Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի գամ մասնակցեմ նիստերին, ինչ խաղի կանոն հաստատում եք, դրանով խաղում եմ»․ Գագիկ Խաչատրյան

Հունվար 08,2024 13:35

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը:

Դեկտեմբերի 11-ին դատարանը հրատապ նիստ էր գումարել, որի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդել էր կալանավորել Խաչատրյանին՝ հիմնավորելով, որ նա վատառողջ լինելու պատճառաբանությամբ նիստերին չի ներկայանում, նիստերը ձգձգվում են։ Դեկտեմբերի 23-ի նիստում դատարանը մերժել էր դատախազի միջնորդությունը։

Գագիկ Խաչատրյանն այսօր դատարան տեղափոխվեց շտապ օգնության մեքենայով՝ անվասայլակի վրա։ Նրա ինքնազգացողությունը վատ էր, դատական նիստի ընթացքում չէր կարողանում բացել աչքերը։

Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը դատավորին հորդորում էր սկսել հարցաքննել գործով որպես վկա ներգրավված «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Բայց Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ նախ ուզում են դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել։

Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ մեղադրողը չի ուզում տեսնել, թե ընդհանրապես ինչ վիճակում է Գագիկ Խաչատրյանը։ «Ընդհանարապես այս դատաքննությունը մրցակցայի՞ն է, թե՞ չէ։ Մեղադրողն ուզում է հարցաքննություն իրականացնել, ես ուզում եմ հիշեցնել, որ այս գործը՝ ըստ մեղադրանքի, Գագիկ Խաչատրյանն է, անձն իրավունք ունի ցանկացած անձի հարցաքննության ժամանակ հարցեր տալ։ Դատական նիստի սկզբից մինչեւ հիմա ես նայում եմ Գագիկ Խաչատրյանի վիճակին, փակ աչքերով նստած է։ Սա դատավարությո՞ւն է, թե՞ ոչ։ Հարգելի մեղադրող, ձեր դիմաց է նստած Գագիկ Խաչատրյանը, փակ աչքերով նստած է, հարցաքննություն եք իրականացնում, ես չեմ հասկանում՝ այս ի՞նչ է կատարվում»,- ասաց փաստաբանը։

Մեղադրող դատախազն ասաց․ «Պաշտպանական կողմի այս դատավարական վարքագիծն այնքան կայուն է ու կանխատեսելի, որ բառացի կարող եմ ասել, թե ինչ են պատրաստվում կատարել։ Հիմա կներկայացնի հերթական, ուղղակի նիստը ձգձգելու միտում ունեցող միջնորդությունը, որից հետո վատառողջ լինելու պատճառաբանությամբ կասեն՝ եկեք դատական նիստը հետաձգենք, որովհետեւ հրատապ պետք է տեղափոխենք հիվանդանոց։ Եկեք վերջ տանք այս վարքագծին, հարգելի դատարան, մի թողեք, ես ձեզ հորդորում եմ, կանխեք այս վարքագիծը»։

Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ մեղադրող դատախազն անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում։ «Եվ ձեր դիրքորոշումն ու վարքագիծը բացարձակապես հարիր չէ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն հռչակած ՀՀ դատախազության ներկայացուցչին։ Այս անձը՝ դատախազ Սարգսյանը, ակնհայտ բացասական վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ, ընդմիջում հայտարարվեց։ Շտապ օգնության բժիշկը դատավորին ասաց, որ, Գագիկ Խաչատրյանը գանգատվում էր ճնշման տատանումից ու գլխացավից։ «Ճնշման չափումը կատարելուց պարզ դարձավ, որ ճնշումը 150-90 էր, տանը բավական բարձր էր, կատարվել էր ներարկում։ Այս պահին էլի կատարվեց ներարկում, փորձենք մի փոքր ուշ նորից հասկանալ՝ վիճակն ինչպես է»,- ասաց բժիշկը։

