Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակներ նշանակելու կարգը

Նոյեմբեր 30,2023 12:08

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց օրենքի նախագիծ, որով կարգավորվում է Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ նշանակելու հարցը։

Մասնավորապես՝ նախագծով կառավարությանը տրվել է լիազորություն սահմանելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները, զինծառայության ստաժում արտոնյալ ժամանակահատվածները:

Սահմանվում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմում է, նրան կենսաթոշակ նշանակվում կամ վերահաշվարկվում է, կենսաթոշակի տեսակը փոխվում, կենսաթոշակը վճարվում, կենսաթոշակի գործը վարվում է օրենքով սահմանված կարգով, բացառությամբ, երբ նա հանդիսանում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձ։

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը, որի կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմումը մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը կարող է ներկայացնել նաեւ առցանց եղանակով՝ դիմումին փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն չկա։

Անձամբ ներկայանալն անհրաժեշտ կլինի հաշմանդամություն ունեցող անձանց, եթե նրանց հաշմանդամության ժամկետը լրացել է եւ նրանք ԼՂ-ում չեն հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել են, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի վերականգնվել կամ չի նշանակվել:

Ըստ նախագծի՝ անկախ դիմելու եղանակից, կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, ստաժը ԼՂ կենսաթոշակային բազա ներառված կենսաթոշակի գործում առկա՝ հաշվարկված ստաժը (աշխատանքային, զինվորական) պահպանվում է նույնությամբ, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Օրինակ, եթե առկա ուսուցմամբ սովորելու տեղեկանքը ներկայացվի մինչև 2024 թվականի հունիսի 1-ը, կենսաթոշակ կնշանակվի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը կենսաթոշակ նշանակելու դեպքում ևս կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, ստաժը ԼՂ կենսաթոշակային բազա ներառված կենսաթոշակի գործում առկա հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով, սակայն օրենքով սահմանված ժամկետներում՝ դիմելու օրվանից:

2028 թվականի դեկտեմբերի 31-ից հետո դիմելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կենսաթոշակի իրավունքը, ստաժը վերանայվում են:

Ինչպես նաեւ նախագծով սահմանվում է, որ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա կամ վեցամսյա ժամկետները կկիրառվեն 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

«Այսինքն՝ այս մարդիկ առանց ընդհատման շարունակում են ստանալ իրենց թոշակները Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք հոկտեմբեր, նոյեմբերի ամիսներին չեն ստացել, որոշման ընդունումից հետո կստանան նաեւ հոկտեմբեր-նոյեմբերի կենսաթոշակներն ու դրանից հետո»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց թոշակի հարցն է կարգավորվում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հավելեց՝ այն անձինք, որոնց ԼՂ-ում արդեն նշանակվել է թոշակ, բայց տվյալների բազայում այս պահին մեր կենսաթոշակային համակարգի ինտեգրման փուլում են, եթե բազայում կան, հեշտացված ընթացակարգն է հաստատում․ «Այդ տվյալները՝ ստաժի տարիները կտեղափոխվեն ու ՀՀ օրենսդրության չափով կսահմանվի կենսաթոշակ։ Մնում է ներկայացնեն առցանց դիմում, ընտրեն իրենց բանկը։ ԼՂ-ում կեսից ավելին անկանխիկ էին ստանում»։

Փոխնախարարի խոսքով՝ կենսաթոշակ ստանալու համար ՀՀ օրենսդրությամբ պետք է անձը Հայաստանում հաշվառում ունենա․ «Մենք մեկ ամսից ավելի է՝ հորդորում ենք անպայման հաշվառվեն։ Սա չպետք է շփոթել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելու հետ։ Իհարկե, մենք խրախուսում ենք ՀՀ քաղաքացիություն ստանալը»։

Խաչատրյանն ասաց՝ ՀՀ քաղաքացիների եւ փախստականների կենսաթոշակի իրավունքը ՀՀ օրենսդրությամբ նույնական է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930