Լրահոս
Օրվա լրահոսը

Ետուրարտական «թագավորության» փայլն ու թշվառությունը

Հոկտեմբեր 17,2023 23:20

Մենուայի որդի Արգիշտի Արքայի խստաբարո հայացքի ներքո` փորագրված Երևանի քաղաքապետարանի դահլիճներից մեկի պատին, ետուրարտական «թագավորության» ներկայացուցիչները` անցած շաբաթ նոր քաղաքապետ օծեցին։

Վեհաշուք տպավորվելու ձգտում դրսևորած այդ արարողությունը տեղի ունեցավ Արցախ աշխարհի Ադրբեջանին հանձնելուց ու հայաթափվելուց մոտ քսան օր անց, երբ հազարավոր տեղահանված արցախցիներ բեռ ու բարձը մեջքին կապած՝ կտուր են փնտրում, դեռ հուղարկավորվում են զոհերը, իսկ Ադրբեջանի  բանտերն էլ լեցուն են հայ գերիներով։ Քսան օրը, ըստ իշխող վարչակազմի, բավարար ժամանակ էր՝ բնականոն, հանդիսավոր կյանք վերադառնալու և տեղի ունեցած ողբերգությունը պատմության դասագրքեր ուղարկելու համար։

Մի պահ զգաստանալ, լռել, ինքնամփոփվել, հետո փառաբանել ընկած ու կենդանի հերոս տղաներին, անաչառ վերլուծել արածն ու չարածը․․․։ Չէ, այդ կերպ, ոչ մի պարագայում չէր կարելի անել, քանզի ետուրարտական «թագավորության» փայլը կխամրեր։ Իսկ այդ փայլը պետք է տեղը պահել և այդ փայլը տեղը պահելու միակ ձևը՝ ձև անելն է, որ ամեն ինչ ընթանում է իր հունով, որ «թագավորն» ու «արքունիքը» ընկճված չեն, քանզի իրենց մեղավոր չեն զգում, որ խոստացված ապագան արդեն եկել է՝ փայլուն ներկայի տեսքով ու, ահա՝ Արգիշտի Արքայի հայացքի ներքո, ողջունում է ՀՀ հպարտ և Արցախի՝ գաղթական դարձած քաղաքացիներին։

Վերջերս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում անդրադառնալով Սնուփ Դոգի նախատեսված համերգին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե՝ մենք դա անում ենք Հայաստանի անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, ծնկի է եկել։ «Հայաստանը ապրում է, զարգանում է, Հայաստանը կա և լինելու է»,- բացատրել էր իր ընտրազանգվածին վարչապետը։ Չեմ կարող ասել, թե վարչապետի ընտրազանգվածը ինչպես էր ընկալել այդ բացատրությունը, սակայն, չընտրազանգվածը միանշանակ կարող է պնդել, որ պետական մտածելակերպ ունեցող այրը չի կարող նման բացատրություն տալ։ Դա ցուցամոլ ընչազուրկի հոգեբանություն է՝ տանը հաց չկա, բայց պանդոկ եմ գնում, այն էլ՝ ֆայտոնով։

Պետական մտածելակերպի և թշնամուն անկոտրում ոգու ցուցադրման օրինակ էր 1941 թվականի նոյեմբերի 7-ին Կարմիր Հրապարակում կազմակերպված Ռազմական շքերթը, որը տեղի ունեցավ այն պահին, երբ ֆաշիստական զորքը գտնվում էր Մոսկվայի մատույցներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Իսկ Սնուփի համերգը կամ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ կանգնեցնելով ուրարտական բուտաֆորիկ զինյալների՝ պաթետիկ թատերականացմամբ, ինքնագոհ ու փքուն նոր քաղաքապետ օծելը, ընդամենը՝ նվաստացուցիչ պարտություն և ողբերգական կորուստներ կրած «թագավորության» թշվառությունը՝ արտաքուստ շինծու փայլի տակ թաքցնելու պարզ օրինակ է։

Կարո՞ղ էր, արդյոք նորընտիր քաղաքապետին թագադրելու այդ հույժ կարևոր արարողությունը հետաձգվել մի որոշ ժամանակով։ Կարծում եմ, որ կարող էր։ Կարո՞ղ էր այն տեղի ունենալ, բայց, ասենք, լինել զուսպ, չթատերականացվել։ Կարող էր, միանշանակ։ Կնվազե՞ր այդ պարագայում Երևանի նորընտիր քաղաքապետի լեգիտիմությունը կամ պարտականություններին լծվելու նրա եռանդը։ Համարձակվում եմ կարծել, որ՝ ոչ։ Սակայն, այդ պարագայում, ինչպես արդեն նշեցի, «թագավորությունը» կզրկվեր փայլից։

