Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների փախստականի կարգավիճակը խոչընդոտ չէ նրանց կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելուն

Նոյեմբեր 07,2023 17:00

Արցախից բռնի տեղահանված 104,200 քաղաքացիների վճարվել է ՀՀ կառավարության 100 հազար դրամ միանվագ աջակցությունը․աջակցություն ստացածներից 75,725-ը չափահաս քաղաքացիներ են, 28,475-ը՝ անչափահաս։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա ներկայացմամբ՝ 40+10 հազար դրամ աջակցությունն այսօրվա դրությամբ վճարման է ուղարկվել 92,525 անձի, որից 5358-ը`10 հազար դրամ, 87,167-ը՝ 10+40 հազար դրամ։

Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօրվանից սկսած կարող են էլեկտրոնային հարթակում ներկայացնել դիմումները, որից հետո վճարումները կտրամադրվեն։

Ինչպես օգտվել էլեկտրոնային հարթակից՝ մանրամասն տեսանյութում

Նարեկ Մկրտչյան անդրադառնալով վերջին շրջանում բռնի տեղահանվածների այն մտահոգություններին, ըստ որի՝ փախստականի կարգավիճակ ստանալու դեպքում զրկվում են կենսաթոշակի կամ նպաստի իրավունքից, ասաց՝ նրանք կշարունակեն ունենալ կենսաթոշակի եւ նպաստի իրավունք՝ եթե ՀՀ օրենսդրությանը համապատասխանեն։

«ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած հանգամանքից անկախ՝ բռնի տեղահանված անձինք ձեռք կբերեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք։ Քանի որ որոշակի բյուրոկրատական գործընթացներ կարող էր առաջ գալ, դա շրջանցելու համար օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնել, այն հաստատելուց հետո կկարողանանք մեր հայրենակիցներին, որոնք կենսաթոշակի կամ նպաստի իրավունք են ունեցել, կշարունակենք տրամադրել նպաստ ու թոշակ։ Բայց եթե Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում լրացել է անձի կենսաթոշակային տարիքը, նրանք անպայման պետք է դիմեն միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ, իրավունք ստանալուց հետո նրանց կենսաթոշակը տրամադրվելու է հոկտեմբերի 28-ից սկսած»,-ասաց նախարարը։

Կենսաթոշակ կամ նպաստ տրամադրելու համար օրենքով պարտադիր է, որ ՀՀ –ում բնակության վայրում հաշվառված լինեն, ուստի, ինչպես Մկրտչյանը նշեց, բռնի տեղահանված մեր հայրենակիցները մինչեւ տարածքային կենտրոն դիմում ներկայացնելը պետք է հաշվառվեն այն հասցեում, որտեղ բնակվում են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930