Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ հիման վրա է ՀԱՊԿ-ը ճանաչվում մեր անվտանգության գլխավոր սպառնալիքը. Նարինե Դիլբարյանը Նիկոլ Փաշինյանից հիմնավորումներ է պահանջում

Փետրվար 29,2024 19:01

Մենք կանգնելու ենք հայկական արժեքների, մեր պետականության եւ մեր ինքնության թիկունքին ու թույլ չենք տալու՝ «սրա-նրա նոքյարը դառնան մեր հայրենակիցները, ինչպես սրանք (նկատի ունի իշխանությունները-Ն. Գ.) մղվում են բոլորի առաջ թավալվելու, դարձնելու հային պարտության սիմվոլ՝ իրենց կերպարի նման». այսօր Ազատության հրապարակում, «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

«Պատահական չէ այն զառանցաբանությունը, որ հարկ մուծողը հերոսն է սրանց. հարկ մուծելը, որը մեր պարտականությունն է եւ բոլորս ենք դա կատարում, սրանց համար հերոսի կոչման է հավասար, որովհետեւ գետնաքարշ սողանքները չեն կարող ճանաչել հերոսի կերպարը»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ շարժումը գնալու է մինչեւ վերջ՝ հասնելով հաղթական ավարտի, քանի որ մեկնարկել են Եռաբլուրի քաջերի խորհրդով, խոնարհվել են նրանց շիրիմների առաջ եւ խոստացել իրենց ոգեղեն հաղթանակը կյանքի կոչել, քանի որ իրավունք չունենք թույլ տալ, որ նրանց հաղթական սխրանքները «սրա-նրա վասալները, իշխանական աթոռները զավթած լրտեսախումբը փոշիացնեն»:

«Միասին» նախաձեռնության անդամ Նարինե Դիլբարյանն  էլ իր ելույթում ասաց, որ շարժումը սահմանադրական եւ օրենսդրական եղանակով է հասնելու հաջողության: Նա մանրամասն խոսեց կառավարության՝ 2021-26 թվականների ծրագրի մասին, որտեղ միանգամայն այլ խոստումներ էին տրված, իսկ իրականում այլ քայլեր արվեցին, խոսեց իշխանության լեգիտիմության մասին, որը չկա: Նա, մասնավորաբար, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կառավարության ծրագրում խոսվում է Արցախի մասին՝ փաստելով, որ ՀՀ-ն մնում է Արցախի անվտանգության երաշխավորը եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանը, մինչդեռ, այժմ այնպիսի իրավիճակում ենք, որ իշխանությունը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, կառավարության, իշխող խմբի անդամներին արգելվել է օգտագործել «Արցախ» անվանումը, իսկ 1-2 առանձին դեպքերում, երբ օգտագործել են՝ ներողություն են խնդրել:

Հաջորդ հարցը վերաբերվում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը. կառավարության ծրագրում այդ համագործակցությունն առանցքային է համարվում, մինչդեռ, երեկ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է առաջացնում: Նարինե Դիլբարյանը նաեւ տարակուսանք հայտնեց Հայաստանի նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայության, նրա ղեկավարի գործունեության մասով, նաեւ՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանի եւ բրիտանական արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի հանդիպման մասով՝ նկատելով, որ 44-օրյայի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն հայտարարել էր գերագույն-գլխավոր հրամանատար, իսկ այժմ գլխավոր հետախույզ է հայտարարում:

Բանախոսը կոչ է անում հանրությանը հետամուտ լինել եւ Նիկոլ Փաշինյանից հստակ բացատրություններ պահանջել, թե ինչի՞ հիման վրա է ՀԱՊԿ-ը ճանաչվում մեր անվտանգության գլխավոր սպառնալիքը եւ ինչո՞ւ սահմանների վերահսկողության բոլոր բարեփոխումները չեն կատարվում:

Նարինե Դիլբարյանը խոսեց նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով սպառնալիքներով է խոսում Հայաստանի ռազմավարական դաշնակցի մասին: Արդյունքում, ըստ բանախոսի, կառավարության ծրագիրն ամբողջությամբ խախտված է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից, ուստի նրան անվստահություն հայտնելու գործընթացը պետք է մեկնարկի, քանի որ նրա լեգիտիմության խաղադրույքը սպառված է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829