Էլեկտրաէներգիայի սակագնի աճ սպասվո՞ւմ է․ խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը (լուսանկարում)։
«14.8 միլիարդ դրամ նախատեսված է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շարունակության համար, որովհետև մենք պարբերաբար իրականացնում ենք միջոցառումներ… Այս թիվը երբևէ պլանավորված ամենափոքր թվերից մեկն է, որովհետև հիմնական խոշոր կտորը մենք իրականացրել ենք 2026 թվականի այս տարվա ընթացքում։
Ինչ վերաբերում է մյուս խոշոր ծրագրին՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքների մասով է։ Կոնկրետ այս երկու ծրագրերը սակագնի վրա ազդեցություն չեն ունենալու, որովհետև, նախ, ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորումը սակագնից դուրս տրամաբանության մեջ է»,- պատասխանեց Դավիթ Խուդաթյանը։
Մեսրոպ Մանուկյանը հիշեցրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասել էր, որ այդ բոլոր կոմպոնենտներն ազդում են սակագնի վրա․ «Հարցը հետևյալն էր՝ այս բեռը ամբողջությամբ պետությունը վերցնո՞ւմ է իր վրա, թե՞ հետո արտացոլվելու է սակագնի վրա։ Այսինքն՝ ինչ-որ մեկը պիտի վճարի՝ կամ վճարում է հավաքագրված հարկերից՝ պետությունն է վճարում, կամ պարտք է վերցնում՝ պետությունն է վճարում, կամ դա ներառվում է սակագնի մեջ, որովհետև ներդրումները շատ-շատ մեծ են։ Եվ դուք իրավացի եք՝ նախորդ տարի 20 միլիարդ ատոմակայանի վրա ծախսվել… Բոլորը նպատակաուղղված է մինչև 36 թվականի շահագործմանը։ Եթե հստակություն ունեք, ասե՛ք՝ իմ հարցը դա էր՝ այդ դրա վճարողն ո՞վ է լինելու»։
Կարդացեք նաև
«Ատոմակայանի պահպանումն ինքը արտացոլվում է սակագնում, ատոմակայանի շահագործումը, ատոմակայանի լիցքավորումը՝ ինքը արտացոլվում է սակագնում։ Ցանկացած բան ինքը արտացոլվում է սակագնում, այդ թվում նաև այս 14.8 միլիարդ դրամը։ Բայց դրանով հնարավոր չէ եզրակացության գալ՝ արդյոք դրանով սակագինը կբարձրանա՞, թե՞ չէ։ Ես նկատի ունեմ, որ ցանկացած ծախս, այո՛, արտացոլվում է սակագնում, բայց ցանկացած ծախս չէ, որ բերում է սակագնի բարձրացման, որովհետև մենք սակագին պլանավորելիս պլանավորում ենք նաև երկարաժամկետ… Այսինքն՝ այդ սակագնի վրա ազդող ֆինանսական… Այսինքն՝ այնպես չէ, որ տարվա ընթացքում կարիք է լինում 5 միլիոն դրամ ծախսելու, և, օրինակ, մեր սակագինը դրա արդյունքում հենց այդ տարվա ընթացքում 0.1 դրամով կիլովատ/ժամի համար փոփոխության է ենթարկվում։
Սա կոնկրետ կփոխի՞, թե՞ չէ, պարոն Մեսրոպյանի դաշտում է, եթե անկեղծ ասեմ, բայց նաև սա պլանավորված ծախս է՝ ավելի երկար ժամկետով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































