Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում Հայաստանի համար երբեք վտանգ կամ սպառնալիք չեն ստեղծել». Աշոտ Ղուլյան

Դեկտեմբեր 10,2023 21:28

«Նախորդ օրերին մտածում էի՝ այս իրավիճակում, այս ողբերգությունից հետո ինչպե՞ս կարող ենք անդրադառնալ Արցախի տոնական օրերին (դեկտեմբերի 10-ը ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, այլեւ Արցախի Անկախության Հանրաքվեի եւ Արցախի Սահմանադրության ընդունման օրը-Գ.Հ.), ինչպիսի տրամադրությամբ եւ ինչպիսի խոսքով: Կարծում եմ՝ այսօրվա միջոցառումը ճիշտ ձեւաչափով էր, որպեսզի մեր գործընկերների, ընկերների հետ միասին եւ հիշողություններին անդրադառնանք, եւ կարողանանք խոսել այն լուրջ թեմաների մասին, որոնք շարունակում են մեզ հետ լինել»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Ամեն անգամ, երբ ուզում ենք դեկտեմբերի 10-ը Արցախում նշել, միշտ մտածում ենք, որ մեր Անկախության հանրաքվեն, Սահմանադրության օրը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա հետ համընկնելը  բացառիկ հնարավորություն է, որպեսզի  արտաքին աշխարհին ներկայացնենք, որ մեր պայքարը  նաեւ հանուն մարդկային իրավունքների  է, նույն ինքնորոշման իրավունքի համար պայքար է: Չնայած հիմա հետահայաց մտածում ես, որ միայն միջազգային հանրությանը չպետք է բացատրել, պետք է նաեւ շատ մոտ միջավայրում այդ ամենը բացատրել, որ սա տարածքային վեճ չէ՝ մենք շարունակում ենք լինել նույն փակուղում, նույն ծուղակը մտնել, որտեղ շատ դժվար է լինելու մեր իրավունքները պաշտպանել… Ինչպես տիկին Լարիսա Ալավերդյանը նշեց, սա միայն տոնական օր չէ, սա պայքարի օր է, խորհրդանշում է մեր պայքարի շարունակությունը»,-ասաց բանախոսը:

Աշոտ Ղուլյանը մի քանի իրողությունների անդրադարձավ. «Դեկտեմբերի 10-ին մենք գուցե առաջինը Խորհրդային Միության տարածքում որոշեցինք, որ անկախ լինելու մեր իրավունքը միայն համաժողովրդական հանրաքվեով կարող ենք աշխարհին ներկայացնել: Դա շատ կարեւոր նախադեպ է, որ նույնիսկ մնացած միութենական հանրապետությունների մոտ չկար այդպիսի կամք, համարձակություն, բայց մենք գնացինք այդ քայլին: Եվ Անկախության հանրաքվեն իրականացնելով՝ ցույց տվեցինք, որ սա ամբողջ Արցախի՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական կամքն է, երազանքն է: Գուցե սա պատասխանն է այն հարցին՝ սա սպառնալի՞ք է, թե վտանգ է:

Մենք այդ ժամանակ անկախ պետություն հռչակելով՝ փորձում էինք Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել  միջազգային պատժամիջոցներից եւ բոլոր վտանգներից: Հիմա ովքեր խոսում են՝ վտա՞նգ է սա, թե սպառնալիք է, թող հիշեն, որ Արցախում Հայաստանի համար երբեք վտանգ կամ սպառնալիք չեն ստեղծել: Եվ  դա եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ որ Արցախը պետականություն չի ունեցել, նոր էինք դրա մասին մտածում: Եվ հիմա էլ նույն ձեւով շարունակվում է: Այս զսպվածությունը, քաղաքական կոռեկտությունը, որ ինչ-որ մի տեղ ճիշտ չի հասկացվում, երեւի նույնպես արդյունք է այն բանի, որ շատ ավելի խորն ենք հասկանում, թե ինչ հետեւանքներ կարող են լինել, բայց լուռ լինելը դեռ չի նշանակում, թե ապահովագրված ենք բոլոր հնարավոր զարգացումներից: Մենք պետք է շարունակենք խոսել այն նույն խնդիրներից, որ այսօր մեզ համար շատ կարեւոր են»:

Աշոտ Ղուլյանն ասաց, որ եթե ինքնությունը չի պահվում, Արցախի պետական հաստատությունները իմաստ չունի պահել. «Եթե  Արցախի պետական հաստատությունները որոշել ենք պահել, դա պետք է պահվի ինքնությունը շատ ճիշտ ձեւով ներկայացնելով, այդ ինքնությանը ամեն կերպ աջակցելու ճանապարհով: Բազմաթիվ բաղադրիչներ ու գործոններ կան, որոնք նպաստում են ինքնության պահպանմանը, սակայն գլխավորը միասնական տարածքն է եւ տեղական ավանդույթները պահպանելու պայմանները:

Միասնական տարածքի տեսանկյունից մենք հիմա շատ անբարենպաստ միջավայրում ենք գտնվում, որովհետեւ Արցախի 100 հազարից ավելի բնակչությունն  այսօր ցրված է ամբողջ Հայաստանով մեկ՝ Մեղրիից մինչեւ ամենահյուսիսային կետը: Շատ դժվար է պատկերացնել, որ նույնիսկ տեխնոլոգիապես զարգացած այս իրավիճակում առանց մեծ ջանքերի եւ լուրջ ռեսուրսների կարող ենք պահել ինքնության բոլոր բաղադրիչները: Ես հատուկ չեմ շեշտում քաղաքական բաղադրիչը, որովհետեւ դա շատ ավելի ընդգրկուն թեմա է, բայց ելակետը հենց դա է: Եթե մենք ուզում ենք, որ Արցախի հանրությունը, երիտասարդ սերունդը մոռացության չտա հայրենիք  վերադառնալու, Արցախ վերադարձնելու թեման, իսկ դա ոչ մեկ ոչ անձնապես, ոչ խմբակային չի կարող որոշել Արցախի ժողովրդի փոխարեն, հետեւաբար այն, ինչ Արցախի հայությունը կորցրել է՝ նյութական բարոյական կորուստների իմաստով՝թեկուզ եւ ժամանակավորապես լքելով իր հայրենիքը, այս ամենը, իհարկե, ծանր հոգեբանական հարված է, բայց եթե դրան գումարվի հոգեկանը,, ինքնության կորստի այս լուրջ սպառնալիքը, շատ կործանարար կարող է լինել հայության այս հատվածի համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031