Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ ասած` չէի էլ ուզում լինել պլատֆորմի համակարգողը, դա ինձ համար բեռ է»․ Գայանե Աբրահամյանը՝ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարության մասին․ «Հրապարակ»

Օգոստոս 19,2023 11:36

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ օգոստոսի 14-ին ՀԱՊ կանոնադրության կոպիտ խախտումներով հրավիրված «պատվիրակների ժողովի նիստը», ըստ որի՝ Գայանե Աբրահամյանն ընտրվել է ՀԱՊ նոր համակարգող` իր փոխարեն, եւ որի արձանագրությունը տարածել է Աշոտ Մելիքյանը, ոչ իրավաչափ է եւ ինքնիրավչության դրսեւորում է, իսկ նիստում կայացված որոշումը՝ առոչինչ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ՀԱՊ քարտուղարության խորհուրդը հիշեցրել էր, որ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանին անվստահություն հայտնելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու մասին «ԱլԳ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի հունիսի 23-ի որոշումն» օրինական ուժ չունի, քանի որ Հովսեփ Խուրշուդյանի լիազորությունները դադարեցնելու մասին առաջարկն արդեն քննարկվել եւ քվեարկվել էր 2023թ. հունիսի 9-ին Պատվիրակների ժողովում եւ չէր ընդունվել: ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու հարցը չէր կարող երկրորդ անգամ քվեարկվել պատվիրակների հունիսի 23-ի ժողովում առանց ՀԱՊ գերագույն մարմնի՝ ՔՀՖ-ի Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի (ՀԱՊ համաժողովի) թույլտվության կամ լիազորման: Մինչդեռ ս.թ. հունիսի 23-ին կայացած ՀԱՊ համաժողովը իր որոշմամբ չլիազորեց ՀԱՊ Պատվիրակների ժողովին՝ որոշում կայացնել հունիսի 9-ի Պատվիրակների ժողովում ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցով կայացած քվեարկության վերաքվեարկման վերաբերյալ:… Ի հավելումն վերոգրյալի. Եվրամիության ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահները եւ ԱլԳ ՔՀՖ քարտուղարության տնօրենը հունիսի 22-ին տեղեկացրել էին իրենց դիրքորոշման մասին՝ առ այն, որ անհրաժեշտ է զերծ մնալ ՀԱՊ-ում ստեղծված իրավիճակի շուրջ հետագա գործողություններից, ինչի մասին ես՝ որպես ՀԱՊ համակարգող, տեղյակ եմ պահել հունիսի 23-ին կայացած ՀԱՊ համաժողովի անդամներին եւ պատվիրակներին։ …Հայաստանի քաղաքացիական հասարակության դավանած ժողովրդավարական արժեքների տեսանկյունից անընդունելի այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, որը սկսվել է դեռ ս.թ. մայիսի 25-ին իմ դեմ անսպասելի կազմակերպած, սակայն տապալված, արտաքին պատվեր հիշեցնող հարձակումից: Այդ հետապնդման նպատակն է՝ կասեցնել իմ ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությունում Եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղման, այդ օրակարգի շուրջ քաղաքացիական եւ քաղաքական ուժերի համախմբման, ինչպես նաեւ Հռոմի ստատուտի վավերացման ուղղությամբ»:

Այս թեմայով զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ:

– Ինչո՞ւմ է Հովսեփ Խուրշուդյանը մեղադրում Ձեզ: Ի՞նչ հակասություն է առաջացել:

– Սա Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ընդհանուր ընթացակարգային հարցն է, իսկ կանոնադրական խախտումներ իրականացրել է Հովսեփ Խուրշուդյանը` թե՛ կանոնադրական եւ թե՛ օրենսդրական խախտումների մասին է խոսքը: Կանոնադրությամբ` այն իրավասու մարմինը, որ կարող էր իրեն հեռացնել, նիստ էր գումարել եւ վերջինիս հեռացրել դեռեւս հունիսի 23-ին, սակայն ոչ մի կերպ այդ ամենը նա չի ընդունում որպես իրավաչափ գործողություն եւ շարունակում է մեղադրել մեզ: Իրականում սրանք ներքին խնդիրներ են: Նա, իհարկե, տանում է քաղաքական դաշտ այս ամենը՝ նշելով, որ մենք պրոռուսական ուժեր ենք եւ որ փորձում ենք իրեն հանել:

– Հովսեփ Խուրշուդյանը հայտարարություն է տարածել` ուղարկելով բոլոր ԶԼՄ-ներին: Իսկ ի՞նչ խախտումներ է նա թույլ տվել:

– Կանոնադրության խախտումներ, Աշխատանքային օրենսգրքի խախտում, պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրենին անօրինաբար հեռացրել է աշխատանքից, եւ այդ գործը դատարան է արդեն մտել, շուտով կքննվի: Սրանք ընթացակարգային հարցեր են, որոնց չեմ ցանկանում անդրադառնալ: Մեր ներքին հարցերն են, չեմ էլ ուզում այդ մասին խոսել: Անկեղծ ասած` չէի էլ ուզում լինել պլատֆորմի համակարգողը, դա ինձ համար բեռ է: Պաշտոն չէ` բացի դա: Եթե ես պաշտոն ցանկանայի, կունենայի: Ունեցել եմ առաջարկներ, օրինակ՝ դառնալ օմբուդսմեն: Այնպես որ, ինձ համար կարեւորն արդարության վերականգնումն է, սակայն մարդը չի ընդունում դա եւ շարունակում է խեղաթյուրել փաստերը, մեծ հաշվով, բայց դա էլ իր խնդիրն է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Գայանե Աբրահամյան դուք չեք ամաչում Հրապարակ թերթին եք հարցազրույց տալիս։ Էլ ուր մնաց ձեր ինթեգրիթին ու մնացած վերամբարձ խոսքերը։ Ամոթ է շատ ամոթ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031