Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյանը՝ Ազդարարման միասնական հարթակի մասին․ «Առաջ էլ, հիմա էլ` առանձնապես այդ հարթակն էֆեկտիվությամբ չի աշխատում»․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2023 11:42

Ազդարարման միասնական հարթակում այս տարվա 11 ամիսների ընթացքում ընդամենը 88 ազդարարման դեպք է արձանագրվել` նախորդ տարի եղել է շուրջ 116: Հարթակը ստեղծվել է դեռ նախորդ իշխանությունների ժամանակ: Այս հարթակի իրական նպատակն արատավոր երեւույթների մասին անանուն հաղորդումն է, կոռուպցիոն գործարքների բացահայտումը: Սա ժամանակին «գործ տալու հարթակ» էին անվանում եւ կարծում էին, որ հայկական մենթալիտետի մեջ ընդունված չէ իրավախախտումների մասին պետությանն իրազեկելը, եւ սա չի աշխատի: Ըստ էության, 88 հաղորդումը 3 միլիոն ժողովրդի դեպքում շատ քիչ է, եւ իշխանությունը մտադիր է այն ակտիվացնել` մեծացնելով «ազդարարողների» պաշտպանվածությունը եւ համապատասխան քարոզչություն իրականացնելով: Հարթակի մասին Կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց նաեւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով դրա նպատակները:

Մենք Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք` վերջին մեկ տարվա ընթացքում կոնկրետ ի՞նչ գործերի մասին են ազդարարել ՀՀ քաղաքացիները: Դատախազությունից ասացին, որ կոնկրետ գործերի մասին խոսել չեն կարող` սա գաղտնի հարթակ է եւ պարտավոր է երաշխավորել բոլոր գործերի գաղտնիությունը, սակայն նշեցին, որ դրանք՝ գրեթե բոլորը վերաբերում են եկամուտների հայտարարագրումներին եւ հանրային շահերին, որոնք անանուն հաղորդումների տեսքով են: Իսկ հարուցվե՞լ են արդյոք գործեր, քանի՞ անհատ է կանգնել դատարանի առաջ` հարթակի «բացահայտումների» արդյունքում։ Այս հարցին դատախազությունից չպատասխանեցին՝ ասելով, որ դա եւս գաղտնիք է: Ազդարարման միասնական հարթակի եւ դրա արդյունավետության մասին զրուցել ենք «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:

– Ազդարարման միասնական հարթակն այս տարիների ընթացքում ի՞նչ կոնկրետ դեր է խաղացել` Հայաստանում կոռուպցիան կանխարգելելու նպատակով: Մեզանում կոռուպցիան, կարծես, միայն ծաղկում է:

– Վերջերս ազդարարման համակարգում որոշ փոփոխություններ են եղել, հիմա, եթե չեմ սխալվում, անգամ ՄԻՊ-ն է մասնակցում այդ պրոցեսին, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Առաջ միայն այդ ազդարարման գործերն ուղարկվում էին դատախազությանը, դատախազությունն էր, որպես կանոն, այն ուսումնասիրում, բայց, կարծես, հիմա ՄԻՊ-ն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւս զբաղվելու են այդ հարցերով: ՄԻՊ-ի մասով հստակ ասել չեմ կարող, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու ուղղությամբ է զբաղվում.եթե էթիկա է խախտվում, կամ եթե քաղաքացիները դիմում են, որ ինչ-որ մեկը շատ ճոխ առանձնատուն է կառուցում, խոսքը պետական պաշտոնյաների մասին է: Փոփոխությունը սա է:

– Ընդհանուր առմամբ` ի՞նչ կարծիքի եք այս հարթակի մասին: Այն կարո՞ղ է արդյունավետ աշխատել: Ի դեպ` հայտնի չէ, թե այս տարիների ընթացքում քանի գործ կա հարուցված այս հարթակի աշխատանքի արդյունքում:

– Առաջ էլ, հիմա էլ` առանձնապես այդ հարթակն էֆեկտիվությամբ չի աշխատում: Ես՝ անձամբ, մեծ հույսեր չեմ էլ կապել: Նրանք, ովքեր մեծ հույսեր էին կապում, նախկին արդարադատության նախարարն էր, փոխնախարարը: Ես ասում էի, որ այն մեր հայկական մտածողության հետ չի խոսում: Դեռեւս 2016 թվականին, երբ միջազգային հարցում իրականացվեց` Գելափի միջոցով, պարզվեց, որ Հայաստանում ազդարարման մասին մարդիկ ունեն բացասական կարծիք: Մեծամասնությունն այս հարթակը համարում էր ոչ ընդունելի, ինչը շատ տխուր արդյունք է: Ստալինյան ժամանակներից գալիս է գործ տալու մասին պատկերացումը, ինչն ազդարարման հետ ոչ մի կապ չունի, բայց մարդիկ այդ տարբերակումը չեն հասկացել եւ շարունակում են չհասկանալ: Ինչ վերաբերում է ազդարարման արդյունքում հարուցված քրեական գործերին, ապա դրա տոկոսը եւս շատ ցածր է: Առաջ էլ էր այդպես, հիմա էլ: Ցածր տոկոսները եւս մարդկանց հետ են պահում ակտիվ ազդարարելուց: Առայժմ այն հույսերը չեն արդարացվում, որն առաջ կար:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031