Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ապագան մշուշոտ է». «Միասին» շարժումն առաջարկում է՝ միասին լուծումներ գտնել

Դեկտեմբեր 12,2023 19:55 Share

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ, Արցախի հանձնումը, որը տեղի ունեցավ այս տարի, նախապատրաստվել էր 2018 թվականից՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով: Իր կարծիքով, այսօր հստակ կարելի է պնդել, որ նման նպատակ դրված էր եւ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ, Իջեւանում ունեցած իր ելույթում, դա հաստատեց՝ ասելով, որ դա խնդիր էր, որը պետք էր լուծել:  Արցախի հանձնումից հետո, Արամ Սարգսյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը լծվել է Հայաստանը հանձնելու գործին՝ օր-օրի կազմաքանդելով ազգային եւ պետական ինստիտուտները. «Հայաստանի ապագան մշուշոտ է»:

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումն այսօր կլոր սեղան-քննարկում էր նախաձեռնել՝ հիմնավորելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Քննարկման օրակարգային հարցերն էին՝ Արցախի հանձնումը եւ ՀՀ անվտանգության համակարգի, ազգային հաստատությունների կազմաքանդումը։ Քննարկմանը հրավիրված էին տարբեր քաղաքական եւ հասարակական միավորների ներկայացուցիչներ: Շարժման անդամները կարծում են, որ միասին պետք է որոշել՝ ինչպե՞ս հասնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն եւ դա պետք է անել միասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Շարժման անդամ Էդգար Ղազարյանը ներկայացրեց Արցախի հանձնման ժամանակագրությունը՝ համեմված Նիկոլ Փաշինյանի փսեւդո հայրենասիրական հայտարարություններով:

Հայաստանի առաջին ՄՊԻ Լարիսա Ալավերդյանն էլ խոսեց այն մասին, թե ինչո՞ւ են 150 հազար արցախցիներին զրկել ՀՀ քաղաքացիությունից եւ ինչո՞ւ են նրանց ժամանակավոր ճամփորդական փաստաթղթեր տվել:

Նա հիշեցնում է, որ դեռ 2013 թվականին Բրիտանիան ներկայացնող պատգամավոր Չարլ Կամուկը, Եվրոպական խորհրդարանում հայտարարել էր՝ իրենք շատ լավ գիտեն, որ Արցախում շատ քիչ մարդ կա, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն. այսինքն, արցախցիներին տրված փաստաթուղթը հիմնական անձնագիր էր: Բայց, քանի որ ՀՀ իշխանությունը որոշեց արցախցիների անձնագրերը փոխարինել ժամանակավոր-ճամփորդական ինչ-որ թղթով, Լարիսա Ալավերդյանն այլ բացատրություն չի գտնում, քան այն, որ այդպիսով՝ արցախցիներին զրկելով ՀՀ քաղաքացիությունից, ՀՀ իշխանությունը հայտարարում է այն մասին, որ նրանց համար որեւէ պատասխանատվություն չի կրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031