Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ ստիպված կա՛մ պիտի ընտրեն ՀՀ քաղաքացիություն, որ ստանան իրենց թոշակը, կա՛մ մնան որպես փախստական»․ Լիաննա Պետրոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների խնդիրների մասին

Նոյեմբեր 02,2023 18:27

«Բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսվել և իրականացվում էին Արցախի Հանրապետության կառավարության կողմից, բոլորն այս պահին կասեցված են»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հասարակական գործիչ, լրագրող Լիաննա Պետրոսյանը։

2020-ի պատերազմի պատճառով մեր զրուցակիցը ևս ստիպված է եղել հեռանալ Հադրութից և տեղափոխվել Երևան։

Ըստ Լիաննա Պետրոսյանի՝ խնդիրն այն է, որ ըստ ՀՀ կառավարության որոշման՝ անձանց թոշակ և այլ նպաստներ պետք է տրվեն այն ժամանակ, եթե մարդն ընդունի  ՀՀ քաղաքացիություն․ «Այսինքն՝ դրա համար պետք է, որ անձը փոխի իր հաշվառումը, Արցախի հաշվառումից դուրս գա, ստանա նոր անձնագիր, ՀՀ անձնագիր, ՀՀ հաշվառումով որևէ բնակավայրում, որպեսզի կարողանա իր հասանելիք թոշակը, նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի համար նպաստը, փոխհատուցում զոհվածի կնոջը, ընտանիքին  և այլն ստանալ»։

Լիաննա Պետրոսյանը նշեց՝ փաստացի ստացվում է, որ մարդուն պարտադրում են ընդունել քաղաքացիություն, հրաժարվել իր՝ փախստականի կարգավիճակից, և արդեն դրանից բխող մնացած բոլոր գործընթացներից․ «Այսինքն՝ մարդիկ ստիպված պիտի ընտրություն կատարեն. կամ ընտրում են ՀՀ քաղաքացիություն, որ ստանան իրենց թոշակը՝ ըստ ՀՀ սահմանված նորմերի, կամ մնում են որպես փախստական, չեն ստանում թոշակ, նպաստ և այլն, բայց ստանում են ինչ-որ աջակցություններ»։

Լիաննա Պետրոսյանը նշեց, որ մեկ այլ խնդիր է նաև այն անձանց խնդիրը, որոնք  2020-ին տեղահանվել և Արցախ չեն վերադարձել։ Խոսելով պատճառների մասին՝ նա ասաց․ «Մարդիկ Արցախ չեն վերադարձել այն պատճառով, որ բնակֆոնդը չէր հերիքում․ հնարավոր չէր 75 տոկոսը բերել, 25 տոկոսում տեղավորել։ Առաջին օբյեկտիվ պատճառն այն էր, որ չկար համապատասխան բնակֆոնդ, որ այդքան մարդ վերադառնար ու առաջին պահին այնտեղ տեղավորվեր»։

Լիաննա Պետրոսյանն ասաց, որ շուրջ 21 հազար մարդ 2020-ից հետո փաստացի մնացել և բնակվում էր ՀՀ-ում ու շարունակում էր Արցախի կառավարությունից ստանալ հասանելիք թոշակներն ու նպաստները, նաև այլ վճարներ։ Սակայն այս անձինք սեպտեմբերից հետո ոչինչ չեն ստացել։ Մեր զրուցակիցը ցավով նշեց․ «Այսինքն, եթե երկու թոշակառու ամուսիններով մնացել են այստեղ, չեն կարող աշխատել, հիմա ոչ պետությունից բնակվարձի փոխհատուցում են ստանում, ոչ թոշակներն են ստանում, ու պարտադրված են իրենք իրենց կարգավիճակը մի կողմ դնել, ընդունել քաղաքացիություն, որպեսզի նվազագույն թոշակները ստանան»։

Մեկ այլ խնդիր է նաև բնակվարձի հարցը։ Ըստ Լիաննա Պետրոսյանի՝ բնակարանային վարձի հետ կապված 2020 և 2023 թվականներին տեղահանվածների միջեւ տարբերություն է դրվում․ «2020-ին տեղահանվածները ստանում էին բնակվարձի փոխհատուցում՝ 40 հազար դրամ ամսական, որը վերջին անգամ ստացել են մայիս ամսվա դիմաց։ Այսինքն՝ հունիսից մինչև հոկտեմբեր փաստացի մարդիկ բնակվում են վարձով բնակարաններում, բնակվարձերն էլ հիմա սկսվում են 150 հազարից, բայց նրանք բնակվարձի գումար չեն ստանում։ Այս խումբը մոտ 21 հազար մարդիկ են։ Այս խմբի շատ փոքր տոկոսն են կազմում որպես վերաբնակիչ սերտիֆիկատ ստացածները, որոնք տուն պիտի գնեն։ Այսինքն՝ 20 հազար մարդ բնակվարձի փոխհատուցումը չի ստանում ու չի ընդգրկվել 2023 թվականին տեղահանվածների ծրագրում»։ Այս մարդկանց խմբում հիմնականում Շուշիի և Հադրութի շրջանի բնակիչներն են, քանի որ Լիաննա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Քաշաթաղի, Քարվաճառի և մնացած շրջանների վերաբնակիչները ստացել են իրենց սերտիֆիկատները, ուստի բնակվարձի և հաջորդող խնդիրները իրենք չունեն։

