Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկցիները ցնցված են․ կատարվածը սարսափ կինո է հիշեցնում․ որոշ մանրամասներ՝ զինված հարձակումից

Փետրվար 09,2024 20:33

Ինչպես հայտնի է, այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Այս քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում չորս դիմակավորված անձինք՝ զինված, սև անձրևանոցներով հանդերձավորված, առավոտյան ժամը՝ ժամը 09:45-ի սահմաններում իրենց բազմաբնակարան շենքի մուտքի մոտ հարձակվել են Արթիկի բնակիչներից մեկի ու նրա 32-ամյա որդու վրա։

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, դիմակավորվածները դուրս են ելել «Opel Astra» մակնիշի մեքենայից, ներկայացել են որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշել են հորն ու նրա 32-ամյա որդուն, նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։

Այնուհետ որդուն պատկանող «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են 40.000.000 /քառասուն միլիոն/ ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք նախատեսված են եղել այդ ընտանիքին պատկանող ոսկու խանութում վաճառելու, և ավտոմեքենայով հորն ու որդուն տարել են Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։

Դիմակավորված հանցագործները դաժան ծեծի են ենթարկել հորն ու որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել նրանց, պատճառել մարմնական վնասվածքներ։

Դիմակավորված անձինք հեռացել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով։

Տուժածներից որդին «գլխի արյունահոսող վերքեր ախտորոշմամբ» տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։

Aravot.am-ի հետ զրույցում Արթիկի բնակիչներից մի քանիսն ասացին, որ տուժողները համեստ, շնորհքով, աշխատասեր մարդիկ են։

Նրանք բնակվում են Ստեկլոմաշ թաղամասում, այդ նույն թաղամասում ունեն պահեստամասերի խանութ ու նաև ոսկու խանութ՝ Արթիկի կենտրոնական շուկայի մոտ։

Հետապնդողները, արթիկցիների կարծիքով, ծանոթ մարդիկ են եղել, որոնք և իմանալով, որ նրանց մոտ կա խոշոր չափի ոսկեղեն, այն տեղափոխում են իրենց պատկանող ոսկու խանութ՝ վաճառքի, բնակարանից ոտքերը դուրս դնելուն պես՝ հարձակվել են ու թալանել։

Ի դեպ, իրավապահները ևս ունեն վարկած, որ զինված ավազակային հարձակում կատարած անձինք ծանոթ են այս ընտանիքին, նախապես իմացել են նրանց տեղաշարժը՝ որ ժամին ուր պիտի գնան։

Մինչ այս պահը կասկածյալներ չկան։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ իրենց է դիմել բուժօգնության մի տղամարդ, որը, սակայն, ստացիոնար բուժում չի ստացել, նրան առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել ու տուն ուղարկել։

Նշենք, որ Արթիկում անչափ մտահոգ են կատարվածով, սա Հայաստանի այն բացառիկ քաղաքներից էր, որտեղ գրեթե գողություն չէր լինում․ տարիներ շարունակ մարդիկ դռները բաց էին քնում։

Նրանք մեզ դժգոհեցին, որ վերջին շրջանում տներից մի քանի գողություններ են կատարվել, սակայն դրանք պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել, չեն պատժվել, որն էլ առիթ է դարձել մարդու բնակարանի դիմաց նման հանցագործության։

shamshyan.com-ի տեղեկություններով, ոսկեղենը թալանած անձինք «Opel Astra» մակնիշի մեքենայի համարանիշները ժամեր առաջ գողացած են եղել Վանաձորի քաղաքի նույն մակնիշի ու նույն գույնի մի մեքենայից։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով ավազակություն կատարելու) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն:

Քրեական վարույթի շրջանակներում ձևավորվել է քննչական խումբ, հայրը և որդին ճանաչվել են տուժող և հարցաքննվել։

Կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ծավալուն գործողություններ՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու, նրանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու նպատակով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829