Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչությունը գործում է առավելագույն արդյունավետությամբ

Հոկտեմբեր 04,2023 17:50

Երևույթները, որոնց ականատես ենք լինում հայ հասարակությունում, մեղմ ասած, խոսում են հասարակության հիվանդ լինելու մասին: Արցախի կորուստը չընկալվեց որպես հայկական պետականության մի հատվածի կորուստ: Ավելին, այս աղետից հետո հանրությանը հրամցվող «փորձագիտական վերլուծություններն» ի ցույց են դնում, թե հանրությունն ինչ հեշտությամբ է յուրացնում քարոզչությունը, որը թմրեցուցիչի յուրահատուկ դեր է խաղում: Դրա շնորհիվ մարդիկ կորցնում են իրականության զգացումը և մոռանում սկզբունքների մասին: Բերենք այս տեսակ «վերլուծությունների» մի քանի ցայտուն օրինակ:

1/ «Շուրջ բոլորը «ագենտներ» են՝ Կրեմլի շահը սպասարկող գործակալներ, ովքեր խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»: Գործակալի պիտակը փակցնում են հատկապես այն անձանց վրա, ովքեր վշտացած են Արցախի կորստով և դրա համար հանդգնում են մեղադրել Հայաստանի անկախության համար «օրուգիշեր պայքարող իշխանություններին»: «Արցախի մասին ես խոսում, ուրեմն դու Կրեմլի ագենտ ես»:

2/ Մերձիշխանական շրջանակները զարմանում են, թե ինչու Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Ադրբեջանին ինքնակամ հանձնվելու փոխարեն ինքնասպան չի եղել: Այս զազրելի թեզն առաջ քաշողները միանշանակ գոնե մեկ անգամ հպարտությամբ հռչակած կլինեն՝ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է: Ավելի լավ էր առաջինը չլինեինք, բայց իրապես քրիստոնյա լինեինք: Իրեն քրիստոնեական կրոնի անդամ համարող հայը չէր կարող ինքնասպանությունը ճիշտ լուծում համարել: Ինքնասպանությունը քաջության դրսևորում չէ, այլ մեղք Աստծու հանդեպ:

3/ «Լավ եղավ բռնեցին Ռուբեն Վարդանյանին, ինքը ռուսի ասածն էր անում»: Այստեղ կարելի է միայն ցավով արձանագրել, որ հայեր կան, որոնք հրճվում են հայ մարդու՝ Բաքվի նվաստացուցիչ, ստորացուցիչ և հայատյաց գործողությունների զոհը դառնալու փաստով: Որևէ հայ արժանի չէ հայտնվել Բաքվի բանտում և արժանանալ Ադրբեջանի լպիրշ ռեժիմի անմարդկային վերաբերմունքին:

4/ «Մակրոնի ցավը տանեմ, մեր համար ամեն ինչ անում ա», «Բլինքենը հայերի կողմից ա, զանգել Ալիևին ասել ա՝ մոռացիր Զանգեզուրի մասին»: Հայեր կան, որոնք մեր ազգի բարեկամ են համարում այն մարդկանց, որոնց թողտվությամբ և միգուցե նաև ուղիղ ներգրավվածությամբ Ադրբեջանին հնարավորություն ընձեռվեց գրավել, այնուհետև հայաթափել Ղարաբաղը: Մարդիկ կան, որոնք ընդունում են այս հանգամանքը, բայց ուրախությամբ արձանագրում, որ սա քայլ է Ռուսաստանի ուղեծրից դուրս գալու և Արևմուտք ինտեգրվելու ճանապարհին: Ռուսաստանը Հայաստանի բարեկամն ու դաշնակիցը չէ, բայց արդյո՞ք այս միջոցով՝ հայկական հողի զոհաբերությամբ, պետք է տեղի ունենար Մոսկվայից «պոկվելու» գործընթացը:

 

Այն, որ քարոզչությունն աշխատում է առավելագույն արդյունավետությամբ հավաստվում է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս մեր երկրի վարչապետն է: 5-10 տարի առաջ դժվար թե ժողովուրդն ընդուներ այն ղեկավարին, որի օրոք կորսվել է Արցախը: Ամեն դեպքում սա էլ քարոզչությամբ լուծվեց: Այս օրերին հաճախ ենք լսում «ղարաբաղցիները սրան էլ արժանի էին, 30 տարի մեր կյանքը կերան» և անբարո այլ արտահայտություններ:

Մեր երկրի մի մասը կորցրինք, բայց դա չընկալվեց որպես համազգային ողբերգություն: Սակայն, երբ քարոզչամեքենան սպառվի, նոր կգիտակցենք, որ վերջին տարիները մեր ազգի ամոթալի տարիների շարքին են պատկանում: Միգուցե այդ ժամանակ ինչ-որ վերածնունդ տեղի ունենա, բայց դա մեծապես կախված է նրանից, թե ինչ ակտիվություն կցուցաբերեն հայ մտավորականները:

Դե բայց անհանգստանալու շատ բան չկա: Ազգային Ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը և բոլորս կփրկվենք…

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031