Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ մշակած ծրագրով այս հինգ տարիների ընթացքում բնակարան էին ստանալու 5,000 սպայական ընտանիք: Ո՞ւր են այդ բնակարանները. Վիգեն Սարգսյան

Հոկտեմբեր 26,2023 22:15

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրում է.

«Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»:

Մամուլը զբաղեցնելու և հանրության համար նոր զվարճանք բեմադրելու համար դատախազությունը իմ դեմ «նոր քրեական վարույթ» սկսելու մասին ամպագորգոռ հայտարարություն է տարածել: Իրականում, խոսքը վերաբերում է այն նույն գործին, որ Հայաստանի բոլոր քննչական ատյաններով կարում էին դեռ 2019թ-ից:

Գործը նույնն է. հայ քննիչն ու դատախազը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրում են առ այն, որ ՊՆ բնակելի շենքից բնակարաններն առաջնահերթ հատկացվել են առնվազն հինգ տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին: Նրանք պնդում են, որ ես դա արել եմ «խմբային շահերից ելնելով», չարամիտ դիտավորությամբ:

Նորությունն էլ հետևյալն է. գործով բացի ինձանից անցնող բոլոր «մեղադրյալների» մասով վարույթը կարճվել է: ՊՆ հանձնաժողովի անդամներին որպես մեղադրյալ ներգրավելուց և դատվելու սպառնալիքով նրանցից քննիչների թյուր պատկերացմամբ «հարմար» վկայություններ կորզելուց հետո, նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրել են: Ըստ համաներման մասին 2018թ. օրենքի նրանց հանդեպ վարույթի հարուցումն ի սկզբանե պետք է մերժվեր: Բայց արի ու տես, որ 2018-ին ընդունված համաներումը կիրառվում է միայն իմ դեմ «մեղադրական» փաթեթն ամփոփելուց հետո:

Կհիշեք, որ երբ այս կրկեսը մեզ լավ հայտնի պատճառներով նոր թափ ստացավ 2023-ի փետրվարին, ես հորդորեցի հրապարակել իմ «հանցավորության» հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Իհարկե դա չարվեց: Բայց արի ու տես, որ մի փոքր ուսումնասիրելով հարցը քննչական մարմինն հանգել է այն եզրահանգման, որ իրոք այն տասներկու տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր վարույթն, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց զրկել են «տուժողի» կարգավիճակից:

Նորայր Նորիկյանի վստահորդներն օգտագործվեցին նեղ շահադիտական խմբային նպատակներով և դուրս նետվեցին (տե՛ս քննչական մարմնի որոշումից համապատասխան հատվածը): Ցավում եմ « նախկին տուժողների» համար, քանի որ վստահ եմ, որ նրանց մեջ է՛լ կան ազնիվ մարդիկ: Բայց, կարծում եմ, մի փոքր մտածելու պարագայում, իրենք պետք է հասկանային, որ իրենք ընդամենը միջոց են:

Իհարկե, առանց խախտված իրավունքի գործ չի լինում, և սուրբ վայրը պարապ չթողնելու համար քննիչները հավաքագրել են 30 նոր «տուժող», ում, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականացնող շատ օրինակելի համհարզ-սպան, և շատ ուրիշներ: Միակ պատճառը, որ ես այդքան վստահ խնդրում էի հրապարակել ցուցակներն, այն էր, որ ես համոզված էի և համոզված եմ, որ այդ որոշումների կայացման մեջ չկար շահագրգռվածության որևէ նշույլ, կոռուպցիոն որևէ հատկանիշ: Կար միայն այդ պահի նեղ հնարավորություններն առա՛վել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում:

Այսպիսով, իմ խնդրանքի առաջին մասը բավարարվել է: Բնակարան չստացածների ցանկը հրապարակվել է և քննչական մարմնի կողմից էլ հաստատվել, որ նրանց իրավունքները չեն խախտվել: Մնում է ուժ գտնել և հրապարակել բնակարան ստացածների ցանկը` նշելով նրանց վաստակը Զինված ուժերի համար: Դրա օրն էլ կգա:

Միայն մի հարց. 2018-23 թթ հեչ բնակարան չի՞ կառուցվել ՊՆ-ի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ այս 30 տուժողները, ում ՊՆ-ն, ըստ մեղադրական կողմի պետք է բնակարանով ապահովեր դեռ 2018-ին մինչ օրս բնակարանավորված չեն: Անհասկանալի է:

Իմ մշակած ծրագրով այս հինգ տարիների ընթացքում բնակարան էին ստանալու 5,000 սպայական ընտանիք: Ո՞ւր են այդ բնակարանները: Իմ շատ սիրելի՛ զինծառայողներ, ովքեր հիմա նոր տուժող են կարգվել, ցավով զգուշացնում եմ, որ ձեզ է՛լ ընդամենն օգտագործում են իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարում: Եթե ձեր մասին մեկ գրամ մտածեին, դուք արդեն ձեր նոր տներում կբնակվեիք»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031