Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները․ «Փաստ»

Նոյեմբեր 11,2023 10:12

Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես կանոն, դեմ էր արտահայտվում արտաքին պարտքի ավելացմանը։ Ընդ որում, իրեն հատուկ պաթետիկ, ծայրահեղական գնահատականներով: Օրինակ՝ 2016 թվականին նա ահազանգում էր, որ պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ դոլարի սահմանագիծը, և 1 մլրդ դոլարի չափ գումար Հայաստանը պետք է ծախսի միայն պարտքի սպասարկման համար։ Ավելին, նա առաջ էր քաշում նաև ՀՀ արտաքին պարտքի վերակառուցման թեման։ «Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը»,- հայտարարում էր ընդդիմադիր Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, երբ արդեն իշխանության ղեկին է, Փաշինյանը ոչ միայն չի հետևում իր նախկին դիրքորոշմանը, այլև պետական պարտքի ավելացման հարցում մեկը մյուսի հետևից ռեկորդներ է ապահովում։ Պետական պարտքն արդեն կրկնակի գերազանցում է 2016 թվականի ցուցանիշները։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ ֆինանսական բեռ է իր վրա վերցրել Հայաստանը։ Բայց այսքանից հետո Փաշինյանի կառավարությունը ոչ միայն կանգ չի առնում, այլև շարունակում է խրախուսել նոր վարկերի ներգրավումը։ Ավելին, Փաշինյանն այս ամենը նույնիսկ գնահատում է որպես դրական երևույթ՝ ասելով. «Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

…Միայն նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց միանգամից երկու վարկի ձեռքբերմանը: Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ: Երկրորդը վերաբերում է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության վարկ տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ այս ընթացքում ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որով Հայաստանի համար հասանելի կդառնա լրացուցիչ 24,3 մլն դոլարի գումար։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930