Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացրել ենք ամենաբարձր մակարդակով: Սա, իսկապես, բոլորովին այլ մակարդակ է». Գիլոյան

Նոյեմբեր 16,2023 15:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչների:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում ամփոփվել են Երևանում նոյեմբերի 10-12-ն անցկացված աշխարհի առաջնության արդյունքներն ու կազմակերպչական աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և կատարած մեծ աշխատանքի համար, ինչի շնորհիվ Երևանում անցկացված առաջնությունը, Միջազգային ֆեդերացիայի ղեկավարների և մյուս գործընկերների գնահատմամբ, մտել է սամբոյի պատմության մեջ՝ որպես երբևէ անցկացված լավագույն աշխարհի առաջնություն:

«Միջազգային ֆեդերացիայի ամենաբարձր պատասխանատուների, տարբեր երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների և հենց մարզական պատվիրակությունների գնահատմամբ՝ սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացրել ենք ամենաբարձր մակարդակով: Սա, իսկապես, բոլորովին այլ մակարդակ է: Շնորհակալություն եմ հայտնել Սամբոյի ֆեդերացիային կատարած մեծ աշխատանքի և Հայաստանը 70-ից ավելի երկրների շուրջ 700 մարզիկների շրջանում հանրահռչակելու համար: Կարելի է պատկերացնել, թե ամբողջ աշխարհում այս ամենն ինչ արձագանք է ստացել: ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, հետագայում էլ կլինի ձեր կողքին ու կաջակցի ձեր լավագույն նախաձեռնությունները: Սամբոյի ֆեդերացիան մշտապես հանդես է բերում խանդավառություն, նախաձեռնողականություն և նորարարություն՝ ջանք ու եռանդ չխնայելով»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, ընդգծել է՝ Հայաստանում անցկացված աշխարհի առաջնության «Սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, ուժը՝ խաղաղություն» կարգախոսը դարձել է նաև Միջազգային ֆեդերացիայինը:

«Դա մեր մեծ սպորտային ընտանիքն է, որն ամբողջ աշխարհին ցույց է տվել՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարելի է անցկացնել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ: Յուրաքանչյուր պատասխանատուի քրտնաջան աշխատանքն ու վերաբերմունքը շատ գնահատելի են: Ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի մի մասն եմ կազմում»,- ասել է Միքայել Հայրապետյանը և տեղեկացրել՝ միջազգային Eurosport հեռուստաալիքում Երևանում անցկացված առաջնությունը 20 մլն դիտում է ունեցել:

Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին է հանձնել Երևանում անցկացված աշխարհի առաջնության ոսկե հուշամեդալ և խորհրդանշական այլ պարգևներ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականները 10 մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում:

Առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):

Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Վովիկ Խոջայանի, Հայկ Ավետիսյանի և Էռնեստ Միրզոյանի ղեկավարությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930