Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք իշխանափոխություն իրականացնենք, մեզ հետ պետք է աշխատեն հոգեբանները, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է հասարակական հոգեբանությունը». Վազգեն Պետրոսյան

Դեկտեմբեր 12,2023 20:45 Share

«Եկեք միայն կենտրոնանանք՝ թե ի՞նչ պետք է անել: Ոչ ոք չի գալու եւ մեր ձեռքը բռնի, մենք ինքներս պետք է պայքարենք մեր ապագայի համար, Արցախի համար: Բայց ո՞նց: Ոնցի-ի համար ստրատեգիական հարց է երկրում իշխանափոխությունը, թե ինչպե՞ս, դրա համար, մենք կարծում ենք, որ դա առաջին հերթին պետք է լինի գաղափարական հենքի վրա, թե մենք ինչո՞վ ենք ուզում փոխել այս իշխանությանը: Այսօր մեծամասնությունը չեն հասկանում, լավ, Փաշինյանը փոխվեց՝ ի՞նչ պիտի լինի: Մենք չունենք ճանապարհ, մենք չունենք գաղափար, ասենք՝ Փաշինյանը փոխվեց՝ սա պետք է լինի առաջինը, սա՝ երկրորդը եւ այլն»,- այսօր «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Վահե Դարբինյանը՝ հավելելով, որ «Հայաքվե»-ում դրա վրա են աշխատում եւ Հայկ Նահապետյանի նկատառումները՝ պաշտպանունակությունը բարձրացնելու մասով, իրենց քննարկումների կորիզն են:

Բանախոսն առաջ է քաշում նաեւ լիդերի հարցը եւ հավելում է, որ այս պայքարում կարեւոր է թիմ եւ գաղափար ունենալը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Միասին» շարժման համակարգողներից Արամ Սարգսյանը հակադարձեց՝ ասելով, որ իրենք հանրությանն առաջարկելու բան ունեն եւ նաեւ այս քննարկումների արդյունքում դրանք ի մի կբերեն ու կներկայացնեն:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ նկատեց՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանը եկել էր Արցախը հանձնելու, այլ նա ընդհանրապես տեղյակ էլ չէ, թե ինչի՞ համար են իրեն բերել: Խաչիկ Մանուկյանն առաջարկում է այլընտրանքային կառավարություն ստեղծել՝ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ:

Ազատամարտիկ Վազգեն Պետրոսյանն էլ այն կարծիքին է, որ միջազգային իրավունքը մեկ լեզու ունի եւ դա ուժի լեզուն է՝ ուժ ունես՝ կարող ես խոսել. «Եթե ուժ չունես, իրավական փաստաթղթերը ոչ մի բանի պետք չեն»: Այն, ինչ կատարվեց 2020 թվականի 44 –օրյա պատերազմի ընթացքում, երբ ամեն երեկո Արծրուն Հովհաննիսյանի բերանով զոհվածների անուններ էին հնչեցնում. «Այդպիսով Հայաստանի եւ հայ ժողովրդին վախեցրեցին. հիմա դուք վախեցած ժողովրդից ուզում եք որ շարժվի՞»: Նա կարծում է, որ ժողովրդին դեպրեսիայից դուրս գալու համար շատ հստակ աշխատանք է պետք  տանել ու դրա առաջին պայմաններից մեկն էլ բոլոր լիդերների համախմբումն է՝ սեփական ես-ը մի կողմ թողնելով, որպեսզի մարդիկ հասկանան՝ վերեւում աթոռակռիվ չկա: Ըստ նրա, միայն այդ դեպքում ժողովուրդը կգնա թիմերի ետեւից: Իսկ երկրորդ քայլն այն է, որ համախմբվելուց հետո, ժողովրդի հետ պետք է հոգեբանորեն աշխատել՝ բոլոր դաշտերում. «Եթե ուզում եք իշխանափոխություն իրականացնենք, մեզ հետ պետք է աշխատեն հոգեբանները: Հոգեբանները, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է հասարակական հոգեբանությունը: Այսօր մեր ժողովուրդն այնպիսի իրավիճակի մեջ է, որ իրենից բացի ոչ մեկի վրա իրավունք չունի հույս դնել: Տարածաշրջանային ամեն մի պետություն ունի իր շահերը»:

Պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն էլ խոսեց այն մասին, որ կարեւոր է հանրությանը հասցնել՝ Արցախը, միջազգային իրավունքի ուժով, Ադրբեջանին չի պատկանել ու չի պատկանում: Ապա նա խոսեց այն մասին, թե ինչի՞ շուրջ պետք է համախմբվել եւ համախմբել հանրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031