Երեմ Սարգսյանը նախ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազի վերաբերյալ։ «Այս մարդու կյանքը վտանգի տակ է, եթե մեղադրողը չի ուզում այս փաստը տեսնել, դա նշանակում է, որ չի ուզում այս գործով ընդհանրապես օբյեկտիվ լինել։ Հետեւաբար, այս փաստերը հաշվի առնելով՝ ես բացարկ եմ հայտնում մեղադրողին, խնդրում եմ՝ բացարկը ընդունեք, որպեսզի նա վարույթից հեռացվի, գա մեկ այլ մեղադրող, որը այսպես բացասական վերաբերմունք չի ունենա, օրենքի իմաստով նման անմարդկային վերաբերմունք չի ունենա, նման ծաղրական ու հեգնական վերաբերմունք չի ունենա անձի առողջության վերաբերյալ»,- ասաց նա։

Գագիկ Խաչատրյանն իր ելույթում ասաց․ «Քրեական գործի շրջանակներում ես ներկայացել եմ քննիչի առաջին իսկ զանգից՝ վիրահատությունից հետո։ Ես ներկայացա՝ հավատալով, որ արդարադատություն կա, պայմանով, որ ես նորից կգնամ կշարունակեմ։ 2015-2016 թվականներից 4 վիրահատություն եմ տարել։ Դատավարության ժամանակ պարզ տեսանք, թե ինչ է կատարվում՝ իրավական բլոկի կողմից կանխատեսելի վկաները չեն ներկայանում, մեր պահանջած վկաները մերժվում են։ Ինձ համար հասկանալի են մոտեցումները, խնդիրները, այնպես չէ, որ ես չեմ ընկալում, թե որից հետո որն է գալիս, ինչո՞ւ է այսքան շտապում մեղադրող կողմը։ Եթե այսքանից հետո օգտագործում են բառեր՝ դիտավորություն, ձգձգելու փորձեր, 60-ից ավելի նիստերին ո՞վ է ներկայացել։ Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի գամ մասնակցեմ նիստերին մի պատճառով, որովհետեւ ինձ համար անընդունելի է, որ ես խուսափում եմ։ Ես համբերատար սպասում եմ, ոչ մի առարկություն չեմ արել, ինչ խաղի կանոններ հաստատում եք, այդ խաղի կանոններով խաղում եմ, ինչ ասում եք, անում եք, նույնիսկ վիրավորական է։ Պատկերացնո՞ւմ եք, 10-ից ավելի ՄՌՏ են մտցրել, ստիպողաբար, դիտավորյալ, բոլորն անտեսել եք, եւ հիմա եկել եք, մեղադրյալը գտնում է, որ այստեղ ձեւականություն է։ Եթե Գերմանիայի ու Ֆրանսիայի բժիշկների եզրակացությունը չեք կարդում, այս ամենի իմաստը ո՞րն է»։

Գագիկ Խաչատրյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ նրա ինքնազգացողությունը կրկին վատացավ, ընդմիջում հայտարարվեց։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց․ «Մեղադրողի նման վարքագծի պատճառով եւ մեր ունեցած տեղեկություններով՝ բժիշկներին վախեցնելու պատճառով Գագիկ Խաչատրյանն այսօր խնդիր ունի Հայաստանում բուժում ստանալու։ Բժիշկները խուսափում են նրան որեւէ կերպ սպասարկել, ասում են՝ ուրիշի դիմիր։ Մեղադրողը գտնում է, որ բեմականացում կա, բժիշկներին էլ ասում է՝ դուք ձեւական թղթեր եք տալիս։ Որպեսզի օբյեկտիվությունը պարզեք՝ մի հատ հարցրեք՝ հարգելի մեղադրող, այս փաստաթղթերը ձեզ համար հիմք չե՞ն, եթե հիմք են, ինչո՞ւ է ձեւական»։

Դատարանը որոշեց մերժել Գագիկ Խաչատրյանի փաստաբանների՝ մեղադրող դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը հաշվի առնելով՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 11-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031