Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց կարևոր է, որպեսզի մասնագիտական և իրավապաշտպան գործունեություն իրականացնելիս ցանկացած անձի, այդ թվում՝ բնապահպանների իրավունքները ՀՀ-ում երաշխավորված լինեն

Փետրվար 19,2024 20:45

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտում առկա այն խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում անձամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից լսել ոլորտին առնչվող խնդիրները, մշակել համագործակցության արդյունավետ հարթակ և համատեղ լուծման հնարավոր տարբերակներ։

Պաշտպանը նշել է, որ շրջակա միջավայրը, դրա պահպանությունն ու բնագավառում առկա խնդիրներն ուղղակիորեն կապված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետ: Այս համատեքստում ընդգծվել է, որ մաքուր, առողջ, անվտանգ և կայուն զարգացող շրջակա միջավայրի բացակայության պարագայում մարդը զրկվում է իր կենսական մի շարք իրավունքների իրացման հնարավորությունից:

Իրենց հերթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են բնապահպանների նկատմամբ նկատվող ճնշումներին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր է, որպեսզի մասնագիտական և իրավապաշտպան գործունեություն իրականացնելիս ցանկացած անձի, այդ թվում՝ բնապահպանների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված լինեն։

 

Բարձրացված խնդիրների առնչությամբ Անահիտ Մանասյանն  իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու և համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829