2020 թվականի նոյեմբերի 9-ից և 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո, Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ կիրառելով ամեն տեսակի քարոզչական հնարք, ջանք չի խնայում, որպեսզի արժեզրկի Արցախի կորստի ցավեցնող գիտակցությունը հասարակության ընկալումներից։

Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Ադրբեջանը արգելափակեց Լաչինի միջանցքը և այդ պահից սկսած, 120 000 մարդ ինը ամիս շարունակ սովահար ու տառապյալ՝ դիմացան արհավիրքին։ Այդ 120 000 մարդը, ի դեպ, ՀՀ քաղաքացիներ էին ու են։

Սակայն, ուշագրավ փաստ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղեկատվական հոսքերը մոնիթորինգի ենթարկելու արդյունքում պարզվում է, որ ինը ամիս շարունակ սովի ու շրջափակման մատնված արցախահայեր իրականում գոյություն չեն ունեցել այն իրականության մեջ, որտեղ ապրել ու գործել է իշխող վարչակազմը։ Եթե, օրինակ, մի պահ պատկերացնենք, որ բացի իշխանական լրահոսը, Հայաստանում չկան այլ լրատվական հոսքեր ու լրատվամիջոցներ, ապա այդ պարագայում դժվար կլինի կռահել, թե ընդհանրապես, ինը ամիս շարունակ նման խնդիր է գոյություն ունեցել։

Եվ ուրեմն, Արցախի շրջափակումից ի վեր, մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրահոսում չեք հանդիպի ոչ մի հիշատակում այն մասին, որ ՀՀ 120 000  քաղաքացի սովյալ են ու գերյալ և, որ նրանք էթնիկ զտման ենթարկվելու վտանգի առջև են կանգնած։ Նման հիշատակումը, թերևս «թագավորության» փայլին սազ չէր գա։

Փոխարենը, կուսակցական ինֆորմացիոն-քարոզչական ընդհանուր հոսքի մեջ՝ հավասարակշռված և համառ պարբերականությամբ, իմքայլականների կողմից լսարանին է հրամցրվում «նախկիններ» անվանումը կրող քարոզչական նյութը, որն արդեն քրքրվել է օգտագործվելուց, սակայն չունի փոխարինող այլ բան։

Մայիս 2-ին խորհրդարանական ելույթի ժամանակ Հակոբ Արշակյանն հայտարարում է․ «․․․Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունը գլխատելու համար՝ դատվելու են։ Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին Երևանի փողոցներում Հայաստանի քաղաքաքացիների գնդակահարումը՝ դատվելու են։ Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են հայկական բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հռթիռներ, քրեական բարքեր են ներմուծել հակական բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի- բարեկամ միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցվածքին՝ դատվելու են և դատվում են։ Եվ չեն մարսելու այդ գողացվածը․․․»։

Եթե Հակոբ Արշակյանի այս միտքը լսելու պահին մոռանաս, որ արդեն 2023 թվականի մայիսն է, ապա հանգիստ կարող ես քեզ զգալ հինգ տարով ջահել՝ 2018 թվականի հովերով տարված։ Եվ սա հստակ թիրախավորված քարոզչական քաղաքականություն է, ինչը նորություն չէ, իհարկե։

Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի քարոզչական քաղաքականության մեջ իշխանության գալից ի վեր «նախկինները» հանդիսացել և, զարմանալի չէ, որ շարունակում են հանդիսանալ, մասնագիտական լեզվով ասած, «ազդեցության գործակալներ»՝ հասարակական կարծիքի վրա ազդող գործիքներ։ Մտածեք, ուրիշ ի՞նչ նյութի շուրջ իշխող վարչակազմի անդամները կարող են ծավալել իրենց քարոզչությունը, եթե դեն նետեն «նախկիններ» խաղաքարտը։

Բացարձակ ոչ մի, քանի որ այդ պարագայում նրանք պետք է ունենան իրական, շոշափելի, ծանրակշիռ նվաճումներ՝ ձեռք բերած իրենց կառավարման հինգ տարիների ընթացքում։ Իսկ այդպիսիք, ցավոք, չկան։

Եվ հակառակը՝ կան ճակատագրական ու խայտառակ ձախողումներ։ Այնպես որ, «նախկինները» հանդիսանում են և հանդիսանալու են այն սև ֆոնը, որի վրա առավել լավ է արտացոլվում ետուրարտական «թագավորության» բուտաֆորիկ փայլը։

 

Նաիրա Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031