Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Գերմանիայի մայրաքաղաքում տանտերերը չեն կարողանում հակազդել Բաքվի սպառնալիքին, երբ խոսքը գրքի մասին է, ինչպե՞ս են հորդորում հայերիս խաղաղ համակեցությամբ ապրել»․ «Ազգ»

Մարտ 07,2024 11:11

Երեկ՝ մարտի 6-ին, Գերմանիայում երկու իրադարձություն փորձ արեց զսպել ավտորիտար կառավարվող Բաքվի՝ աշխարհի լայնահուն տնտեսական պողոտան դառնալու հավակնությունը: Առաջինը՝ Բեռլինում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցության՝ մոտ մեկ ամիս սռաջ հայտարարած « ԼՂ-ի մշակութային վտանգված ժառանգության պաշտպանությունը» վերնագրյալ միջոցառումն էր, որի առանցքը գերմանացի եւ հայ գիտնականների հեղինակած «Արցախի մշակութային ժառանգությունը» գիրքը ներկայացնելն է, քննարկում ծավալելը: Երկրորդը գերմանական հեռուստատեսության պատրաստած Ադրբեջանի կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է, որ հայերիս ծանոթ է ԵԽԽՎ-ից: Պատահակա՞ն համընկնում է, որ երկու՝ իրարից տարբեր նետ ուղղվում է միեւնույն կետին՝ Ադրբեջանի պատմակեղծարար բռնապետին, նրա կանաչ էներգիայի որոգայթին:
«Արցախի մշակութային ժառանգությունը» հատորի շնորհանդեսն ու Բաքվի ճնշումը

Փետրվարի 14-ից ի վեր այս լուրը հունից հանել է գերմանաադրբեջանցիներին, Ադրբեջանի գրպանում ապրող տարբեր հասարակական եւ բարեկամական կազմակերպություններին, իսկ որ առավել տեսանելի է՝ հատկապես Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւին, որը Արցախ բառի, հայկական ժառանգության ներկայացման դեմ հակազդելու տարբեր միջոցների դիմեց: X-ի հարթակում նույնիսկ էժանագին տարբերակից խույս չտվեց՝ հաստատության անվանման մեջ «Գերմանիայի» բառը փոխեց՝ այն «Հայաստանի արտաքին քաղաքականության ընկերակցություն » վերաձեւակերպելով: Երբ ընթացք չտրվեց Ադրբեջանի «կառուցողական»՝ բանախոսությանը նաեւ իր գիտնականներին հրավիրելու առաջարկին, Բաքվից հինունոր պատրվակը գտան՝ Բեռլինի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, այս միջոցառումը կարող է վտանգել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները: Նաեւ չմոռացան խաղարկել իրենց սիրած՝ զոհի դերը՝ միջոցառման բնույթը որակելով իսլամաֆոբ: Հենց այս շեշտադրումներով էին Ադրբեջանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ նամակ հղել վերոհիշյալ կազմակերպիչ երկու հաստատություններին: Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Բեռլինում արտոնել էին միջոցառման դեմ բողոքի հանրահավաք անցկացնելու՝ ադրբեջանցիների դիմումը: Եթե ժողովրդավար երկրում սա բնական է, ապա մեղմ ասած՝ ըմբռնելի չէր մարտի 5-ին կազմակերպիչների հայտարարությունը, թե ի հեճուկս Ադրբեջանի ճնշումների միջոցառումը տեղի կունենա, սակայն՝ միայն առցանց, քանզի մասնակիցների եւ լսարանում ներկաների անվտանգությունը չեն կարող երաշխավորել:

Ինչպիսի՜ թուլակամություն. Եթե Գերմանիայի մայրաքաղաքում տանտերերը չեն կարողանում հակազդել Բաքվի սպառնալիքին, երբ խոսքը գրքի մասին է, ինչպե՞ս են հորդորում հայերիս խաղաղ համակեցությամբ ապրել վայրենու կողքին: Չենք մոռանում, որ 2022-ի սեպտեմբերին Աղաեւին արտոնեցին հակահայկական քարոզչությամբ պաստառ լաթերը կախել դեսպանության պատերից՝ ի տես հանրության, իսկ ԳԴՀ ԱԳՆ-ից հրապարակավ որեւէ բացատրություն չտրվեց:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031