Մարդիկ մասնակցել են ցույցերին, լուսանկարվել են Նարեկ Կարապետյանի հետ, մասնակցել ցույցերին՝ աշխատանքից ազատել են․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը տեսանյութով ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված քաղաքացիներին՝ լուսանկարներով, դեմքերով։
«Բնականաբար, ակնկալում ենք, որ արձագանքներ կլինեն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Իրենք կհետևե՞ն Փաշինյանի հորդորին եւ բողոքի ցույցեր կիրականացնե՞ն՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Երբ քաղաքացիներն ահազանգում են ինչ-որ խնդրի մասին, միանգամից ասում են՝ բողոքի ցույցեր կազմակերպեք, երբ խոսում են ընտրական գործընթացներում խախտումների մասին, ասում են՝ հեղափոխություն արեք, մինչդեռ կառավարության ղեկավարը հանդիպել է նման դեպքերի, օրինակ՝ 2012, 2017 թվականներին և դրանից առաջ էլ և հեղափոխություն անելու մասին խոսք չի եղել։ Լավ կլինի, որ իրավապահ համակարգը կոնկրետ քայլերի դիմի, սակայն կառավարության ղեկավարն ասում է՝ դուրս եկեք ցույց արեք․ դա նորմալ չի»։
Կարդացեք նաև
Ապա հարցը տեղափոխեց իրավապահ համակարգի աշխատանքի որակի դաշտ. «Իրավապահ համակարգը մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն զբաղված է ընդդիմադիրներին հետապնդելով։ Նույնն էլ կարելի է ասել Շաքիի դեպքի մասով, որ եթե մեր ԱԱԾ աշխատակիցներն իրենց գործով զբաղվեին, այլ ոչ թե ընդդիմադիրներին գաղտնալսելով, հնարավոր էր՝ այդ դեպքը շուտ կանխվեր»։
Պատասխանելով Գյումրու օրվան նվիրված համերգի առիթով քննադատություններին էլ, Տիգրան Աբրահամյանն ասաց՝ ֆինանսավորումը տրամադրվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից, ծրագիրը կազմել է քաղաքապետարանը՝ հորդորելով բոլոր հարցերը նրանց տալ։ Իսկ, առհասարակ, նա կարծում է, որ լավագույն գնահատականը՝ համերգին հավաքված մարդկանց քանակը եւ հրապարակում տիրող ոգեւորությունն է։
Ճեպազրույցն ամբողջությամբ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































