«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումն արդեն 100 օր է՝ գործում է: Այդ առիթով այսօր կազմակերպված «Ստեփանակերտ-Երեւան. ճակատագրական հանգրվան» թեմայով տեսակամրջի քննարկման ժամանակ հարցին՝ ինչպե՞ս կարող եք նպաստել Արցախի անվտանգությանն ու զարգացմանը, եթե ընտրվեք քաղաքապետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց. «Երեւանում մեր հաղթանակով իշխանության կգա մի ուժ, որի լոգոտիպը Միացյալ Հայաստանն է՝ Արցախն էլ հետը: Երեւանում բնակվող մեր հայրենակիցների փոփոխության պատրաստակամությունը կարեւոր է՝ մեր ուժի միջոցով, այն ուժի, ում համար կարմիր գիծ է եղել Արցախը, եթե չասեմ՝ հիմնադրման պատճառ: Երբ պատերազմից 10 օր անց ես գնացի Արցախ՝ աշխատելու, ես հասկացա, որ այլեւս իմ քաղաքական ճակատագիրը մեկընդմիշտ կապված է Արցախի խնդրի հետ: Մենք չենք կարող Արցախի խնդիրը անտեսել կամ համարելով, որ լուծումները, որոնք Արցախի ժողովրդի համար անընդունելի են, նաեւ մեզ համար՝ ՀՀ-ում ապրողների համար, թողնել ինքնահոսի այն իշխանության ներքո, ովքեր արդեն հրաժարվել են հանդիսանալ Արցախի ժողովրդի շահերի պաշտպան»:
Թանդիլյանը նշեց, որ երբ քննարկումներ են արել, հասկացել են, որ իրենք միայնակ չեն այդպես մտածում ու համախոհ են Ռուբեն Վարդանյանի հետ. «Եթե խնդիրները չեն լուծվում Հայաստանում, լուծվում են մեկ այլ տեղ: Մենք պիտի ստեղծեինք ուժ, որը պիտի ուժեղանա ու պատրաստ լինի պատասխանատվություն ստանձնել: Երեւանում փոփոխությունները բերելու են համատարած փոփոխության ամբողջ Հայաստանում ու կարեւոր եմ համարում, որ Երեւանը դերակատարում ունենա Արցախի հայապահպանության գործում: Մասնավորապես, ես տեսնում եմ, որ այսօր անգամ մենք կարող էինք ծրագրեր ունենալ դպրոցների հետ, կարելի էր հեռավար եղանակով դասընթացներ անցկացնել, բժշկական կոնսուլտացիաներ անցկացնել՝ հասկանալով, որ շրջափակման մեջ է Արցախը, գիտաժողովներ անել համատեղ, որպեսզի մարդիկ իմանան Արցախում, որ հայ ժողովուրդը, մայրաքաղաքը իրենց հետ է: Ես ցավում եմ, որ Փարիզի քաղաքապետը գալիս, հասնում է, աջակցություն է առաջարկում Արցախին, իսկ Հայաստանում քաղաքապետի համար պայքարողները, այդ թվում՝ իշխանական թեկնածուն ասում է՝ ինձ Արցախից հարցեր մի տվեք: Սա ցավալի արձանագրում է եւ սա պիտի ավարտվի Երեւանի ընտրություններով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































