Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնացեք, ժողովուրդ ջան․ մայր գումարը տալիս ենք, տոկոսը տալիս ենք, պետք է տուն կառուցել, ամուսնանալ եւ երեխաներ ունենալ»․ Փաշինյան

Փետրվար 15,2024 13:28

«Գնում էինք գյուղեր, մարդիկ ասում էին՝ երիտասարդներն ուզում են ամուսնանալ, ոչ տուն կա, ոչ էլ բանկերը հիփոթեք են տալիս։ Ամուսնության պահանջը նրա համար է, որովհետեւ ի սկզբանե դուք եք ասել, որ տուն է պետք, որ ամուսնանաք։ Հիմա տունը կա, ամուսնացեք, ժողովուրդ ջան»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի քննարկման ժամանակ։ Այս ծրագրով կառավարությունը հիփոթեքային վարկի մայր գումարի եւ տոկոսագումարի մարման աջակցություն է ցուցաբերում ընտանիքներին, եթե նրանք սահմանամերձ գյուղում ունեն հողատարածք եւ մտադիր են անհատական տուն կառուցել։ Այսինքն, ծրագրով ամուսնացած լինելու պահանջը պարտադիր է։

Նիստում մի քանի մարզպետներ ներկայացրեցին, թե տվյալ մարզում քանի շահառու է օգտվել ծրագրից, եւ արդեն քանի տուն է կառուցվել կամ շինարարության փուլում է։

Գեղարքունիքի մարզն այս առումով ամենավատ վիճակում է։ Մարզպետը հայտնեց, որ կա 22 հաստատված ծրագիր, բայց շինարարության փուլում այս պահին ծրագիր չկա։

«Ինչո՞ւ է տենց Գեղարքունիքում։ Կարո՞ղ է բնակլիմայական պայմանների հետ է կապված, էնտեղ ձմեռը շատ ձյուն է գալիս»,-ասաց Փաշինյանը։

Նա մարզպետներին հորդորեց ակտիվացնել ծրագիրը։

Դիմելով Գեղարքունիքի մարզպետին, Փաշինյանն ասաց․ «Պարոն Սարգսյան, մարդկանց ասեք, որ․․․ անձնագրային բաժնի հետ կապված ասում են՝ վայ, էս ինչ ա․․․, թող գումար վերցնեն՝ գնան, տուն սարքեն։ Ի՞նչ կապ ունի Վարդենիսում անձնագրային բաժնի չորս աշխատակից կա, թե չէ։ Նույնը վերաբերում է մյուս մարզերին։ Կամ ասում են՝ անձնագրային կամ կադաստրի բաժինը լուծարում են, բնակավայրերը տալու են։ Որ էդտեղ առողջապահական կենտրոն ենք կառուցում՝ էդ հեչ, որ դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում՝ էդ հեչ, որ էդտեղ ջրագիծ ենք կառուցում՝ էդ հեչ։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրային բաժինն է։ Բա որ տենց լավ է, ամեն գյուղում մի վեց հատ բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք վեց կադաստրի բաժին․ 12 հատ անձնագրային բաժին, ԺԷԿ-եր բացենք ամենուր, ասենք՝ ըհըն, կառավարությունն իր անելիքն արեց։ Միլիարդներ ենք ծախսում դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, ճանապարհներ, ինչ ասես կառուցելու համար, ասում են՝ կադաստրի բաժինը փակվեց։ Փակվեց, որովհետեւ ուզում ենք կոմպյուտերով լինի էդ ամեն ինչը, մարդիկ չգնան՝ օրերով հերթ կանգնեն»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ անձնագրային բաժիններն օպտիմալացվում են․ «Ամեն ինչ անում ենք, որ բաժին գնալու անհրաժեշտություն չունենան մարդիկ։ Որ անձնագրային բաժինը խոշորացվում է, վե՞րջ, դրանով կյանքը ավարտվո՞ւմ է։

Ակտիվացրեք, մայր գումարը տալիս ենք, տոկոսը տալիս ենք, պետք է տուն կառուցել, պետք է ամուսնանալ եւ երեխաներ ունենալ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ 2021 թվականին Գեղարքունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի այցելությունից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Էդ “ժողովուրդ ջանն” է քեզ մայր գումարը տալիս հարկերի տեսքով, որ մեր ընդհանուր տունը – մեր երկիրը կառուցես, սահմաններն ամրացնես, իսկ դու այդ գումարը բաժանում ես քո քպ-ական ճուտիկներին որպես պարգևավճար և երկիրն էլ կիլոմետր-կիլոմետր հանձնում ես թուրքին որպես տոկոս։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829