Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ նիստ հրավիրելու կարեւորության մասին Շահրամանյանն է ընդգծել. Մետաքսե Հակոբյան․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2023 10:53

Գրել էինք, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջին անգամ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, նախնական պայմանավորվածությամբ՝ այդ նիստը պետք է կայանար երեքշաբթի օրը` նոյեմբերի 28-ին, բայց մինչ օրս չի կայացել։ Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ նիստի կայանալուն խոչընդոտել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, որը մեկ օր առաջ հանդիպել է «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության պատգամավորների հետ ու խնդրել է նիստը հետաձգել, մինչեւ որոշ հարցեր ճշգրտի։
ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատում է՝ հանդիպում պատգամավորների եւ Արցախի նախագահի միջեւ, իսկապես, եղել է, բայց Շահրամանյանը, ճիշտ հակառակը՝ խոսել է նիստ հրավիրելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին, ինչը, փաստացի, կամրագրի Արցախի պետական ինստիտուտներից գոնե խորհրդարանի գոյության փաստը։

«Նախագահի հետ հանդիպմանն ընդհանրապես նիստ հետաձգելու մասին խոսք չի գնացել, ճիշտ հակառակը՝ նիստ հրավիրելու կարեւորության մասին Շահրամանյանն է ընդգծել։ Մենք` պատգամավորներս, որոշում ենք կայացրել այս շաբաթվա ընթացքում նիստ անցկացնել` շաբաթը չի ավարտվել, ուստի կարիք չկա տապալման մասին խոսել: Այո, երեքշաբթին նախնական պայմանավորվածություն էր, բայց չգումարվեց, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով չհաջողվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ հրավիրել․ հանձնաժողովի անդամները տարբեր ժամանակ եկան, իսկ նախագահը՝ բավականին ուշ, դրանով պայմանավորված՝ որոշում կայացվեց այդ լիագումար նիստը հետաձգել։ Եթե չեմ սխալվում, մշտական հանձնաժողովի նիստն արդեն կայացել է, եւ որեւէ խոչընդոտ չկա, որ ԱԺ նիստ հրավիրենք, շաբաթն էլ առջեւում է, եւ աբսուրդ է, թե նախագահի պահանջով ենք հետաձգել»,- ասաց Հակոբյանը՝ փոխանցելով, որ նախագահի հետ հանպատրաստից են հանդիպել, իրենք Արցախի ներկայացուցչությունում ԱԺ նիստի օրակարգային եւ նախապատրաստական հարցերը քննարկելիս են եղել, երբ Շահրամանյանն իրենց այցի է եկել:

Հակոբյանը հաստատեց մեր՝ ավելի վաղ հայտնած տեղեկատվությունը, որ առաջիկա նիստի օրակարգում երկու հարց է լինելու՝ նոր պատգամավորների երդմնակալության եւ Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձեւավորման․ «Տեւական ժամանակ է` մենք տարբեր հանձնախմբեր ձեւավորելու վերաբերյալ քննարկումներ ենք ունենում, որոնցում ներգրավված կլինեն ոչ միայն խորհրդարանականներ, այլեւ Հայաստանից ու սփյուռքից հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ եւ այլք, որպեսզի կարողանանք Արցախի հարցը միջազգային խողովակներում լսելի դարձնել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031