Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ողջ նյութական մշակութային ժառանգությունը վտանգված է». ԻԿՕՄՕՍ-Հայաստանի գործադիր տնօրեն

Հոկտեմբեր 02,2023 13:10

«Այս տարվա սեպտեմբերի 1-9-ը Սիդնեյում տեղի ունեցավ միջազգային ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր ասամբլեան, որտեղ ներկայացվում են բանաձեւեր ու քննարկվում խնդիրներ, որոնց վրա մանդատի շրջանակում հնարավոր է ներգործություն ունենալ: Քանի որ հնարավորություն կար միջազգային հարթակներում ինչ-որ հարց բարձրացնել, մենք եւս օգտվեցինք այդ հնարավորությունից: Հայաստանից մասնակցեցին 3 հոգի՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանի գլխավոր քարտուղար Նատալյա Գյուլնազարյանը, նախկին գլխավոր քարտուղար, ԻԿՕՄՕՍ-Հայաստանի անդամ Գոհար Գեւորգյանը եւ Լոլա Գրիգորյանցը, որը նույնպես անդամ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտեի) գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

«Մինչեւ գնալը վարչության նիստ հրավիրեցինք ու որոշեցինք, որ պետք է երկու հարց բարձրացնենք, մեկը վերաբերում էր Արցախ ուխտագնացությանը, ընդ որում՝ այն ժամանակ դեռ ամբողջ Արցախը չէր անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո: Զեկույցը կոչվում էր «Ուխտագնացությունը որպես ոչ նյութական ժառանգություն»: Այդ համատեքստում ներկայացրել էինք, որ հայերը զրկված են Ադրբեջանի կողմից գրաված Արցախի տարածքներում ուխտագնացություն իրականացնելուց, իսկ դա մարդու իրավունքների հստակ խախտում է: Դրա վերաբերյալ զեկույց եղավ, հիմնական թեման որպես ուխտագնացության վայր՝ Ամարասը, Գանձասարն ու Դադիվանքն էին: Այն ժամանակ Դադիվանքն իրենց գրաված տարածքում էր, իսկ Ամարասը սահմանակից էր եւ այցելելու դժվարություններ կային: Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին ասամբլեային: Ադրբեջանը տվյալ հարցի քննարկման ժամանակ չմասնակցեց, Թուրքիան մասնակից եղավ եւ չեզոք պահեց, իսկ մյուսները ողջունեցին թեման: Նպատակն էր, որ միջազգային ԻԿՕՄՕՍ-ն ընդունի համապատասխան փաստաթուղթ, որը հարցի համար հնչողություն կապահովի միջազգային հարթակում»,-տեղեկացրեց Գագիկ Գյուրջյանը:

«Մյուս հարցը վերաբերվում էր Անիին: Եթե հիշում եք 2015թ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը բանաձեւ էր ընդունել, որ Անիի Ամենափրկիչ եկեղեցու եւ Մայր տաճարի վերականգնումների ժամանակ անպայման լինի միջազգային փորձագետների խումբ, որպեսզի վերանորոգման ժամանակ աղավաղումներ չլինեն, եւ որ միջազգային խմբում պարտադիր մասնակցություն ունենան Հայաստանի ու Թուրքիայի ԻԿՕՄՕՍ-ի ներկայացուցիչները: Ամենափրկչում մասնակի վերականգնման եւ ամրակայման աշխատանքներ էին արվել, ընդունված բանաձեւն աշխատել էր եւ մասնակցել էր միջազգային փորձագետների խումբը, այդ թվում՝ մեր ներկայացուցիչը: Ամենափրկչի վերականգնումը վերջացրել են, Մայր տաճարի վերականգնման աշխատանքները սկսվել են, բայց հայկական կողմի մասնակցության հրավեր չկար: Ստացվում էր՝ միջազգային ԻԿՕՄՕՍ-ի ընդունած բանաձեւը կիսով չափ է աշխատել: Դրա համար մենք կրկին հարց բարձրացրինք իրենց առաջ, որպեսզի հետամուտ լինեն խնդրին»,-ավելեց նա:

Գագիկ Գյուրջյանն անդրադարձավ նաեւ իրավիճակի փոխվելուց հետո կատարված քայլերին, երբ արդեն ամբողջ Արցախը դատարկվել է, եւ հայկական մշակութային ժառանգությունը, որ մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, վտանգված է:

«Միջազգային ԻԿՕՄՕՍ-ն այն ժամանակ առաջարկել էր, որ մեր ներկայացրած խնդիրը շարունակություն ունենա, ինչի համար անհրաժեշտ էր Արցախի ուխտագնացության խնդիրն ընդգրկել «Եվրոպա Նոստրայի» կողմից առաջարկվող ամեն տարվա 7 ամենավտանգված ժառանգության ցանկերում: Փաթեթն արդեն պատրաստ էր, բայց քանի որ արդեն իրավիճակ է փոխվել, այնտեղ ոչ միայն ուխտագնացության հարցն է բարձրացված, այլ ամբողջ մշակութային ժառանգությունը: Մենք ամբողջովին վերափոխել ենք «Եվրոպա Նոստրային» ուղղված մեր փաթեթը: Վերնագրել ենք «Դադիվանքը՝ որպես ուխտագնացության վայր» , որպեսզի ոչ նյութական ժառանգությունը կապենք նյութականի հետ եւ ամբողջ Արցախի նյութական մշակութային ժառանգությունը որպես վտանգված ժառանգություն ներկայացնենք: Այժմ աշխատում ենք նյութերի վրա, փաստեր եւ լուսանկարներ ենք հավաքում»,-ասաց ԻԿՕՄՈՍ-Հայաստանի գործադիր տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիամաքսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031