Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ապաստանած ու օրը ցերեկով փողոցից առևանգված ՌԴ քաղաքացի Սետրակովի գործով որևէ արձագանք դեռ չկա

Դեկտեմբեր 12,2023 20:35

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մի քանի օր է՝ ահազանգում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 6-ին կամ 7-ին փողոցից առևանգել ու ձերբակալել են Գյումրի քաղաքում ապաստանած ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին։

Վերջինս ՌԴ-ում լինելով պայմանագրային զինծառայող, Ուկրաինայի դեմ հարձակումից հետո հրաժարվել է ծառայությունից, վերջերս տեղափոխվել է Հայաստան, որտեղ և նրան ձերբակալել են՝ քրեական վարույթ նախաձեռնելով զորամասն ինքնակամ լքելու հիմքով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, սակայն ահազանգում է, որ 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների այս գործողությունն ապօրինի է։ Հայաստանի Հանրապետության տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ընթերցում ենք․ «2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։

Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը։

Միաժամանակ պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավապահ մարմիններից գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս»։

Իրավապաշտպան այս կազմակերպությունը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անօրինականության դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով հրատապ միջոց կիրառել ու պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ չարտահանձնել Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին Ռուսաստանի Դաշնություն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից, ինչպես նաև փաստաբան Անի Չատինյանից հետաքրքրվեցինք՝ որևէ արձագանք կա՞ այս գործով։

Նրանք փոխանցեցին, որ դեռ նորություն չկա, ՄԻԵԴ-ից ևս դեռ պատասխան չեն ստացել, սպասում են պատասխանի։

Նշենք, որ Արթուր Սաքունցը իր ՖԲ էջում դիմել էր նաև Ազգային ժողովի պատգամավորներին՝ նրանց հարց ուղղելով․ «ՀՀ Ազգային ժողովում չկա՞ գոնե մեկ պատգամավոր, ով Հայաստանի Հանրապետության տարածքում օտար պետության իրավապահ մարմնի կողմից մարդու առևանգելու փաստը համարի ոտնձգություն պետության ինքնիշխանության ու անվտանգության դեմ, դատապարտի այդ ոտնձգությունը, և որպես հրատապ հարց ոչ միայն բարձրաձայնի, այլև առաջարկի քննարկել ԱԺ-ում:

Ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, թե ոչ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031