Հայաստանի Հանրապետության իշխանության թեզը՝ հրաժարվել Արցախից՝ դրա դիմաց խոստանալով խաղաղություն, որեւէ կերպ աղերս չունի իրականության հետ։ Հակառակը, այս թեզը մեզ շատ ավելի է մոտեցնում պատերազմին։ Բացի դա, Արցախից հրաժարվելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին։ Պահանջների թվում է նաեւ հայկական բանակի սահմանափակումը, օտար ուժերի վերահսկողությունը ՀՀ նկատմամբ, ինչը ոչ միայն մեր պետականությանը, այլ նաեւ ինքնությանն ուղղված անմիջական սպառնալիք է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։ Նա հայտարարեց, որ սկսում են Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու գործընթաց՝ Արցախի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։

Սուրեն Պետրոսյանը հիշեցրեց, որ Արցախի նախագահի հրամանագրով հունվարի մեկից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ «Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավական նորմերին, թե ինչի ներքո է այս գործընթացը տեղի ունեցել, այլ նաեւ հակասահմանադրական է։ Այսօր մենք խնդիր ունենք վերականգնելու Արցախի Հանրապետության սահմանադրական կարգը, քանի որ փորձ է արվում Արցախը լուծարել հակասահմանադրական միջոցներով։ Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունները հանդիպեցին Եվլախում, եւ չափազանց մեծ ճնշումների ներքո ստորագրվեցին որոշ փաստաթղթեր, որոնք միջազգային իրավունքի համաձայն՝ կարող են չեղարկվել։ Մասնավորապես, դրանք հակասում են Վիեննայի կոնվենցիային։ Հետեւաբար, ինչպես արդեն նշեցի, մենք խնդիր ունեք վերականգնելու Արցախի սահմանադրական կարգը եւ Արցախի բնականոն աշխատանքը, բայց վտարանդի կառավարության շրջանակներում։ Սա մեզ թույլ կտա ամրապնդել ու ամրագրել մեր բանակցային տրամաբանությունը, այսինքն՝ մենք չենք փակում Արցախի էջը, շարունակում ենք վիճարկել Արցախի խնդիրը։ Այսինքն՝ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ մեր օրակարգում, եւ մենք այս օրակարգից այնկողմ չենք անցնում։ Սրանով նաեւ վերականգնվում է Արցախի սուբյեկտայնությունը, որով Արցախի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունից կարող է հարաբերվել միջազգային հանրության հետ եւ այս օրակարգը շարունակաբար տանել առաջ»,- հավելեց նա։
Պետրոսյանի խոսքով՝ այս գործընթացի համար կան բոլոր հնարավորությունները՝ սկսած մարդկային ռեսուրսով, վերջացրած այլ հնարավորություններով։ Այս նախաձեռնության իրագործման նպատակով կստեղծվի տեղեկատվական շտաբ, որը պարբերաբար կիրազեկի գործընթացի փուլերի մասին։ Հայաստանում շենք-շինություններ պետք է հատկացվեն, որտեղ կշարունակի գործել Արցախի կառավարությունը եւ Արցախի Ազգային ժողովը։ Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ իրավական գործընթացը պետք է առաջ տանեն Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները, որոնք կարող են բախվել խոչընդոտների ու ճնշումների առաջին հերթին հենց Հայաստանի իշխանությունների կողմից։ Հետեւաբար, կարեւորն է, որ լրատվամիջոցները ակտիվ լինեն լուսաբանման հարցում։
Կարդացեք նաև
Սուրեն Պետրոսյանն ասաց, որ այսօրվա ասուլիսից հետո Արցախի պատգամավորների հետ աշխատանք կսկսեն՝ իրագործելու այս նախաձեռնությունը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































