Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած Երևանի և Մոսկվայի միջև առկա քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում». Թաթուլ Մանասերյան

Դեկտեմբեր 26,2023 14:34

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ներկայում այլընտրանք չունի և մեզ թույլ է տվել մեծ հաջողությունների հասնել»: Նման հայտարարություններ հաճախ են հանդիպում մեր հետազոտություններում: Սակայն ուրախալի է, որ այս անգամ այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը», – «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր կայացած «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի պնդմամբ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական է Հայաստանի համար. վերջին մի քանի տարիների ընթացքում, Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, տնտեսական մեծ հաջողությունների է հասել. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի ԵԱՏՄ վիճակագրական տարեգրքի տվյալների համաձայն՝ 2022 թվականի վերջին Հայաստանի տնտեսության աճն ամենաբարձրն է եղել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից։ Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 12,6 տոկոս աճ։ Միաժամանակ Ղրղզստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,3%, Ղազախստանում՝ 3,2%, իսկ Բելառուսում և Ռուսաստանում համապատասխանաբար 4,7% և 2,1% անկում է գրանցվել։ 2022 թվականին ԵԱՏՄ տնտեսությունն, ընդհանուր առմամբ, կրճատվել է 1,6%-ով:

Եվ չնայած 2023 թվականի առաջին 11 ամիսներին Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նվազել է, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս ժամանակահատվածում աճել է մոտ 42%-ով, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ 38%-ով։ Մի շարք երկրներում զգալի աճ է գրանցվել (Չինաստան, ԱՄԷ, Հոնկոնգ)։ Ներդրումների առումով ԱՄԷ-ն Հայաստանում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41.2%-ով և կազմել $15,445,535.0 հազ.։ Համեմատության համար նշենք, որ ապրանքաշրջանառության ծավալը՝ Հայաստանը և Ռուսաստանը 2023 թվականի 10 ամսում, կազմել է 5,4 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ ավելանալով 40,8 տոկոսով։ Միաժամանակ, արտահանումը հաշվետու ժամանակահատվածում հասել է 2,9 մլրդ դոլարի՝ 63 տոկոս աճով, իսկ ներմուծումը՝ 2,7 մլրդ դոլար (աճը՝ 16,6%)»։

Վերջին շրջանում կրկին ակտիվ քննարկման թեմա էր Վերին Լարսում հայկական ապրանքների ուշացման պատճառների հնարավոր քաղաքական տարրի առկայությունը: Թաթուլ Մանասերյանն ընդգծում է՝ չպետք է մոռանալ որակի վերահսկողության անհրաժեշտության մասին եւ հայտարարում, որ չնայած դժվարություններին, անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այն է` մաքսայինի բացակայությունը, անարգել միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը ԵԱՏՄ մեծ շուկա, այս ամենը հսկայական առավելություն է տալիս Հայաստանին և պատճառ է հանդիսանում տնտեսական աճի համար, որն այսօր արձանագրում է երկիրը։

Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 5,2 մլրդ դոլար, ինչը 92,7 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանումը 2022 թվականին կազմել է 2,5 մլրդ դոլար, ինչը 2,8 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 2,7 մլրդ դոլար՝ աճելով 49%-ով։ Իսկ այս տարի ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը, ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի կանխատեսումներից մեկի համաձայն, կգերազանցի 100 միլիարդ դոլարը, և դա կդառնա նոր ռեկորդ։

2022 թվականի վերջին ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է 84 մլրդ դոլարի, միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության արագացված աճ կա՝ համեմատած այլ երկրների հետ։ Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններին, ապա մինչև 2023 թվականի վերջ Հայաստանի արտահանումը Ռուսաստան կգերազանցի ներմուծումը գրեթե մեկ քառորդով, իսկ այսօր Հայաստանից արտահանման կեսից ավելին է բաժին ընկնում այդ երկրին։ Բացի այդ, զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է գալիս դեպի Հայաստան։ Խոսքը ՌԴ-ից մոտ 850 հազար մարդու մասին է։

«Չնայած Երևանի և Մոսկվայի միջև առկա քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կավելանա ավելի քան 40 տոկոսով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում դրական դինամիկա է արձանագրվում։ Այս պահին տարվա տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն մեր ունեցած դիրքերով ապրանքաշրջանառության ծավալն աճել է 43,5 տոկոսով։ Երկու երկրների տնտեսական օպերատորների հիմնական հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլիով։ Ռուսական մասնաբաժինը արդեն ավելի քան 90 տոկոս է։ Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս արդյունավետ փոխգործակցել և զարգացնել մեր առևտրատնտեսական կապերը։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կկազմի 5 մլրդ դոլար։ Ֆինանսական տրանսֆերտների ներհոսքը նախորդ տարի գրեթե նույնքան է եղել, որը փոքր-ինչ նվազել է 2023թ.-ին: Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է մոտ 2,5 մլրդ դոլարի ապրանք։ Ինչ վերաբերում է հայկական կողմի «խաղաղության խաչմերուկ» նախագծին, Մոսկվան փաստացի աջակցում է դրա իրականացմանը։ Հայաստանի կառավարության ներկայացրած կապի ապաշրջափակման ծրագիրը ենթադրում է, որ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի իրավասության ներքո, որտեղով անցնում են։ Ռուսաստանը ֆինանսավորում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը՝ օգտագործելով Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցները։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ կազմում է 150 մլն դոլար», – ասաց Թաթուլ Մանասերյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031