Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Առաջադեմի» եւ «հետադեմի» հնացած պատումները

Նոյեմբեր 09,2023 10:00

Իմ տպավորությամբ՝ հայաստանյան իշխանությունն ու ընդդիմությունը փոքր-ինչ պարզունակ են պատկերացնում, թե ինչ է կատարվում աշխարհում: Եթե դա պարզապես իշխանությունը պահելու կամ, համապատասխանաբար, խլելու ձեւ լիներ, կամ իշխանության փաստացի մաս կազմող հ/կ-ների դեպքում՝ ինչ-որ «գրանտային բիզնես», դա նորմալ կհամարեի:

Բայց, վախենամ, անկախ անկեղծության աստիճանից, մեր քաղաքական վերնախավը սխալ ազդակներ է ուղարկում հասարակությանը: Մեզ փորձում են համոզել, որ աշխարհում տեղի է ունենում հակամարտություն «առաջադիմական» եւ «հետադիմական», «ժողովրդավար» եւ «ավտորիտար», «ազատական» եւ «ոչ ազատական» ուժերի միջեւ: Սակայն վստահ եմ, որ այդ ամենը 20-րդ դարի պատումներ են: Այսօր այդ հակադրություններն արդիական չեն: Ավելի ճիշտ, դրանք արդիական չեն՝ առնվազն սկսած 2001 թվականի սեպտեմբերի 11-ից:

Վերջին 3 տարիների իրադարձությունները՝ 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, 2022 թվականի Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա եւ այս տարվա աշնանը բռնկված պատերազմն Իսրայելի եւ «Համասի» միջեւ, դրա ապացույցն են: Թեեւ պետք է ասել, որ հնացած՝ 20-րդ դարի սխեմաների սնանկությունը պարզ էր արդեն Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ;

Էրդողանը պաշտպանում է «Համասին», Իսրայելը աջակցում է Ուկրաինային եւ Ադրբեջանին, Հնդկաստանը սատարում է Իսրայելին, բայց պատրաստ է մեզ զենք վաճառել: Ովքե՞ր են այստեղ առաջադեմ կամ հետադեմ: Իհարկե՝ ոչ ոք: Նման բաժանում գոյություն չունի: Դա նույնն է, որ Հայաստանի այսօրվա որեւէ կուսակցության մեջ փնտրենք «բոլշեւիկներին» եւ «մենշեւիկներին»;

Կան համաշխարհային տերություններ, որոնք կարող է՝ ուժեղանան կամ թուլանան, բայց մոտ ժամանակներս իրենց դերը չեն կորցնի: Ըստ ժամանակակից արեւմտյան քաղաքագետների՝ դրանք 5-ն են՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան: Կան տարածաշրջանային տերություններ, այդ թվում՝ Իրանը եւ Թուրքիան: Կախված իրենց շահերից՝ դրանք ինչ-որ հարցերում համագործակցում են կամ հակամարտում: Մնացածը հռետորաբանություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այսօրվա կենտրոնացված համակարգերը՝ ընտանիքի, համայնքի, պետության, վերպետական կառույցների տեխնոլոգիաները նոր թարմ գաղափարներ եւ հայեցակարգեր են պահանջում, սա հասկանում են նաեւ վերպետական ուժերը, ովքեր ցանկանում են նախորդ դարասկզբի համաշխարհային հեղափոխությունը կրկնել՝ վերացնել ընտանիքը, պետությունը, ազգային արժեքները: Նախորդ դարասկզբին դա ինչ որ չափով հաջողվեց միայն Հյուսիսում եւ աշխարհով մեկ այդ հեղափոխական հրդեհը չտարածվեց: Հիմա փորձ է արվում կրկնել համաշխարհային հեղափոխությունը՝ ժողովուրդներին սովի ու համաճարակների միջոցով հասցնելով հեղափոխական հետամնաց մարգինալ պրոլետարների մակարդակին, ով բացի իր շղթաներից ուրիշ ոչինչ չի ունենա կորցնելու: Ճիշտ է, հետո այդ պրոլետարներին կրթեցին, դաստիարակեցին եւ քիչ էր մնում սովետական ազգ ձեւավորեին, եթե իշխանությունները չայլասերվեին եւ չվաճառեին իրենց երկիրը, որը եւ հիմա էլ է շարունակվում: Մենք դեռեւս ենթարկվում ենք այլասերվածների օրակարգին, չնայած միգուցե դրանք ընդամենը հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են, ովքեր ցավ չեն զգում, երբ ժողովուրդներին իրար դեմ են հանում եւ նրանք էլ իրար կոտորում են: Ինչո՞ւ բարին ու արդարը պարտվում են չարին ու անարդարին: Որովհետեւ խանգարում ունեցողները նախաձեռնող են եւ անվախ, իսկ նորմալները համեստ են եւ անմիաբան եւ փոխանակ ստեղծեն իրենց նորմալ օրակարգը, որը բոլորին՝ այդ թվում եւ հոգեկան խանգարում ունեցողներին, որոնցից շատերի հիվանդությունները ժառանգական բնույթի են, միանգամայն մարդասիրական վերաբերմունք ցույց կտա եւ նորմալներին եւ հիվանդներին: Անիմաստ է մեղադրել կամ դաստիարակել ժառանգական հիվանդներին, պարզապես պետք է լինել նրանցից շատ ավելի ուժեղ, որ քո նորմալ մարդասիրական օրակարգը դարձնես գերակայող: Դրա համար էլ նորմալները պետք է ստեղծեն իրենց ընդհանուր հայեցակարգը, հոգեբանների օգնությամբ հայտնաբերեն պետական պաշտոնի հավակնող անձի հոգեկան վիճակը եւ թույլ չտան իշխանության գալ: Մեղավորները հենց նորմալներն են, որոնք ամեն ինչ ունեն իրենց օրակարգը ձեւավորելու եւ գերակայող դարձնելու, բայց հանցավոր համեստ են, որը եւ նորմալների եւ հիվանդների դժբախտության պատճառ է դառնում: Նորմալ համեստ մասնագետներ բոլոր ժողովուրդների, միացե՛ք վերջապես, մարդկությունը վարի է գնում, սկսեք գործել, բացի ձեզնից էս աշխարհը փրկող չկա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930