Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը

Մարտ 06,2024 17:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Վարչապետը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին: Այս առումով, վարչապետը կարևորել է կառավարությունների դերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի` իսլամի հետ հաղորդակցվելու երկար պատմությունը և իսլամական երկրներում հազարավոր հայերի ապաստան գտնելու փաստը:

Նիկոլ Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը:

Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար և կարևորել հանդուրժողականության ու խաղաղության ամրապնդումը նաև կրոնների միջոցով: Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև հասարակությունների միջև խաղաղ գոյակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը կնպաստի Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանն ու առաջընթացին, այդ թվում` կրոնական կրթության և մշակույթի ոլորտներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031