Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ ղեկավար է դատվում իր խոսքի ու տեսակետի համար՝ այն էլ ընդհանրական, անհասցե ասված ձևակերպման համար». Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 27,2024 13:06

«Նպատակը Հայաստանում վախի մթնոլորտ սահմանելն է, գրաքննություն սահմանելն է։ Մի քանի ԶԼՄ է մնացել, որոնք մաքուր օդն են, հասարակությանը տալիս են անաչառ տեղեկատվություն, նպատակն այդ մարդկանց կոտրելն է։ Չի ստացվելու»,- ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի» քաղաքացիական գործի քննությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր, hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է ավելի քան 3,5 միլիոն դրամ:

Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց՝ լրագրողների, խմբագիրների են դատում, դատում են լրագրող Անի Գևորգյանին, Ալեն Սիմոնյանի հայցով մոտ 30 լրատվամիջոցի են դատում․ «Մի քիչ հետո կքննվի «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի դեմ Ալեն Սիմոնյանի հայցը։ Խմբագիր է դատվում, ԶԼՄ ղեկավար է դատվում իր խոսքի ու տեսակետի համար՝ այն էլ ընդհանրական, անհասցե ասված ձևակերպման համար։ Սա շատ վատ տեղ տանող ճանապարհ է»։

Նաիրա Զոհրաբյանը հույս ունի՝ դատավորը, որին մակագրված է գործը՝ ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ասած «վնգստացող» դատավորների շարքից չէ ու հորդորեց․ «Քանի դեռ ուշ չէ, հետ վերցրեք այս անհեթեթագույն հայցը»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ «Հայելի» ակումբի ամսական դիտումները մոտ 8 միլիոնի են հասնում․ «Այստեղ խնդիրը «Հայելի» ակումբին լռեցնելն է։ Չեմ կարծում, որ իրենք անձնական խնդիր ունեն Անժելա Թովմասյանի հետ։ Իրենց անձնական խնդիրը «Հայելի» ակումբի լսարանն է, և այս էժան գործիքակազմով նաև փորձում են մյուս ԶԼՄ-ների համար նախադեպ ստեղծել, որ մյուս լրագրողները, խմբագիրները, լրատվամիջոցները վախենան»։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Արմեն Աշոտյանի հետ կատարվողը․ «Ինը ամիս է Արմեն Աշոտյանին պահում են բանտախցում, ինը ամիս է վիզ եք դրել կոտրել նրան։ Ինը անգամ ինը ամիս էլ պահեն, հետո ևս ինը անգամ ինը ամիս էլ պահեն, մարդիկ կան, որոնց դուք չեք կարողանալու կոտրեք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829