Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ քաղբանտարկյալի իր առօրյայի, Արցախի հարցի եւ «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մասին

Դեկտեմբեր 02,2023 20:49

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին քաղաքացիները հարցեր են ուղղել, որոնցից ընտրված 5-ին նա պատասխանել է: Օգտատերերից մեկին հետաքրքրում էր, թե ինչպես է անցնում քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի առօրյան կալանավայրում: «Այստեղ օրերը նման են իրար, եւ այդ բթացնող միապաղաղությունը կոտրելու համար կարիք կա ճշգրիտ կազմակերպել ժամանակը: Ես այն լցնում եմ ընթերցանությամբ, մտավոր աշխատանքով, չեմ խորշում հնարավոր ֆիզիկական ակտիվությունից: Կարեւոր է նաեւ մի կողմից խեղդել կարոտը, որը խանգարում է այստեղ, մյուս կողմից մտովի մշտական կապի մեջ լինել ինձ հարազատ մարդկանց հետ: Սա է բոլոր ժամանակներում բանտարկված մարդկանց առջեւ կանգնած մարտահրավերը շատ ժամանակի քիչ տարածության մեջ լուծելու իմ բանաձեւը»,-հարցին այսպես է պատասխանել Արմեն Աշոտյանը:

Օգտատեր Խաչիկ Գալստյանի հարցը հետեւյալն էր՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական Արցախի էջն իր համար փակված չէ, իշխանափոխությունից հետո ի՞նչ պետք է արվի Արցախի էջը բաց պահելու համար:

«Ազնվորեն պետք է ասել, որ այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե երբ կլինի իշխանափոխությունը, եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո կամ 2021թ ընտրություններից հետո կամ այս տարվա սկզբից, ամեն փուլում հնարավոր կլիներ խուսափել լրացուցիչ կորուստներից եւ նահանջներից: Արցախի էջը բաց պահելու համար կարեւոր եմ համարում իմ հոդվածներում առաջարկված «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտի մշակումը եւ կիրառումը: Իսկ իշխանափոխությունից հետո այդ հիմքի հիման վրա կարիք կլինի  վերակառուցել արտաքին քաղաքականությունը եւ անվտանգային հայեցակարգը: Ցավոք, այս ձեւաչափով ավելի շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն  իմ հնարավոր ազատ արձակումից հետո կփորձեմ ուղիղ եթերում  շարադրել այդ հարցի հետ կապված առաջարկներս»,-այս հարցին էլ այսպես է արձագանքել Արմեն Աշոտյանը կալանավայրից:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031