս բոլոր խնդիրները, որոնք իր հետ բռնի տեղահանվող անձը բերել է Հայաստան», – «Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































