Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտումները Թուրքիայում համակարգային բնույթ են կրում»․ ՄԻԵԴ նախագահ

Հունվար 26,2024 11:31

«2023-ի տվյալներով՝ դատարանի կողմից վճռի սպասող դիմումների թիվը շարունակում է բարձր մնալ՝ 68,450, թեև այն զգալիորեն նվազել է 2022-ի համեմատ՝ 74650»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Սիոֆրա Օ’Լիրին։

2023-ին ընդհանուր 38,260 դիմումներից 6,931-ով դատարանը կայացրել է վճիռ։ Սա նշանակում է, որ դատարանի կայացրած վճիռների թիվը 2022-ի համեմատ 66 %-ով աճել է։ Դատարանը 2023-ի ընթացքում ընդունել է 16,623 նոր դիմումներ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 144 %-ով։

Սիոֆրա Օ’Լիրին հայտարարեց․ «Դատարանի դերն է վերահսկել՝ որպես վերջին միջոց անդամ պետություններին՝ իրենց պատասխանատվությունների կատարման հարցում, ապահովել, որ Կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգվեն և պաշտպանվեն ներպետական մակարդակում։ Այդ պատասխանատվությունը կրում են ազգային իշխանությունները և ազգային դատարանները»։

Ըստ ՄԻԵԴ-ի նախագահի ներկայացրած վիճակագրության՝ ամենաշատ դիմումների թվով երկրների առաջին հնգյակում, ինչպես նախորդ տարի, Թուրքիան է (23,400 դիմում), ՌԴ-ն (12,450), Ուկրաինան (8,750), Ռումինիան (4,150 դիմում) և Իտալիան (2,750 դիմում)։

Ադրբեջանն այս ցուցակում 7-րդն է։ 2023-ի ընթացքում Ադրբեջանի դեմ ներկայացվել է 1900 դիմում, որը կազմում է ՄԻԵԴ ներկայացված դիմումների 2,8%-ը։

Հայաստանն ընդգրկված չէ այս ցուցակում։ Հայաստանի մասով դատարանը 2023-ին արել է 5 միակողմանի հայտարարություններ և բարեկամական կարգավորումներ։ 2023-ի ընթացքում Հայաստանի վերաբերյալ գործերով ՄԻԵԴ-ը կայացրել է 31 վճիռ, Ադրբեջանի մասով՝ 77 վճիռ, Վրաստանի մասով՝ 20։ 2023-ի ընթացքում 836 դիմումից 83-ը գտնվում է կոնկրետ դատավորի և հանձնաժողովի քննության ներքո, 272-ը սպասում է առաջին լսումի, 476-ի մասով դիմել են կառավարությանը։ ՄԻԵԴ-ը 2023-ի ընթացքում 25 վճռով գտել է, որ ընդդեմ Հայաստանի ներկայացված գործերով կան Կոնվենցիայի հոդվածների խախտումներ։ Ադրբեջանի դեպքում այդ թիվը 40-ն է։

Խոսելով ՌԴ-ի մասին, որը 2022-ի մարտին դադարեցրեց իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, Սոֆիա Օ’Լիրին ասաց․ «Մենք զգալի ժամանակ ու ջանք ենք ներդնում ընդդեմ Ռուսաստանի՝ մեր վարույթում գտնվող գործերի քննության համար։ Ունենք հազարավոր դիմումներ՝ ընդդեմ այս պետության, որոնցով դեռ վճիռ չի կայացվել։ Վերջին տարվա ընթացքում վճիռներ են կայացվել 5300 դիմումների մասով և 9400 դիմումներ փոխանցվել են Ռուսաստանի Դաշնությանը»։

Հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար ՌԴ-ին վերաբերող գործերով ժամանակ ծախսել, եթե այդ երկիրը չի արձագանքում, և մյուս կողմից որոշումները չե՞ն լինի միակողմանի, ՄԻԵԴ-ի նախագահը պատասխանեց․ «Այս հարցը քննարկման առարկա է դարձել այն ժամանակվանից, երբ ՌԴ-ն դադարեցրեց իր անդամակցությունը ԵԽ-ին, և մեզ համար ծագեցին չնախատեսված հանգամանքներ։ Բայց մենք օրենքի դատարան ենք և մենք կաշկանդված ենք Կոնվենցիայի դրույթներով։ Ըստ Կոնվենցիայի՝ դատարանը պետք է շարունակի իր գործողությունները, հակառակ դեպքում դա կլինի մեր արժեքներին դեմ։ Նաև չգիտենք՝ ապագայում ինչ կլինի։ Ռուսաստանը՝ որպես պատասխանող երկիր, որը պաշտոնապես բարձր պայմանագրային կողմ է, կաշկանդված է իր պարտավորություններով համագործակցել դատարանի հետ»։

Հարցին՝ Թուրքիայի իշխանությունների հետ ինչպիսի՞ն է համագործակցության մակարդակը, քանի որ ամենաշատ դիմումներն ընդդեմ այս երկրի են, ՄԻԵԴ նախագահը պատասխանեց՝ Թուրքիայի իշխանությունների հետ կա կառուցողական երկխոսություն․ «Թուրքիայի դեմ ներկայացված դիմումների 96 տոկոսի դեպքում դրանք ազատությունների սահմանափակման հիմքով են՝ սահմանափակումներ դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, պրոֆեսորների դեպքում, քրդական հարցով։ Այս իրավունքի խախտումները Թուրքիայում համակարգային բնույթ են կրում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031