Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես էդ հնարավորությունը չունեմ 10 մլն, 15մլն, 20 մլն դրամ գրավ վճարելու». Տիրան Խաչատրյան

Մարտ 01,2024 21:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Արամուսի ռեստորանում միջադեպի ժամանակ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Ըստ մեղադրանքի, 2024թ. հունվարի 11-ին Տիրան Խաչատրյանն իր ընկերների ու ծանոթների՝ Գարիկ Հայրապետյանի, Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Արամուս բնակավայրի «էրիկի մոտ» հացատան առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ:

Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ  վեճ է ծավալվել, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքով: Այնուհետև, Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս: Հայհոյանքներից, ծեծկռտուքից հետո տարածքից հեռացած Տիրան Խաչատրյանը նորից է վերադարձել՝  ՀՀ պաշպանության նախարարի հրամանով իր անվամբ պարգևատրված ատրճանակով, անզգուշությամբ կրակ է արձակվել, աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան հաճախորդներից Հրայր Մնացականյանը:

Այսօրվա նիստում քննարկվեց Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Տիրան Խաչատրյանի Վարազդատ Հարությունյանը դատարանին ներկայացրեց Տիրան Խաչատրյանի՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունենալու տեղեկանքը. «Պատճառը եղել է արցախյան առաջին պատերազմում ունեցած վիրավորումը: Նաեւ փոխանցում եմ 2020-ին երկու ոտքերից վիրավորված լինելու փաստաթուղթը: Ես չեմ անդրադառնում Ազգային հերոս, մեդալներ, շքանշաններ…Մարդ, որ չի փախչում իր կյանքի նկատմամբ սպառնալիքից, պիտի փախուստի դիմի կամ թաքնվի անհեթեթ մեղադրական եզրակացությունի՞ց»:

Նա ասաց, որ գիտեն պատճառը, թե ինչու են Տիրան Խաչատրյանի նկատմամբ այդպիսի վերաբերմունք դրսեւորում՝ այն պահից սկսած, երբ օպերլիազորները ներխուժել են նրան ձերբակալելու:

Փաստաբանը միջնորդեց Տիրան Խաչատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառել՝ վարչական հսկողություն, տնային կալանք:

Դատավորը հարցրեց, թե որքա՞ն գրավ է պատրաստ վճարել, եթե խափանման միջոցը գրավն ընտրվի: Վարազդատ Հարությունյանը ողջամիտ գումար որպես 2 մլն դրամը նշեց: Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Եթե ողջամիտի սահմաններում լինի, բնականաբար, կվճարենք»: Հարցին, թե ո՞րն է այդ ողջամիտի սահմանը իր համար՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Դե կոնկրետ թիվը նշվեց՝ 2 մլն եւ ավելի: Եվ ավելին չի նշանակում 10, 15, 20 մլն, ես էդ հնարավորությունը չունեմ»: Դատավորը նորից ճշտեց՝ ձեզ համար ո՞րն է ողջամիտ գումարը, Խաչատրյանը պատասխանեց՝ մինչեւ 5 մլն դրամը:

Վարազդատ Հարությունյանը միջամտեց. «Պարոն գեներալի դեպքում ինքը չի վճարելու գրավը, ընկերները ինձ են մոտեցել ու ասել, դրա համար ինքը չգիտի չափը»:

Խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունների մասին որոշումը կհրապարակվի մարտի 4-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031