Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ» ակումբին նոր տարածք կտրամադրվի, թենիսի կորտերն էլ կքանդվեն, երբ ակումբն ավելի հարմար տարածք տեղափոխված կլինի. Ավինյան

Հունվար 15,2024 11:30

««Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է համապատասխան տարածք վերակառուցելու համար, եւ այդ ակումբը անպայման շարունակելու է գործել, մենք դա ապահովելու ենք: Կարծում եմ, որ պետք է ապահովենք, որ այդ ծրագիրn արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն՝ ավելի հարմար տեղում պետք է ունենանք ակումբը, հետագայում նոր անցնենք քանդման աշխատանքներին»,- այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այս օրերին շրջանառվող տեղեկություններին, թե «Օղակաձեւ այգու» թենիսի կորտերը քանդում են:

Ավինյանը, խոսելով «Օղակաձեւ այգու» 4-րդ զանգվածին վերաբերող ներդրումային ծրագրից, նկատեց, որ այս օրերին իրեն դիմել են շատ տարբեր մարդիկ, թենիսի սիրահարներ, մարդիկ, որոնք ամեն օր այնտեղ պարապում են. «Այն ծրագիրը, որը ներկայացվեց, թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ: «Օղակաձեւ այգին Երեւանի փոքր կենտրոնի միակ երեւելի կանաչ տարածքն է, հետեւաբար այգու փուլային վերականգնումը, որպես կանաչ հանրային տարածք, մեզ համար առաջնահերթություն է: Ինչ վերաբերում է բուն ծրագրին, այն առաջին հերթին վերաբերում է տարատեսակ սրճարաններին ու տաղավարներին, որոնք այդ հատվածում տեղակայված են, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային, բոլորի համար հասանելի կանաչ տարածք՝ նորարարական լուծումներով: Իսկ թենիսի կորտերի մասին կարող եմ ասել, որ ես դեռեւս 1996-2002 թվականը «Արարատ» ակումբում պարապել եմ, իմ ամենասիրելի վայրերից մեկն է Երեւանում, բայց այստեղ հարցը ոչ միայն մեր անձնական նախասիրությունների, այլ հանրային շահի մասին է: Թենիսի ակումբը պետք է վերակառուցվի, պետք է հասանելի լինի բոլոր այն անձանց համար, որոնք պարապում են այնտեղ, բայց վստահաբար թենիսի ակումբի համար տեղակայված դիրքը այդքան սկզբունքայնորեն կարեւոր չէ: Իսկ փոքր կենտրոնում, հաշվի առնելով, որ բացի «Օղակաձեւ այգուց» ու այլ փոքր այգիներից, որպես այդպիսին, կանաչ տարածքի այլ հնարավորություններ չկան, հետեւապես այստեղ լուծումները մեզ համար շատ պարզ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031