Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սյունիքի տարբեր բնակավայրերում արցախցիները նոր կյանք են սկսել․ Գորիսում նրանց համար բնակելի շենք է կառուցվում

Նոյեմբեր 12,2023 12:17

Սյունիքի մարզում նախնական հաշվարկներով բնակություն հաստատած բռնի տեղահանված 5257 արցախցիներից 4300-ը գտնվում են ոչ հյուրանոցային կամ հյուրատնային պայմաններում։ Նրանք ապրում են հիմնականում վարձակալությամբ տրված բնակարաններում կամ տարբեր գյուղական բնակավայրերի սեփական տներում։

Կապանի Առաջաձոր գյուղում արցախցի 5 ընտանիք է վերաբնակեցվել։ Նազիկ Պողոսյանի ընտանիքն Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում էր ապրում։ Հիմա ամուսնու հետ Առաջաձորում է բնակություն հաստատել, իսկ 4 երեխաները մնացել են Գորիսում։ Հողաթափերով է հասել Կոռնիձոր։ «Հարցրին՝ ասին որտեղ ես ուզում մնաս՝ ասացի այնպիսի մի տեղ, որ կարողանամ երկու հավ պահեմ, վարուցանք անեմ»,-նշեց Նազիկ Պողոսյանը։ Երեխաների կարոտը մի փոքր-ինչ կբարդացնի ապրելակերպը, բայց չի նեղվում։ «Մոտիկ է Գորիսը՝ կգնամ՝ կարոտս կառնեմ»,-ասում է տիկին Նազիկը։

Գորիսի Վերիշեն գյուղում բնակություն հաստատած Կոլյա Ավանեսյանի  որդին ու հարսը մինչեւ աշխատանք գտնեն, ինքը սեփական փոքրիկ տնտեսությունն է ստեղծել։ Պետության  տրամադրած ֆինանսական միջոցներով ու իր խնայած գումարով երկու խոզ է գնել, 10 ճագար։ Հնարավորության դեպքում՝ հավ է պահելու, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ է գնելու։ «Ես չեմ սիրում, որ ասում են՝ փախստական ես։ Տեղս հանգիստ նստեմ՝ սպասե՞մ հումանիտար օգնություններին։ Եթե առողջ ես, պիտի աշխատես՝ ցանես, ուտես»,-համոզված է Կոլյա Ավանեսյանը։

Գորիս համայնքի տարբեր բնակավայրերում Արցախից տեղահանված մոտ 500 ընտանիք  է ապրում։ Գորիսի համայնքապետարանը քարտեզագրել է համայնքի տարածքում առկա բոլոր ազատ շենք-շինությունները, որպեսզի դրանք փոխվեն բնակարանների։ Առաջին շենքը Գորիս քաղաքում վերակառուցվում է ամերիկահայերի ֆինանսավորմամբ։ Տեղահանման օրերին Լոս Անջելեսում մոտոցիկլավարների հայկական բրիգադը դրամահավաք էր կազմակերպել։

Բրիգադի անդամ Հրաչ Խոզաբեկյանը աճուրդով վաճառել է իրեն պատկանող ձեռագործ հայկական գորգերն ու գումարը տրամադրել բնակարանաշինությանը։ Գորիսի համայնքապետարանը ամերիկահայերին հատկացրել է քաղաքում չգործող պահեստներից մեկի շենքը։ Շինաշխատանքներին անձամբ ամերիկահայ բարերարներն են հետեւում, շինանյութը իրենք են ընտրում եւ գնում, իսկ վերակառուցման աշխատանքները իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը։ «6 ընտանիքի համար է այս պահին նախաձեռնությունը իրականացվում։ Շարունակաբար համայնքային այլ նշանակության շենքեր եւս կվերակառուցվեն, արդեն  ունենք նախագծեր, նույնիսկ բնակարանաշինության համար մրցույթներ  ենք հայտարարել , որպեսզի գոնե տարեվերջ կարողանանք մի քանի ընտանիքի ապահովվել բնակարանով»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Սյունիքում այս պահին օրակարգային է բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության հարցը։ Պետական եւ մասնավոր շատ ընկերություններ աշխատանքի ընդունման հայտարարություններ են տարածել․ միայն Քաջարանի «Աժդահակ» ՍՊ ընկերությունը 50 նոր աշխատեղ է բացել արցախցիների համար եւ նրանց տեղավորել աշխատանքի։

Սյունիքի մարզպետի աշխատակազմից Aravot.am-ին տեղեկացրին,  որ  պետական կառույցներում եւս կան թափուր աշխատատեղեր, մասնավորապես՝ մանկավարժների, բժիշկների, բուժքույրերի կարիք կա։

Լուսանկարները Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930