Այս հարցերով զբաղվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հումանիտար կենտրոնը։ Լիաննա Պետրոսյանը հավելեց․ «Արցախի կառավարության գործող օպերատիվ շտաբը, որը այս երեք տարվա ընթացքում համակարգում էր տեղահանվածների ամբողջ գործընթացը, փաստացի փակել են։ Փարաքարում՝ ինչ-որ մշակույթի տանը բացել են խորհրդատվական կենտրոն, որը խորհրդատվությամբ է զբաղվում, հեռախոահամար էլ չեն տրամադրում, որ հեռու համայնքներից մարդիկ զանգով տեղեկություն գոնե ստանան։ Իրենք հարց չեն լուծում․ ուղղակի խորհրդատվություն են տալիս, որը կարող էր անել 114 թեժ գիծը»։

Լիաննա Պետրոսյանն ասաց, որ իրենց ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը, ասել է, որ այդ հարցերը կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմին։ Հանդիպումը եղել է հոկտեմբերի 12-13-ին: Նա պատմեց. «Ինձ վարչապետի աշխատակազմից զանգել, ասել են, որ պետք է դիմեմ Փարաքարի կենտրոն, ասացի, որ այնտեղ ինձ հուզող հարցերին պատասխանել չեն կարող, ասացին, որ գրավոր դիմեմ։ Դրանից հետո երեք անգամ իմ էջով կառավարությանը, անձամբ վարչապետին, արդարադատության, սոցապ նախարարներին, ՄԻՊ-ին բոլորին նշելով բարձրաձայնել եմ այս հարցերի մասին։ Բայց ոչ մի արձագանք չի եղել։ Գոնե ուզում ենք այնպես լինի, որ մի փոփոխություն մտցվի այդ որոշման մեջ, որ մարդիկ հոկտեմբերից դեկտեմբեր գոնե գումարներ ստանան։ 2023 թվականի տեղահանվածները թոշակների դիմաց ստանալու են 50 հազար դրամ աջակցություն՝ այսինքն՝ ևս 50 հազար 40+10 հազարից բացի, իսկ 2020-ի տեղահանվածը ոչ 40+10 հազար է ստանում, ոչ 50 հազար է ստանում, ոչ էլ նախկին բնակվարձի փոխհատուցումն է ստանում, թոշակներն ու նպաստներն էլ չեն վճարվում։ Փաստացի մարդիկ սովահամության առաջ պիտի կանգնեն, ու առավել ևս անաշխատունակները, կեսաթոշակառուները, զինվորական թոշակ ստացողները»։

Լիաննա Պետրոսյանի համար անտրամաբանական է կառավարության ներկայացուցչի արձագանքը․ «Կառավարության ներկայացուցիչը պատասխանում է, որ դուք 2020-ին տեղահանվել եք, ստացել եք 300 հազար դրամ։ Բայց դա ի՞նչ կապ ունի 2023-ի փաստացի իրավիճակի, կացության հետ»։ Ըստ մեր զրուցակցի՝ ոչ մասնագիտական են կազմվել 100 հազար դրամ աջակցություն ստացողների ցուցակները․ «Այն մարդիկ, որոնք իրականում Արցախից տեղահանվել են սեպտեմբերի 24-ից հետո, կամ 24-ին, չեն կարողանում աջակցություն ստանալ, բայց մարդիկ կային, որ 4-5 տարի ապրել են ՀՀ-ում և ուղղակի իրենք կարողացել են այդ գումարը ստանալ։ Նույնիսկ այդ մեխանիզմը ճիշտ չէր մշակված, որ 100 հազարը ստանան այն մարդիկ, որոնք թիրախային կարիք ունեն»։

Լիաննա Պետրոսյանն ասաց, որ բազում խնդիրների առաջ կանգնած մեկ այլ խումբ էլ այն մարդիկ են, որոնք չունեն ԼՂ հաշվառում․ «Այսինքն՝ ՀՀ քաղաքացի էին կամ այլ երկրի քաղաքացի և գնացել, այնտեղ պետական համակարգում էին աշխատում կամ մասնավոր հատվածում։ Այդ մարդիկ էլ չեն ընդգրկվում որևէ ծրագրում, քանի որ հաշվառումը ԼՂ-ինը չէ։ Նրանց թիվը մոտ 7000 է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ուշի -ուշով, եվ ո՛չ մեկ անգամ կարդացի, եվ ճիշտը ասած մեծ զարմանք ապրեցի, որ չկա հստակ ծրագիր ո՛չ հանչապետության կողմից տրամադրվող փոխհատուցման մասին, եվ, ո՛չ էլ արտասահմանյան երկրներից, անհատ անձանց նվիրատվություններից ստացված գումարների բաշխման վերաբերյալ ։ Այս դարում ստեղծված այսպիսի խառնաշփոթությունը հավանաբար նպատակային է։ Եթե պատկան մարմինները չեն կարողանում ըստ առանձնացված խմբերի որոշեն ում,՞ ի՞նչ, ապա կան հրաշալի խելացի սերունդ, որը այն կարող է լուծել րոպեների ընթացքում, օգտագործելով ժամանակակից Արհեստական Բանականությունը։ Խնդիրը տվեք Chat GPT-ին, եվ նա մի ամբողջ բյուրոկրատական ապարատի գործը անթերի կանի ։ Հարգելի Լիաննա Պետրոսյան , շնորհակալություն մարդու համար այս կենսական խնդիրը վեր հանելու համար։ Սիրով։ Գ․Բ, Նյու Յորք, ԱՄՆ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930