Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ը բացահայտել ենք… Հազարավոր պարկուճները փոխելու, քրեական գործի նյութերը, ցուցմունքները փոխելու մասին տեղյա՞կ եք». Սասուն Խաչատրյան

Նոյեմբեր 01,2023 16:08

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ՀՔԾ նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ աղմկահարույց գաղտնալսման ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Մարտի 1-ի գործը բացահայտելու եք, բայց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը արդարացվեց, 5 տարի պաշտոնավարում եք եւ չբացահայտվեցին սպանությունները այդպես էլ: Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ սպանությունների չբացահայտման պատճառների մասին բազմիցս խոսել է. «Ես ասել եմ՝ սպանությունները բոլորը բացահայտելո՞ւ ենք: Մարտի 1-ը բացահայտել ենք»:

Հարցին՝ ո՞վ էր հրաման տվել 10 հոգու գնդակահարելու, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մեղադրական եզրակացությունը Մարտի 1-ի գործով արդեն հասանելի է, կարող եք վերցնել նաեւ մեր մեղադրանքները, շարադրումները, 1000 մեղադրանքներ են առաջադրվել այդ գործով ե՛ւ հրաման տվողներին, ե՛ւ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես ՍԴ-ի որոշումից հետո կոռեկտ չէ այլ կարծիք ես հայտնեմ, բայց վերցրեք մեղադրական եզրակացությունը կարդացեք, յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը ե՛ւ ձեռք բերված ապացույցների վերաբերյալ, ե՛ւ հազարից ավելի պարկուճները կեղծելու վերաբերյալ, ե՛ւ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ, վերցրեք նայեք: Ինչ վերաբերում է Գեղամ Պետրոսյանի արդարացմանը, ավելի լավ կլիներ ոչ բավարար ապացույցներով մարդու գործն ուղարկեին դատարա՞ն: Զարգացած ժողովրդավարական երկրներում ե՛ւ արդարացման դատավճիռներ են լինում, ե՛ւ քրեական հետապնդման դադարեցումներ են լինում: Դա նորմալ երեւույթ է»:

Դիտարկմանը՝ մարդուն պահեցիք կալանքի տակ, հետո արդարացվեց, զարգացած երկրներում նման ձախողման համար հրաժարական կտային՝ Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Մենք շատ բարեխիղճ ենք աշխատել: Որ գործի նյութերին ծանոթանաք, կզգաք ինչքան բարեխիղճ ենք աշխատել: Մի հատ վերցրեք նայեք մեղադրական եզրակացությունը, էլի»:

Երբ ասացինք՝ ոչ մի բան չապացուցվեց, հեքիաթի նման վերցնենք նայենք ձեր եզրակացությունը, դա ի՞նչ է մեզ տալու, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ինչո՞ւ հեքիաթի նման, ապացույցները շարադրված են մեղադրական եզրակացության մեջ»:

Հարցին՝ ի՞նչ նորություն կա այդտեղ, որ հանրությունը տեղյակ չէ, հորդորում եք նայել՝ նա ասաց. «Հազարավոր պարկուճները փոխելու տվյալներին տեղյա՞կ եք: Քրեական գործի նյութերը, ցուցմունքները փոխելու մասին տեղյա՞կ եք: Ես փաստերի մասին եմ խոսում»:

Հարցրեցինք՝ Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ ի՞նչ բացահայտումներ եք արել, որովհետեւ ընդդիմադիրները պնդում են՝ նա՛ է Մարտի 1-ի պատասխանատուն՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Վերցրեք մեղադրական եզրակացությունը, կարդացեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930