Ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը՝ 16։30-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ բոլորի կողմից սպասված «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն ունի սեփական Կրթական «Օսկար»-ը և տարվա այն օրը, երբ մարզահամերգային համալիրի դահլիճում հավաքվում են Հայաստանի և Արցախի ամենապայծառ ու խելացի աշակերտները ու նրանց այդպիսին դարձնող լավագույն մանկավարժները:

2020 թվականին ստեղծված «Կորիզ» կրթական շարժումը ընդամենը 3 տարվա ընթացքում իր շուրջը համախմբելով գաղափարակից շուրջ 5 տասնյակ ընկերություն և Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց՝ կարողացավ իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
Koreez 2023 կրթական մրցանակաբաշխությանը ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 80 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, հանգստի հնարավորություն Հայաստանի լավագույն հյուրանոցներում և այլն)։
Լավագույն աշակերտների ուսուցիչները ստացան նաև 500.000 դրամային մրցանակներ։ Մրցույթին մասնակցել են ՀՀ և ԱՀ շուրջ 1184 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 18․250 աշակերտ։ Կրթական երեկոյի ժամանակ Koreez-ի թիմը ներկայացրեց 5–12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված նոր Koreez կրթական բջջային հավելվածը։
Koreez հավելվածի հետ առաջին անգամ Հայաստանում դպրոցական ծրագիրը մեր երեխաներին հասանելի կդառնա՝ իր առանձնահատկությունների և իր ունեցած գիտելիքի հիման վրա։
Հիշեցնենք, որ Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 14 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Այն առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 3-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։
Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։
Koreez 2024 մրցույթի գրանցումներն արդեն մեկնարկել են: Այս տարի մրցույթին հնարավորություն կունենան մասնակցել նաև 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտները։ Koreez-ը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր իր գործընկերներին՝ ուսուցչի մեծարման և կրթությունը խրախուսելու արշավին միանալու համար։
Dasaran կրթական կենտրոն



















































